Լրատվամիջոցների դեմ պարբերական ուղղակի և անուղղակի հարձակումները դարձել են վարչախմբի վարքագծի անբաժան մաս. ՀԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավել «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինե Խանումյանին, ով նաև հանդիսանում է ilur.am կայքի խմբագիրը: Առիթը կայքի կողմից հրապարակված նյութն է, համաձայն որի՝ Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը հարբած վիճակում բռնություն է կիրառել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Տվյալ լուրի աղբյուրը բացահայտելու դատարանի պարտադրող ապօրինի վճռից հետո ՀՀ Քնչական կոմիտեն այժմ քրեական գործ է հարուցել կայքի խմբագրի նկատմամբ: Համաձայն ՀՀ օրենսդրության, աղբյուրի բացահայտումը հնարավոր է միայն ազգային անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքի կամ հանցագործության կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով: Այս կոնկրետ գործում, որում սանձարձակ պաշտոնյա-իրավապահի կողմից բռնության է ենթարկվել քաղաքացին, օրենքում մեջբերված այդ հանգամանքները իսպառ բացակայում են:
Ամբողջ աշխարհում աղբյուրի խորհրդապահության ինստիտուտը համարվում է լրագրողական մասնագիտության սրբության սրբոցը: Չլիներ այն, այսօր աշխարհի որևէ երկրում բացահայտված չէին լինի և հասարակությունների սեփականությունը չէին դառնա իշխանությունների կողմից գործված հանցանքների, ապօրինությունների և իշխանազանցությունների մասին բազում փաստեր:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է iLur.am կայքի վրա Սերժ Սարգսյանի ղեկավարած վարչախմբի այս հերթական ապօրինի արշավը: Լրատվամիջոցների դեմ պարբերական ուղղակի և անուղղակի հարձակումները դարձել են վարչախմբի վարքագծի անբաժան մաս: Գործող իշխանությունների համար գեթ մեկ՝ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոց անքնության առարկա է և խոչընդոտ իրենց երազած բացարձակ ամենաթողության ճանապարհին: Դա է պատճառը, որ վարչախումբը չի խորշում նույնիսկ իրավական առումով կատարյալ անգրագետ ու ապօրինի մեթոդներից՝ ճնշելու համար լրագրողական ազատությունները երկրում:
Կոնգրեսը կոչ է անում տեղական և միջազգային իրավապաշտպան ու լրագրողական ընկերակցություններին իրենց սկզբունքային կեցվածքով սատար կանգնել թիրախ դարձած լրատվամիջոցին ու լրագրողին:




Լրահոս