Քանի դեռ Հայաստանի դատական իշխանության ղեկն իր ձեռքն է վերցրել Արման Մկրտումյանը, որն անգամ հարազատ հոր հետ խնդիրներ ունի, իսկ ենթակաները Ռուբեն Ներսիսյանի նման կամակատարներն են, դժվար թե հնարավոր լինի դատական ճանապարհով արդարության հասնել: Նրանց համար օլիգարխիան գնահատելի է ավելի, քան սեփական արժանապատվությունը:
Հիմա կոնկրետ օրինակով բացատրենք, թե ինչ է պատահել: «Ժողովուրդ»-ի ընթերցողը լավ ծանոթ է, որ 2012 թվականի դեկտեմբերից օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում « X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ) ածականով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել էր «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն էր, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ էր իրացրել հայկական շուկայում: Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը:
Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի: Դարձյալ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները՝ «Ժողովուրդ»-ի լրագրողը զանգահարել էր գործարար Խաչատրյանին, սակայն վերջինս պատասխանելու փոխարեն հայհոյել էր լրագրողին, ինչն էլ դարձավ դատական գործընթացների պատճառ:
Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը, չհամակերպվելով իր պարտության հետ, բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության:
Եւ, ահա, նույն դատարանի մեկ այլ դատավոր Ռուբեն Ներսիսյանը գերարագ ռեժիմով վճռեց տուրք տալ օլիգարխիային: Նա ակնհայտ կասկածելի ջերմություն ցուցաբերեց Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ եւ նույնիսկ այն աստիճան էր տարվել հայտնի գործարարի քմահաճույքներով, որ մոռացավ ՀՀ գերագույն դատարանի կայացրած կարեւորագույն որոշումներից մեկը: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2011-ին կայացրեց մի որոշում, ըստ որի՝ «վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»:
Դատավոր Ներսիսյանը անտեսելով «մայր դատարանի» կայացրած որոշումը՝ վճռեց պարտադրել «Ժողովուրդ» օրաթերթին որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ: ԴԱՀԿ-ն էլ՝ Միհրամ Պողոսյանի գլխավորությամբ, իր հերթին է 114.150 դրամ բռնագանձելու մասին որոշում կայացրել: Արդյունքում երեկվա դրությամբ «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները 1 մլն 897 հազար 150 դրամի չափով գտնվում են արգելանքի տակ: Սառեցված են նաեւ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի բանկային հաշիվները: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած բոլոր բողոքները հերթով մերժվեցին: Դատարաններում հնարավոր չեղավ ապացուցել, որ ժամկետանց ձու վաճառող ընկերության սեփականատերը հայհոյել է մեր լրագրողին, երբ վերջինս նրան զանգահարել էր՝ հարց տալու համար:
Այն, որ Ռ. Ներսիսյանի կողմից կայացված վճիռը որեւէ աղերս չունի տրամաբանության, օրինականության հետ, դրանում որեւէ կասկած չկա: Այս դատավորի մուրճի հարվածով ընդամենը չհիմնավորված մի փաստաթուղթ է օրենքի ուժ ստացել, որը օրաթերթի անխափան գործունեությունը խոչընդոտելուն միտված հստակ քայլ է: Այսպիսի մեծ տուգանքը անհամաչափ է այն եկամուտներին, որը ապահովում է օրաթերթը իր գործունեությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան մամուլի ազատության խոչընդոտ՝ ֆինանսական ճնշումների տեսքով (չի բացառվում, որ տպարանին փոխանցվելիք գումարի ուշացման պատճառով օրաթերթը լույս չտեսնի):
Ու քանի որ մոտ 2 մլն դրամը մեր խմբագրության համար բավականին մեծ գումար է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի եւ armLur.am-ի խմբագրակազմը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, հույս չունենալով, որ հնարավոր է դատական իշխանության միջոցով այլեւս արդարության հասնել, որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, որպեսզի հնարավոր լինի ապահովել օրաթերթի եւ armLur.am-ի կայքի անխափան գործունեությունը (այսպիսով խնդիրն, իհարկե, ընդամենը մասնակի կլուծվի):
Մենք չենք նահանջելու եւ շարունակելու ենք հանդես գալ նորանոր բացահայտումներով Հայաստանի եւ հայ ժողովրդին կեղեքելու գնով հարստացող չինովնիկների, գործարարների ու գործարարի անվան տակ թաքնված թալանչիների մասին: Մեր ուշադրությունից չի վրիպելու նաեւ հենց Խաչիկ Խաչատրյանը, որը չբավարարվելով իր ունեցվածքով՝ հիմա էլ Սյունիքի թռչնաֆաբրիկան խլելու փորձեր է անում: Դժվար թե նրան փրկեն բարձրաստիճան «պապաներն» ու դատական կամակատարները: «Ժողովուրդ» օրաթերթին փողով լռեցնելն անհնար է:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ