Այսօր լրագրողները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ինչն է խանգարում, որպեսզի դատախազը գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն ընդունի որպես հաղորդում հանցագործության մասին: Ի պատասխան նա նախ նշեց, թե ոչ մի բան չի խանգարում, ապա հավելեց, որ այս դեպքում չի գործում քրեական դատավարության 179 հոդվածը:
«Ոչ մի բան էլ չի խանգարում: Խնդիրն այն է, որ մենք խոսում ենք ֆիզիկական անձի հաղորդման և զանգվածային լրատվության միջոցների հաղորդման մասին: ԶԼՄ-ներն իրենց հաղորդման կամ հայտարարությունների հիմքում դնում են կոնկրետ ֆիզիկական անձի տված տվյալը, այսինքն` «ինչպես ասում է Պողոս Պողոսյանը», հետևաբար, այստեղ չի գործում քրեական դատավարության 179 հոդվածը, որովհետև, ըստ էության, հաղորդում տված անձը ֆիզիկական անձն է, ոչ թե լրատվամիջոցը:
Հետևաբար, այստեղ կիրառվում է ֆիզիկական անձի նկատմամբ պատասխանատվության կիրառումը: Երբ լրագրողը որևէ լրատվամիջոցում որևէ տվյալ կամ հանցագործության մասին հաղորդում է տրամադրում` վկայակոչելով կոնկրետ ֆիզիկական անձի, այս ժամանակ արդեն նյութերի նախապատրաստման ընթացքում հրավիրվում է տվյալ ֆիզիկական անձը»,- նշեց Գլխավոր դատախազը: