Ստյոպա Սաֆարյանը կպահանջի թիվ 1 ընտրատարածքում չեղյալ համարել ՀՀԿ-ական թեկնածուի գրանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբը պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Ընտրատարածքային հանձնաժողով՝ պահանջով, որպեսզի չեղյալ համարվի այս ընտրատարածքում առաջադրված Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանի թեկնածության գրանցումը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքի պահանջների բազմակի խախտումներ:
“Ունենք լուսա և տեսա նկարահանված տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնց տարածքում տեղակայված է մրցակցի նախընտրական շտաբը, ինչն արգելվում է: Այսինքն՝ ընտրական տեղամասի շենքում չեն կարող լինել թեկնածուների նախընտրական շտաբեր: Մենք այդպիսիք մի քանի հատ արդեն տեսանկարահանել ենք”,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը նշեց նաև, որ Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբերը ակնհայտորեն ավելին են, քան 35-ը, մինչդեռ Ընտրական օրենսգրքով՝ թեկնածուի նախաընտրական շտաբի անդամների թիվը չպետք է գերազանցի ընտրական տեղամասերի թիվը, որոնք 35 են:
“ժառանգության” թեկնածուի շտաբը ոստիկանությունից պահանջել է թիվ 1 ընտրատարածքի և ողջ հանրապետության կտրվածքով ընտրողների ցուցակները, սակայն երկրորդ պահանջը մերժվել է:
Պատգամավորի թեկնածուն մանրամասն ներկայացրեց այն մեխանիզմները, որոնց գործադրմամբ Ավանում պտտվում է ընտրակաշառքը: Այն մոտավորապես հետևյալն է. իշխող կուսակցության ներկայացուցիչները կազմում են տվյալների բազա, այն բաժանում ըստ հասցեների, բանավոր զրույցների ժամանակ հետախուզում, թե ում են ընտրելու: Եթե պարզվում է, որ իրենց թեկնածուին են ընտրելու, ապա փող չի առաջարկվում, իսկ եթե ոչ՝ գործի են դրվում համոզելն ու փող բաժանելու խոստումը: Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ կան արդեն “պայմանավորված” և “ընտրակաշառքային” ցուցակներ: Չնայած սրան, Ավանում այս անգամ քարոզարշավն, ըստ “Ժառանգության” պատգամավորի անցնում է առանց խոչընդոտների: 




Լրահոս