«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկվանից այլեւս չի գործում Երեւան-Վարշավա-Երեւան ավիաչվերթը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Լոթ» ընկերությունը, որը սպասարկում էր նշված չվերթը, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ընկերության տնօրինությունը որոշում է կայացրել դադարեցնել նշված չվերթը: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է «Լոթ» ընկերության տնօրեն Աղվան Գրիգորյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի իր ղեկավարած ընկերությունը:
Մեր հեռախոսազանգերին պատասխանում են նրա աշխատակիցներն ու հայտարարում, որ Աղվան Գրիգորյանը շատ զբաղված է կամ խորհրդակցություն է անցկացնում: Երկու օր շարունակ «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձում է ճշտել նաեւ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից: Վերջինս եւս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին նա էլ Հայաստանում չէ: