Ոստիկանները խմբով գողություն են կատարել. ՀՔԾ-ում գործի նախաքննությունն ավարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Վիգեն Խաչատրյանը և սերժանտ Վահագն Տոնապետյանը, նախնական համաձայնությամբ, խմբով, շինություն ապօրինի մուտք գործելով, կատարել են ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:

Մասնավորապես՝ 2015թ. հունվարի 3-ին ոստիկանության ծառայող Վ. Տոնապետյանը Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոնի չգործող վարչական շենքի աշխատասենյակներից մեկում նկատել է մետաղյա երեք պահարան, որի մասին անմիջապես տեղեկացրել է ծառայակցին, որից հետո միասին համաձայնության են եկել դիտավորությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ:

Վերջիններս, օգտվելով ոչ աշխատանքային օր լինելու և օպերատիվ խմբի բաժնից բացակայելու հանգամանքից, նույն օրը ժամը՝ 16:00-ի սահմաններում, իրենց հանցավոր մտահղացումն ի կատար ածելու համար ապօրինի մուտք են գործել հիշյալ վարչական շենքի տարածք, որտեղից գաղտնի հափշտակել են մետաղյա պահարանները, և գողոնը ավտոմեքենայով տեղափոխել:

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցներ Վ. Տոնապետյանին և Վ. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից խմբով, նախնական համաձայնությամբ, շինություն ապօրինի մուտք գործելով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս