Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կողմ է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ անցկացվող ցույցերին և պատրաստ է օգնել այդ հարցում, սակայն այլ նպատակների համար պայքարը, օրինակ Մայդանի, ճիշտ չի համարում:
Armlur.am-ի հետ զրույցում Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանը Մայդանին չի դիմանա: Անդրադառնալով ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի՝ Հայաստան վերադարձին` Եղիազարյանը նշեց, թե դրա պատճառն անցկացվելիք աուդիտն է:
– Երեկ տեղեկություն է տարածվել, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը վերադարձել է Հայաստան: Մինչ այդ նշվում էր, թե նա կարող է ազատվել աշխատանքից, նույնիսկ պատժվել: Ձեր կարծիքով` ո՞րն է պատճառը, որ նման բան տեղի չունեցավ և Բիբինը վերադարձավ: Արդյոք հայկական կողմը չի ցանկանում նեղացնել Ռուսաստանին:
– Լավ եղավ, որ ինքը վերադարձավ, որովհետև աուդիտ է լինելու: Լավ կլինի, որ այդ աուդիտի մյուս կողմը հենց ինքը ներկայացնի: Ռուսաստանին նեղացնելու խնդիր այստեղ չեմ տեսնում:
– Իսկ ըստ Ձեզ ո՞րն է պատճառը, որ նա վերադարձավ:
-Իմ կարծիքով, հենց նշանակված աուդիտը: Աուդիտ պետք է լինի և նա պետք է պատասխան տա:
– Վերջերս «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել և ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակի համար մեղադրում էր հայկական կողմին: Իսկ ՀԾԿՀ-ն էլ իր հերթին պատասխանեց ռուսական կողմին: Ի՞նչ եք մտածում այս մեղադրանքների մասին:
-Ես մտածում եմ, որ այստեղ կորուստների խնդիրն ուղղակի գրպանման խնդիր է: Մեկ տարի առաջ 30 դրամով արդեն իսկ թանկացրել են, հիմա նորից 17 դրամ: Բիբինը ընդամենը միջնորդ է, որը գնում և վաճառում է հոսանքը: Միջնորդի հետ կապված բազում խնդիրներ կառաջանան հետագայում: Ինչ գնով է նա գնել, ումից. սա էլ է շատ կարևոր: Այնպես որ մինչև խորը վերլուծություն չլինի, իմ կարծիքով, ոչ մեկը լիիրավ պատասխան տալ չի կարող, թիվ չի կարող ասել` որ կողմն է ավելի ճիշտ՝ հայկական, թե ռուսական:
– Բաղրամյան պողոտայում շուրջ 2 շաբաթ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Եվ այդ ընթացքում իշխանությունները կես քայլ էին կատարել: Ի՞նչ եք կարծում` այժմ ինչպես պետք է շարունակել պայքարը:
-Դուք շատ բարդ հարց ինձ տվեցիք: Նայած ով ինչի համար է պայքարում: Եթե պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի համար, ես երկու ձեռքով կողմ եմ այդ պայքարին և ինչով կարող եմ կօգնեմ, բայց եթե պայքարում են ուրիշ նպատակների համար, կոնկրետ հարցնեք` որ նպատակի, ասեմ Մայդանի: Որովհետև Մայդանի դեպքում առաջին իսկ վայրկյանում, առաջին րոպեներում մենք կկորցնենք Արցախը և Հայաստանը Մայդանին չի դիմանա:
Արփինե Թովմասյան