Գյումրիի ռազմաբազայում չլուծված ներքին խնդիրներ կան. Սուքիաս Ավետիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում  նախ պետք է կարգավորվեն կարգապահական խնդիրները, իսկ հետո՝ մնացած հարցերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` անդրադառնալով երեկ ռազմաբազայում տեղի ունեցած սպանությանը:  Նա հավելեց, թե ռազմաբազայում առկա են ներքին չլուծված խնդիրներ:

«Փաստը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունենում ռազմաբազայի ծառայողների մասնակցությամբ, ավարտվում են սպանությամբ կամ այլ հանցագործությամբ, ինչը հարիր չէ և պատիվ չի բերում ռազմաբազային: Այդ պահվածքը կանոնակարգի կոպիտ խախտում է, որի համար պետք է և՛ ՌԴ համապատասխան գերատեսչությունները մտահոգվեն, և՛ Հայաստանի»,- ընդգծեց նա:

Այն հարցին, թե ինչո՞ւ գյումրեցի պատգամավորներն ու պաշտոնյաները չեն համախմբվում ու ռազմաբազային կամ ՌԴ դեսպանությանը պահանջ ներկայացնում, պատգամավորը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ մենք նման մի բան չենք նախաձեռնել, ո՞վ է ասում, որ մենք չենք դիմել: Մենք այդ թեման քննարկել ենք ինչպես Ռազմաբազայի ղեկավարության, այնպես էլ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների հետ, բայց պարտադիր չէ, որ բոլոր այդ քննարկումների մասին մենք բարձրաձայնենք»:

«Ռազմաբազան դուրս հանել Գյումրիից կամ Հայաստանից, դա բացառվում է: Ով այդպես է կարծում, դա սխալ տեսակետ է, և նա չի մտածում Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի մասին: Պարզապես կարելի է պահանջ ներկայացնել, որ նրանք ավելի լուրջ վերաբերվեն իրենց ռազմաբազաներին ու աշխատանքին», – հավելեց գյումրեցի պատգամավորը:




Լրահոս