Արմավիրում կինը զինծառայող որդուն նամակ է գրել և ինքնասպանության փորձ արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն իսկ կարելի է անհերքելի փաստ համարել այն, որ ինքնասպանությունների ու դրանց փորձերի մասին լուրերը հանրապետությունում, որքան էլ ցավալի է ընդունել, սովորական երևույթ են դարձել: Պակաս խնդրահարույց չէ նաև այն հանգամանքը, որ մարդիկ ինքնասպանության են դիմում` հարազատ երեխաներին իրենց հետ անդունդը տանելով:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանության 54 դեպք է գրանցվել, ինչը 10 դեպքով ավել է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ հիմնական դրդապատճառը, որպես կանոն, սոցիալականն է:

Եվ ահա ինքնասպանության փորձի հերթական դեպքը: Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ օրերս իր կյանքին փորձել է վերջ տալ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչներից մեկը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կինը ինքնասպանության դիմելուց առաջ նամակ է գրել ժամկետային զինծառայող որդուն: Նամակում մայրը, դիմելով որդուն, ասել է, թե ֆինանսական ծանր պայմանների մեջ է հայտնվել, չի կարողանում մարել պարտքերը և այլևս չի կարող ապրել, ինքը պատրաստվում է թույն խմել և իր կյանքին վերջ տալ: Բարեբախտաբար, թույն խմած կնոջ կյանքը հաջողվել է փրկել:

Armlur.am-ի հետ զրույցում Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը հայտնեց, որ ինքնասպանության փորձ արած կնոջ վիճակն այս պահին լավ է, առողջական որևէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է ինքնասպանության դիմելու դրդապատճառին, ապա գյուղապետը կարծիք հայտնեց, որ ֆինանսական վատ դրության պատճառով այդ կինը նման քայլի չէր գնա. «Հնարավոր է` այլ մութ հարցեր լինեն: Եթե ֆինանսական դրությունը լիներ պատճառը, գյուղի 60-70 %-ը պետք է նման քայլի դիմեր: Գյուղում չկա մեկը, որ բանկերում պարտքեր, վարկեր չունենա: Այդ կնոջից ֆինանսապես ավելի վատ վիճակում գտնվողներ կան: Նա էլ բոլորի պես ելակի առևտրով է զբաղվում, իսկ այս տարի, փառք Աստծո, բերքը լավ է եղել»:

Գյուղապետից տեղեկացանք նաև, որ ինքնասպանության փորձ կատարած կինն ամուսնալուծված է, որդին ու ինքը եղբոր ընտանիքի հետ են ապրում. «Տունը կիսել են, ապրում են: Անձնական խնդիրներ էլ կարող էին լինել: Եղբայրն էլ մահացել է, այս դժբախտությունն էլ մի կողմից: Համենայնդեպս, որքանով ես եմ ճանաչում այդ կնոջը, նա ֆինանսական խնդիրների պատճառով նման քայլի չէր գնա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:




Լրահոս