Ինչու է պետք զգուշանալ Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի խոսնակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Վերջինս 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչեւ 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում որպես գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: Հակոբյանը լրատվամիջոցներում «հայտնվեց» այն ժամանակ, երբ որպես ԱԱԾ աշխատակից որոշել էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին «վերբովկա» անել:

Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության վարչության նորընտիր անդամ Հրայր Մանուկյանը Վլադ Հակոբյան անունով ԱԱԾ աշխատակից ներկայացած անձի սպառնալիքների առնչությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ իրեն «վերբովկա» անելու տեղեկությունը ներկայացնելով նրանց:
«2014 թվականի հունիս ամսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից, ինձ՝ Հրայր Մանուկյանիս, առաջարկություն է արել համագործակցել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Որպես պատասխան իմ մերժմանը սպառնացել է ինձ, իմ եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական եւ աշխատանքային գործունեության ծավալման հետ կապված բացասական հետեւանքների մասին:

Վլադ Հակոբյանը հանդիսանում է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերը, ով էլ ինձ ծանոթացրել է Վլադ Հակոբյանի հետ՝ սրճարանում մեր հանդիպման ժամանակ ներկայացնելով նրան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից»,-նշել էր Հ. Մանուկյանը:
Ընդ որում, լրագրող Հ. Մանուկյանը Վլադ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ ձայնագրել էր իրենց խոսակցությունը ու այն հրապարակել: Եվ, ահա, այս սկանդալային պատմությունից մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը որոշել է Հակոբյանին իր մամլո խոսնակ նշանակել:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ՝ պարզելու համար, թե ըստ նրա` ինչու է Ս. Սարգսյանը որոշել ԱԱԾ նախկին աշխատակցին նշանակել իր մամլո պատասխանատու: «Եթե մենք ունենք պետություն, ունենք անվտանգություն, հետեւաբար այդ անվտանգությունը պետք է հավաքագրումներ իրականացնի, այդ թվում նաեւ լրագրողների շրջապատից, անհաջողությունն էլ այդ երիտասարդի խնդիրն է, ինչը նշանակում է, որ պետք է զգույշ լինել: Իսկ մամլո խոսնակը պարտավոր է ներկայացնել ուղիղ Սերժ Սարգսյանի կարծիքը, նա մի միջանցքով է անցնում, որտեղ աջ եւ ձախ կողմեր չկան, որտեղից ոչ մի ինֆորմացիա չի ներկայացնելու, հակառակ դեպքում նրա աշխատանքային օրը կտեւի կես ժամ»,-հայտարարեց Գ. Եղիազարյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս