Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 30-ին մասնակցել է «Համագործակցության կարողությունների զարգացում» խորագրով համաժողովին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը, Փի-էյչ Ինտերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում համագործակցության մեխանիզմների զարգացման և համագործակցության խորացման հետ կապված մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես առանձնացվել են պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի, վերականգնողական կենտրոնի, քրեակատարողական համակարգի գործունեության շրջանակներում շահագրգիռ գործընկեր կառույցների, հասարակական և համայնքային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային ուղղությունները:
Սուրեն Քրմոյանը, խոսելով առաջիկայում ներդրվելիք պրոբացիոն ծառայության մասին, նշել է, որ այլընտրանքային պատժի այս տեսակը նպատակ ունի վերաինտեգրելու, վերասոցիալականացնելու հանցագործություն կատարած անձին հասարակության մեջ, որտեղ էլ վերջինս շարունակելու է ապրել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը կարևորել է պետական այլ մարմինների, ինչպես նաև հասարակական և համայնքային կառույցների ներգրավվածությունը պիլոտային ծրագրի իրականացման, ապա նաև պրոբացիոն ծառայության արդյունավետության գործում:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև կալանավորված, դատապարտված և պատժից ազատված անձանց զբաղվածության ապահովման և պատժից ազատված անձանց վերաինտեգրման խնդիրներին:
Համաժողովն իրականացվել է Փի-էյչ Ինտերնեշնլ կազմակերպության հայկական մասնաճյուղի աջակցությամբ «Համայնքային կապեր և նախաձեռնություններ՝ ի նպաստ իրավական սոցիալականացման» ծրագրի շրջանակում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն