ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում ինքնաթիռով «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել է 29 հազար 542 մարդ: Հարկ է նշել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը ամռան ամիսներին ամենացածրն է լինում: Սովորաբար այդ ցուցանիշը հուլիսի արդյունքներով ավելի է իջնում:
Այս հանգամանքը պայմանավորված է այն փաստով, որ արտերկրում բնակվող մեր այրենակիցներից շատերը ամռան ամիսներին գալիս են Հայաստան, ինչի շնորհիվ մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը նվազում է: Այդ ցուցանիշի օբյեկտիվ պատկերը արտացոլվում է միայն հոկտեմբերի սկզբին, երբ արդեն հայտնի են դառնում սեպտեմբերի արդյունքները:
Ի դեպ, ուշագրավ է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալները նվազել են: Այս տարի երկու օդանավակայաններով մեկնել եւ ժամանել է ընդհանուր 844 հազար 660 ուղեւոր: Իսկ անցած տարի այդ ցուցանիշը եղել է 887 հազար 409 ուղեւոր: Այսինքն՝ անկումը կազմել է ավելի քան 43 հազար ուղեւոր: