Կրնկակոխ չեմ հետևել, թե կոնյակն ով է խմել. Կամո Արեյանը՝ թանկարժեք կոնյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի բոլոր ծախսերը հիմնավորված են, ծրագրավորելուց առաջ ունենք տնտեսագիտական լուրջ հիմք: Այնպես որ մի մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն կազմվում է աչքաչափով: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե քաղաքապետարանը անհարկի ծախսեր է կատարում՝ հատկապես վերջերս մոտ 20 մլն դրամով գնած կոնյակը և թանկարժեք բաժակները:

«Քաղաքապետարանում նստած են մարդիկ, ովքեր այդ բյուջեն կազմում են դասակարգմանը համապատասխան»,- ասաց փոխքաղաքապետը:

Լրագրողներից մեկի հարցին՝ ո՞վ է օգտվել այդ թանկարժեք կոնյակից, Կամո Արեյանը պատասխանեց. «Այդպես կրնկակոխ չեմ հետևել, թե կոնյակն ով է խմել»:

Իսկ դրսից եկած պատվիրակությունների անդաներին նվիրած թանկարժեք բաժակների մասով Կամո Արեյանն ասաց, որ Երևան քաղաքը ոչ մի երկրից պակաս չէ. «Էրեվան քաղաքն էլ գավառական հոգեբանությամբ  չի տառապում: Իր եկած հյուրին Էրեվան քաղաքը գիտի պատվով ընդունել ու պատվով ճանապարհել: Ես իհարկե շատ կուզենայի, որ Երևան քաղաքն ունենար շատ առատ բյուջե»:

Լրագրողի դիտարկմանը, թե ավելի առատ լինե՞ր, որ ավելի թանկանոց կոնյակ խմեիք, Արեյանը վրդովվեց. «Արդեն զավեշտի ես վերածում: Քո նման հազարներին դաս եմ տվել, զավեշտի մի վերածի: Մասնագիտությանդ մեջ մնա կոռեկտ ու մի լազվի»:

Կամո Արեյանը դժգոհեց, որ լրագրողներն «իրենց տներից» հարցեր են բերել. «Էլ ինչ հարցեր եք բերել ձեր տներից, տվեք»:




Լրահոս