Armlur.am-ն արդեն գրել է, որ այսօր Նաիրիտ գործարանի աշխատակիցները Ազգային ժողովի դիմաց էին հավաքվել, որտեղ իրենց մոտեցան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նաիրիտցիները պատգամավորներին ներկայացրեցին իրենց մտահոգությունները` կապված այս խնդիրների հետ: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին խոստացան հարցերը բարձրաձայնել Ազգային ժողովում և լինել նաիրիտցիների կողքին: Ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը պատգամավորներին, որպես իրենց կողքին կանգնած քաղաքական ուժ, առաջարկ արեց ամեն ակցիաների ժամանակ ներկայացուցչիչներ լինեն: Վահան Բաբայանն էլ ասաց, որ իրենք կլինեն նաիրիտցիների կողքին և հիշեցրեց, որ ամեն ակցիաների ժամանակ իրենք մոտենում են հավաքված նաիրիտցիներին:
Սակայն, պետք է նաև նշել, որ գործարանի աշխատակիցներից մի քանիսը վրդովվեցին, քանի որ չէին հավատում պատգամավորներին խոսքերին: «Ի՞նչ եք կանգնել խոսում, իրենք իբր հարց լուծո՞ղ են»,- վրդովված ասաց նրանցից մեկն ու հեռացավ:
Նաիրիտցիները նախատեսում են մոտական օրերին հանդիպում նախաձեռնել կամ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի կամ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Քրիստինա Աղալարյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: