ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ում աշխատանքները մեծ հետաքրքրություն են վայելում նաեւ արտերկրում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ թեեւ արվեստասերներն այսօր Հայաստանում քիչ չեն, սակայն մեզ մոտ նկատվում է արվեստի նկատմամբ անտարբերություն, իսկ, ահա, դրսում մարդիկ գիտեն սիրել եւ զարմանալ: Նրա խոսքով` սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների պատճառով մարդկանց շրջանում մթագնել է հույսը:
-Պարո՛ն Շմավոնյան, Ձեր կտավների շարքում մեծ տեղ ունեն բնանկարները. այս եղանակին գնո՞ւմ եք բնության գիրկը` նոր նկարներ ստեղծելու, առաջիկայում ցուցադրություններ ունե՞ք:
-Այո՛, գարնանից ամառ այս անցումային փուլը հրաշալի է, եւ ես նախընտրում եմ դուրս գալ բնության գիրկը, արդեն ունեմ մի քանի նոր կտավներ գարնանային եւ ամառային թեմաներով: Իմ նախընտրելի վայրերն են Արարատյան դաշտն ու Վայքը` Եղեգնաձորը: Ինչ վերաբերում է ցուցադրություններին, հավանաբար, ԱՄՆ-ում տարեվերջին կունենամ ներկայանալու առիթ: Այնտեղի հիվանդանոցներից մեկում փակցվելու է իմ նկարներից մեկը, եւ լինելու է ցուցահանդես:
-Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում էլ է փակցված Ձեր «Հույս» կտավը: Հիվանդանոցներում ինչպիսի՞ նկարներ պետք է տեղ գտնեն:
-Ձեր ասած կտավում արտացոլված է հենց հույսը, լավի ակնկալիքը, ինչն այնքան անհրաժեշտ է հիվանդներին: Հիվանդանոցում փակցվող նկարը պետք է մաքրի մարդու ներսը, գույների ու հաղորդվող էներգետիկայի շնորհիվ մարդ պետք է մի պահ մոռանա իր հոգսերի մասին: Հայտնի է նաեւ, որ գեղեցիկ պատկերը թոթափում է մարդու հոգնածությունն ու սթրեսները, ապրեցնել է տալիս:
-Ձեր կտավները փակցված են նաեւ ԱՄՆ-ի Սենատում: Ամերիկացիներն ինչպե՞ս են ընկալում հայկական շունչը, կովկասյան ձեռագիրը:
-Ես այն համոզման եմ, որ աշխարհում կա միայն գեղեցիկի շունչը` բոլոր ժողովուրդների համար. գեղեցկությունը մեկն է աշխարհիս երեսին, եւ կա մի սահման, որից հետո վերանում է ազգային պատկանելությունը: Եվ, ընդհանրապես, կարեւոր չէ, թե դու ինչ ես նկարում, կարեւոր է, թե ինչպես ես նկարում. դա է մարդկանց հետաքրքրում:
-Իսկ հայ ակնդրին ինչո՞վ է հնարավոր զարմացնել:
-Ամեն մեկն էլ նույն սպասելիքն ունի կտավից. նոր շունչ է ուզում տեսնել եւ պատկերների միջոցով լրացնել սիրո պակասը, որ ինքն ունի: Հսկայական է նաեւ գունային էներգիայի ազդեցությունը եւ դիտողի ու կտավի ակնթարթային կոնտակտը: Ինքն է ու նկարը. ահա, այդ կոնտոկտը ապահովելով եւ զգայական տարածությունը հատելով է հնարավոր զարմացնել եւ «լցնել» ակնդրին: Բայց այսօր մեզ մոտ երբեմն մարդկանց շրջանում ֆիքսում եմ անտարբերություն, այնինչ, օրինակ` դրսում ամերիկացիները գիտեն սիրել եւ զարմանալ. մարդիկ ունեն այդ ժամանակը, հնարավորությունը: Իհարկե, մեզ մոտ էլ կան այդպիսիք, սակայն, ցավոք, ժամանակները փոխվել են, եւ մարդկանց մոտ սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների պատճառներով մթագնել է հույսը:
-Դիմանկարներ ստեղծո՞ւմ եք:
-Երբեմն:
-Կա՞ մի բան, որ համատարած առկա է հայերիս դեմքին:
-Իհարկե, փողոցով քայլելիս էլ նկատում եմ, որ քչերն են հանգիստ, ժպիտով, ծիծաղով, անհոգ: Իսկ մարդու հոգեկան վիճակն անմիջապես արտացոլվում է նրա դեմքին: Չեմ սիրում այդ «թթվածությունը». մեղք է մեր ժողովուրդը: Իսկ ուրիշ երկրներով քայլում ես, տեսնում ես` մարդիկ փարթամ, հանգիստ, շփվող, մեզ մոտ նայում ես` դեռ երիտասարդ են, բայց արդեն կնճիռներ ունեն. շատերը հոգնած են ու դժգոհ:
-Այդ վիճակից, թերեւս, նկարիչն էլ է ընկճվում, հատկապես, երբ վերջինս ինքն էլ ունի իր բազում հոգսերը…
-Յուրաքանչյուր նկարիչ այսօր կարող է ավելի շատ ու լավ աշխատել, բայց այսօրվա վիճակը նրան շատ է ընկճում: Տեսեք, օրինակ, դերասանը բեմի վրա խաղում է ու գնում, գրողին մեկ թուղթ ու գրիչը բավական է, որ ստեղծագործի, բայց, ահա, նկարչին կտավ ստեղծելու նպատակով համապատասխան նյութեր ձեռք բերելու համար մեծ գումարներ են պետք… Եվ հետո՝ սոցիալ-տնտեսական վատ վիճակը նկարչին հոգեպես էլ է ճնշում: Ինքս ձգտում եմ միշտ ավել ժամանակ գտնել, ներաշխարհս հանգիստ պահել, որպեսզի նորանոր գործեր ստեղծեմ…
«ՖԻԼՄՆ ԻՄ ՃԱՇԱԿՈՎ ՉԷ, ԵՍ ԱՅՆ ՉԷԻ ԴԻՏԻ»
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկյան արտադրության «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էին գլխավոր դերակատարներ Արման Նշանյանը, Ջեսիկա Ուբերուագայը, Փոլ Սլոնը, Մայք Հեթոնը: Ցուցադրությունից հետո համացանցում բուռն քննարկումներ ծավալվեցին: Ֆիլմը դիտողներից ոմանք սոցցանցերում գրեցին, որ այն ուղեկցվում էր «արյունոտ, զզվելի տեսարաններով, մերկ աղջիկների խաղով»: Օգտատերերն անգամ նշել էին, որ ֆիլմը կարելի է համարել տապալված, քանի որ ոմանք զայրույթից լքել էին դահլիճը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ֆիլմի դերակատարներից Արման Նշանյանի հետ, ով նախ բացատրեց, որ դա ֆիլմի պրեմիերա չի եղել, եւ ֆիլմը չի հանձնվել հայ հասարակության դատին, ու թեեւ դահլիճում ներկա է եղել 250 հոգի, դա եղել է ընդամենը փակ ցուցադրություն: Նրա խոսքով` դահլիճը լքողներ էլ չեն եղել:
Ոմանց հետաքրքիր է` եթե դա ընդամենը փակ դիտում էր, ինչու էր Արման Նշանյանը ներկայացել նման շքեղ տեսքով, քայլել կարմիր գորգի վրայով եւ այլն. «Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է Լոս Անջելեսում, իսկ երկրորդը նկարահանվում է Հայաստանում: Ըստ սյուժեի` գլխավոր հերոսները ներկայանում են ֆիլմի պրեմիերայի, ուստի հենց կարմիր գորգի վրա էլ տեղի են ունեցել ֆիլմի երկրորդ հատվածի նկարահանումները: Թե չէ ես ինչու պետք է էդպես «շուխուրով» ներկայանայի այդ ֆիլմի դիտմանը: «Վրիժառուի օրագիրը» նախատեսված չէր ցուցադրել Հայաստանում, պարզապես ես պրոդյուսերի հետ մտերիմ եմ, եւ նա զիջեց»,-մեկնաբանեց Արման Նշանյանը:
Ինչ վերաբերում է հնչած քննադատություններին, դերասանը խորհուրդ տվեց «Վրիժառուի օրագիրը» չհամեմատել «համաշխարհային շեդեվրների» հետ` դա համարելով տգիտության հետեւանք. «Տարանտինոյի ֆիլմերում էլ շատ տեսարաններ կան, որոնցում արյունը չափազանց շատ է, բայց դա իր ոճն է, ԱՄՆ-ում դա ընդունված երեւույթ է: Իմ կերպարն ինձ դուր է եկել, բայց ասեմ, որ ես էլ եմ աշխատել դրա վրա, սկզբում այն մակերեսային, դատարկ կերպար էր, շատ վուլգար բաներ էին գրված, շատ բաներ ես փոխել եմ, ավելացումներ եմ արել»,-ասաց նա:
Արման Նշանյանը հիշեցրեց, որ ֆիլմը էքշըն ժանրի է, եւ անկեղծացավ. «Սա իմ ժանրի ֆիլմ չէ, իմ ճաշակի ֆիլմ չէ, չեմ ստի եւ կասեմ, որ ես տոմս չէի գնի եւ դիտեի այս ֆիլմը, բայց, համենայն դեպս, համեստ բյուջեով հոլիվուդյան արտադրանք է. ով ոնց ուզում է` թող հասկանա»:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ