«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Երևանն ու երևանցիները զգում են համահայկական խաղերի շունչը: Մայրաքաղաքի կենտրոնի ճեմուղիներում, սրճարաններում, ռեստորաններում ամենուր լսելի է սփյուռքահայերի ձայնն ու տեսանելի է ներկայությունը: Այս տարի համահայկական խաղերի մասնակիցների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատ՝ մասնակից երկրների թիվը 23-ից հասնել է 36-ի: Իսկ խաղերի մասնակիցների թիվը առաջին խաղերի հազար հարյուրից այս տարի հասել է վեց հազար երեք հարյուրի: Այսպիսի մեծ մասնակցությունը, անշուշտ, կապված է մի քանի գործոնների հետ: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը նշանավորելու համար առավելագույն ջանքեր են գործադրվում Հայաստանում և սփյուռքում: Ոչ պակաս նշանակություն ունի նաև այն փաստը, որ այս ամառ Բաքվում տեղի ունեցան առաջին եվրոպական խաղերը, որը Բաքուն փորձում էր օգտագործել սեփական գովազդի և քարոզչության համար: Համահայկան խաղերին այսպիսի մասնակցությունը, թերևս, ընդգծում է, որ ցանկության դեպքում մենք մերոնցով էլ կարող ենք ահագին մասշտաբային միջոցառում իրականացնել:
Սփյուռքահայերի մասնակցությամբ այսպիսի միջոցառման իրականացումը, իհարկե, ուրախալի փաստ է։ Դա մեծացնում է հազարավոր սփյուռքահայերի շփումը Հայաստանի հետ։ Այսքան մարդկանց ներհոսքը դրական է ազդում մեր տնտեսության, միջին բիզնեսի վրա, նոր ծանոթություններ, նոր ծրագրեր, և այսպես շարունակ:
Որքան էլ տարօրինակ թվա, համահայկական խաղերի ամենաթույլ կողմը կամ կոմպոնենտը սպորտային մասն է։ Համահայկական խաղերի մրցումներն առայժմ էական հետաքրքրություն չեն ներկայացնում որպես մարզական միջոցառում։ Լավ է, իհարկե, որ ամեն անգամ մասնակիցների թիվը աճում է, և մենք պետք է աշխատենք այս փաստը դարձնել մարզական լուրջ զարգացման խթան: Սա պետք է առիթ լինի, որ Հայաստանը քայլ առ քայլ զարգացնի իր մարզական ենթակառուցվածքները, որպեսզի դրանք հնարավոր լինի օգտագործել նաև միջազգային մասշտաբի մարզական միջոցառումներ անցկացնելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։