Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 1942թ. ծնված Ռոզիկ Արամի Մակունզիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 19-ին, օգտագործելով իր լուսանկարով եւ կողմնորոշիչ տվյալներով, սակայն առանց որեւէ հիմքի տրամադրված ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիրը, որում նշված է եղել կեղծ տվյալ՝ Արագածոտնի մարզ, Գեղադիր համայնք, այն ներկայացրել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի աշխատակիցներին:
Մակունզին այդ կերպ առանց սահմանված փաստաթղթերի, կեղծ անձնագրով ապօրինի հատելով սահմանը՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստան, այնտեղից էլ ԱՄՆ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով («Պետական սահմանն ապօրինի հատելը»): Ռ. Մակունզիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: