«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հայտարարել է` չի բացառում, որ առաջիկայում կմիանա ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Հայկական վերածնունդ» միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այս հարցի հետ կապված:
Վերջինս նշեց, որ իրենց միավորման դռները բաց են բոլորի առջև, եթե միայն ազնիվ, հայրենասեր մղումներով են դիմում: «Բազմիցս արտահայտել ենք, որ մեր հիմնական նպատակն է բոլոր շահագրգիռ ուժերի համատեղմամբ հասնել լուրջ, ակնառու բարեփոխումների ՀՀ-ում: Անի Զախարյանը, ինչ ճամապարհ էլ կապի մեզ հետ, չեմ կարծում, որ մենք դրան դեմ արտահայտվենք»- նշեց Մոսինյանը:
Նա հավելեց` շարունակում են բանակցություններ վարել բոլորի հետ, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում նախաձեռնության նկատմամբ: «Ոչ միայն Անի Զախարյանը, նաև բազմաթիվ այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ շարունակելու են բանակցություններ «Հայկական վերածնունդ»-ի հետ: Միավորման գործընթացը նոր թափ է հավաքել, և կարծում եմ` սեպտեմբերից արդեն ավելի մեծ թափերով շարժումը կծավալվի»,- եզրափակեց նա: