ԾԱՆՐ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Использую то, что под рукой и не требую другой». սա է այն գլխավոր սկզբունքը, որով առաջնորդվում են Ճամբարակի Առողջության կենտրոնի աշխատակիցները:  Այս բուժհաստատությունը մինչեւ 2006թ. համարվում էր հիվանդանոց, իսկ 2006-ին միանալով տեղի պոլիկլինիկային` դարձավ  Առողջության կենտրոն:  Փոփոխությունների արդյունքում կրճատվեց բուժհաստատության աշխատողների քանակը: Այսօր Կենտրոնում գործում է վճարային 3 համակարգ` պետական պատվեր, համավճար ու վճարովի: Կենտրոնը սպասարկում է  Ճամբարակի եւ շրջանի 16 գյուղերի  բնակիչներին: Այս  բուժհաստատությունում ստացիոնար բուժում են ստանում ամսական  50 հիվանդներ,  իսկ ամբուլատոր հետազոտություն են անցնում օրական 150-ից ավելի հիվանդներ:  Առողջության կենտրոնի փոխտնօրեն  Կառլեն Ուլումյանը  նշեց, որ Կենտրոնի առաջնային խնդիրներից է տեխնիկական վերազինման հարցը, բացի այդ, անհրաժեշտ են նեղ մասնագետներ` նյարդաբան, կարդիոլոգ,  ռենտգենոլոգ, ինֆեկցիոնիստ, սոնոգրաֆիստ: Կենտրոնի շենքում իրականացվել է վերանորոգում, սակայն դա իրավիճակը չի փրկում, քանի որ շենքում վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Կենտրոնոմ այսօր բացակայում է կենտրոնական ջեռուցման համակարգը: Ձմեռային սեզոնին Առողջության կենտրոնը ջեռուցվում է էլեկտրական սալիկների  միջոցով, ինչն էլ դժվարացնում է բժիշկների աշխատանքը: Ջեռուցման հետ կապված խնդիրների լրջությունը նկարագրելու համար բժիշկներից մեկը բերեց հասարակ մի օրինակ. «Հիվանդին ասում եմ հանվի, պառկի, որ ստուգեմ, նա բողոքում է, որ ցուրտ է, իսկ հետազոտությունից հետո հիվանդը նշում է, որ մեջքը սառավ, անկեղծ ասած մեկ-մեկ վախենում եմ, թե փորացավ կընկնի»:Տեխնիկական համալրման կարեւորությունը ընդգրկեց նաեւ Կենտրոնի ակնաբույժ Սարո Պետրոսյանը, ում խոսքերով` կոնկրետ իր մասնագիտական գծով տեխնիկական վերջին համալրումը եղել է 20-30 տարի առաջ:Առողջապահության նախարարության Լրատվական վարչությունից տեղեկացրեցին, որ Ճամբարակի Առողջության կենտրոնի վերանորոգման եւ վերազինման հարցը այժմ քննարկման փուլում է: Նշեցին նաեւ, որ բանակցություններ են տարվում տարբեր կազմակերպությունների հետ, սակայն թե ո՞ր ծրագրի շրջանակներում է իրականացվելու վերանորոգումը եւ ո՞ր կազմակերպությունն է այն իրականացնելու` նախարարությունից   չմանրամասնեցին:Չնայած այս բոլոր խնդիրներին` Կենտրոնի փոխտնօրեն  Կ. Ուլումյանը նշեց, որ եթե Աստված չանի պատերազմ սկսվի, Առողջության կենտրոնը, թեկուզ նկուղային հարկում, ի վիճակի կլինի սպասարկել վիրավորներին:   ԲԱԳՐԱՏ ԼԱԶԱՐՅԱՆՃամբարակ




Լրահոս