Կանցկացվեն հաշտարարի որակավորման դասընթացներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի նախագահությամբ ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Հաշտարարության որակավորման հանձնաժողովի առաջին նիստը:

Հաշտարարության որակավորման հանձնաժողովը ստեղծվել և Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ժորա Վարդանյանը, Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ  Վահրամ Ավետիսյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Վահրամ  Քոսակյանը, «ԷյԴիԱր փարթներս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն, հաշտարար, արբիտր Մուշեղ Մանուկյանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի օգնական Անի Բաղդասարյանը:

Հանձնաժողովի անդամներն նիստում քննարկել են հաշտարարի որակավորման դասընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր, հաստատել հայտարարության բովանդակությունը և դասընթացին մասնակցելու համար միանվագ վճարման ենթակա գումարի չափը (http://moj.am/announcements/view/article/105 ):

Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի հուլիսի 29-ը, ժամը 16:00:

Հաշտարարի որակավորման դասընթացները սկսվելու են 2015 թվականի օգոստոսի 11-ից` ՀՀ արդարադատության նախարարության շենքում:

Որակավորման դասընթացներն իրականացնելու են ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը և «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոն» անգլիական ընկերությունը՝ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի աջակցությամբ:




Լրահոս