Ամանորին հաշվված օրեր են մնացել: Շուտով առավել կաշխուժանա ամանորյա եռուզեռը, եւ այս առիթով հետաքրքիր էր իմանալ՝ ինչ արտասովոր պատմությունների մեջ են հայտնվել հայտնի մարդիկ:
ՀԱՐՑ. Կհիշե՞ք՝ Նոր տարվա գիշերն ինչ հետաքրքիր եւ արտասովոր դեպք է պատահել Ձեզ հետ, որը երբեք չեք կարողանում մոռանալ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր տանը միշտ Նոր տարվա գիշերը եւ հաջորդ օրերը շատ բազմամարդ է լինում: Այդպես է եղել իմ մանկության տարիներից: Հստակ չեմ հիշում, որ տարին էր, սակայն հունվարի 2-ին դռան զանգը տվեցին, եւ մի խումբ մարդիկ, արդեն լավ գինովցած, ներս եկան ու սկսեցին շնորհավորել: Ես եւ եղբայրս էինք տանը, մեծերը հյուր էին գնացել: Չերկարացնելու համար ասեմ, որ մոտ երեք ժամ ուտել-խմելուց հետո պարզվեց, որ նրանք մեզ հետ ոչ մի կապ չունեին, ծանոթ էլ չէին մեզ, այլ շփոթել էին թե՛ շենքը, թե՛ հարկը… Իսկ մենք էլ մտածել էինք, թե մեր ծնողների աշխատանքային ընկերներն են… Ասեմ միայն՝ շատ լավ մարդիկ էին ու քեֆ-ուրախություն սիրող:
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. 1992 կամ 1993 թիվն էր, այդքան լավ չեմ կարող հիշել, բայց ինձ համար ամենադաժան Ամանորն էր: Ես նոր էի վերադարձել արտերկրից Հայաստան: Գիտեք, ո՛չ լույս կար, ո՛չ բան կար. ահավոր վիճակ էր, ու որոշել էի ծնողներիս հետ անցկացնել Ամանորը: Մեր սեղանին այդ ժամանակ կարմիր բիբար էր եփված դրված, ու ամեն ինչ այնքան խառը վիճակում էր: Երբ նստեցինք Նոր տարվա սեղանի շուրջ, հայրիկիս ասացի, թե չեք ափսոսում ձեր սովետական տարիները, հայրս ասաց՝ միգուցե մենք ափսոսանք, բայց մեր ափսոսանքի համար շատ ավելի ուշ մարդիկ կարող է շնորհակալ լինեն: Ցավում եմ, բայց այդ տարիների տանջանքի ու դժվարության համար հիմա ոչ ոք շնորհակալություն չի հայտնում: Փաստորեն, զուր անցավ այդ տառապանքը, եւ շնորհակալություն հայտնողներ դեռ չկան: Ափսոս:
ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության փոխնախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարվա Ամանորը շատ տխուր է լինելու ինձ համար: Առաջին Նոր տարին առանց մորս:
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Հայաստանի թատերական գործիչների
միության նախագահ
շարունակելի
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ