ԾԵԾԵՑԻՆ ՈՒ ՀԵՌԱՑՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 4-ին 117 (ներկայում 76) համարի երթուղայինի տնօրեն 32-ամյա Արտակ Ավետիսյանը եւ կարգավարը (դիսպետչերը) ծեծի էին ենթարկել նույն համարի վարորդ Արմենին: Ծեծի ենթարկված վարորդն աշխատանքից հեռացվել է տնօրենի թեթեւ ձեռքով: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց երթուղայինի տնօրենը՝ պատճառաբանելով, որ նրա հետ աշխատել այլեւս հնարավոր չէր:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից հայտարարություն էր տարածվել, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 16:30-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 շենքի բակում վիճաբանության ժամանակ երթուղային տաքսիներից մեկի տնօրենն ու կարգավարը հարվածել են իրեն եւ մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ: Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:20-ին, հիշյալ երթուղու տնօրենը եւ կարգավարը բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
«Ժողովուրդ»-ը եղավ 117 համարի վերջնակետում՝ պարզելու, թե ինչն է եղել միջադեպի պատճառը: Վարորդներից շատերը հրաժարվեցին մեկնաբանել, եւ ինչպես իրենք հավաստիացրին, ոչնչից տեղյակ չեն: Կարգավար Վարուժանը, որը մեր՝ վերջնակետում լինելու պահին իր աշխատանքն էր կատարում, խիստ զարմացավ մեր ներկայությունից եւ չցանկացավ խոսել` պատճառաբանելով, որ ոչնչից տեղյակ չէ: «Մի երկու օր է, ինչ գործի եմ անցել, ու ոչ մի բան չգիտեմ»,-ասաց Վարուժանը՝ նշելով, թե նման միջադեպ իրենց մոտ չի գրանցվել:
Տեղեկացանք նաեւ, որ տնօրենն ու կարգավարը հարցաքննվելուց հետո դուրս են եկել ոստիկանությունից:
«Աշխատանքային տարաձայնություններ են եղել, ես իրեն չեմ ծեծել, ընդամենը մի հատ հարվածել եմ ու վերջ: Այդ միջադեպից հետո նրան աշխատանքից հեռացրել եմ, քանի որ իր հետ այլեւս հնարավոր չէր աշխատել»,-ասաց տնօրենը` չցանկանալով այլ մանրամասներ ներկայացնել:
117 համարի երթուղայինի վարորդ Գագիկը նշեց, որ շատ լավ է ճանաչում ծեծի ենթարկված 26-ամյա Արմենին, եւ նրա բնորոշմամբ` Արմենը ոտքից գլուխ «պրոբլեմ» է. «Տնօրենն  իմ լավ ընկերն է: Ես շատ լավ եմ ճանաչում նրան: Նա բոլորիս հետ շատ լավ հարաբերությունների մեջ է: Չգիտեմ, թե ինչն է եղել վեճի պատճառը, բայց Դուք ինչպե՞ս կվարվեք մեկի հետ, որ տանի, երթուղայինը ջարդուփշուր անի, թողնի այդպես վնասված ու հեռանա: Արմենը սրիկա է, ու ես վախենալու ոչինչ չունեմ, եւ այն, ինչ ասում եմ Ձեզ, կարող եմ ասել նաեւ իր դեմքին»,-նշեց նա: Մեր այն հարցին, թե արդյոք մեքենայի վնասված լինելու հանգամանքն է եղել միջադեպի պատճառը, վարորդը չցանկացավ մանրամասնել:
Փորձեցինք նաեւ կարգավարից, տնօրենից, ինչպես նաեւ վարորդներից ճշտել Արմենի վիճակի մասին, ինչպես նաեւ բնակության հասցեն, սական վերջիններս ասացին, որ ոչ մի կապ չունեն նրա հետ եւ ոչինչ չեն կարող ասել: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` իրականում վարորդ Արմենը «քցել» է տնօրեն Արտակ Ավետիսյանին, ինչի արդյունքում էլ վերջինս ծեծի է ենթարկել վարորդին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս