ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ ԼՔԵՑ ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի հարազատները հայտնվել են դրսում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս Աբրամ Ամիրխանյանի որդին իր ընտանքի հետ միասին լքել է Արաբկիր վարչական շրջանում Բլուր կոչվող թաղամասում իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել:

Ինչպես հայտնի է՝ մինչ ինքնասպան լինելը Աբրամ Ամիրխանյանը նամակ էր գրել եւ այն տվել էր իր տան աշխատակիցներին, որ փոխանցեն փաստաբանին կամ բարեկամներից որեւէ մեկին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ամենայն հավանականությամբ գործարարն այդ նամակում նշել էր այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք դարձել էին իր սնանկացման պատճառը: Եվ, ահա, այդ բարձրաստիճան պաշտոնյաների գործոնն էլ պատճառ դարձավ, որ գործարարին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի ազգային անվտանգության ծառայություն:
Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենցի, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Սայաթ-Նովա 40 հասցեում Ամիրխանյանի կողմից կառուցված բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
Եվ, ահա, գործարարի ինքնասպանությունից անցել է շուրջ 5 ամիս, սակայն ԱԱԾ-ն այս ամիսների ընթացքում որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, թե ինչ փուլում է գտնվում այս գործը: Չի բացառվում, որ այս լռությունից հետո էլ բախվենք ավանդույթ դարձած իրականությանը, որ այդպես էլ չկարողացան բացահայտել, թե ով ինքնասպանության հասցրեց գործարարին, ու այդ հիմքով կարճվի գործը: Սակայն այս ինքնասպանության դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գործարարը նամակ էր թողել, որն էլ, ըստ էության, բարդացնում է քննությունն իրականացնող մարմնի գործը, իսկ թե, ի վերջո, այսքանից հետո ինչ հանգուցալուծում կունենա տեղի ունեցածը, կապրենք, կտեսնենք:
Տեղեկացանք, որ այս օրերին ինքնասպան եղած Աբրամ Ամիրխանյանի հարազատներն այլ վտանգի առաջ են կանգնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած Լեւոն Ամիխրանյանի որդին, այլ ելք չունենալով, իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում գտնվող իր առանձնատունը, քանի որ հայաստանյան բանկերից մեկն այն աճուրդի է հանել:
Մեզ հետ զրույցում Ամիրխանյանի հարազատներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, որ մինչ օրս ԱԱԾ-ն իրենցից ոչ մեկի չի կանչել հարցաքննության.«Ինքն այնքան փակ մարդ էր, այնքան լուռ, ոչ ոքի ոչինչ չի պատմել իր խնդիրների մասին: Միայն ասում էր՝ շենքը կծախեմ, ու լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի: Իր դեպքի օրն ասաց, որ ցանկանում է գնալ իր դաչա ու որեւէ բան չցանկացավ ուտել` պատճառաբանելով, թե մրսածություն ունի եւ ցանկանում է հանգստանալ: Նույնիսկ կարող եմ ասել, որ եթե իրեն զանգ էր գալիս, մեզ մոտ երբեք չէր խոսում, այլ գնում էր գաղտնի մի տեղ ու խոսում էր, չգիտենք, մենք էլ չգիտենք՝ ինչու պետք է այսպես լիներ, ինքը ուրիշ մարդ էր: Ինչ ասեմ, ինչ ունի, կալանքի տակ է, կարելի է ասել, որ ամենի ինչ ուներ, բայց ոչինչ չունի»:
Հավելենք, որ այս օրերին մի խումբ քաղաքացիներ դատական հայցեր են ներկայացնում գործարարի ընկերության դեմ: Տեղեկացանք, որ միայն հուլիսի ընթացքում 10 քաղաքացի դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին առքուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչել եւ պայմանագրային պարտավորությունները կատարել:
Տեղեկացնենք, որ «Շեն Հոլդինգը», որի սեփականատերն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամ Սամվել Բեգլարյանը, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Ամիրխանյան» ՍՊԸ-ից 8 միլիոն դրամ: «Նորվիկ Ունիվերսալ» վարկային կազմակերպությունը եւս դատարանի միջոցով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ից գումար է պահանջում: Թե ինչ արդյունք կունենան այդ դատական հայցերը, դժվար է ասել. հանգուցալուծումը չի երեւում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՈՄԲԻՆԱՏԻ ԴԻԶՎԱՌԵԼԻՔԸ
«Ժողովուրդ»-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» դիզվառելիքի գողության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ անհետացած դիզվառելիքի կորուստը հասնում է շուրջ 70 հազար դոլարի:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել են այն բանի համար, որ կոմբինատի փաստաթղթեր կեղծելով՝ 3 մլն դրամի դիզվառելիք էին գողացել: Ավելի ուշ կալանավորվել էին կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանը եւ նրա ենթականերից Գոռը: Բայց պարզվում է՝ այս աղմկալի գողությունից մեկ ամիս հետո կոմբինատում հերթական ստուգումներն են իրականացվել, որի արդյունքում հերթական աղմկահարույց բացահայտումն է գրանցվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պարզվում է, որ կոմբինատի փաստաթղթերը կեղծելով՝ անհետացել է ոչ թե 3 մլն դրամի դիզվառելիք, այլ կորուստը հասնում է շուրջ 70 հազար դոլարի:
Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով՝ կոմբինատի աշխատակիցներն իրենց ցուցմունքներում տվել են Կապանի նախկին ոստիկանապետ Վարդան Գեւորգյանի անունը:
Ինչ առնչություն կարող էր ունենալ Վարդան Գեւորգյանն այս գողության դեպքի հետ, եւ, առհասարակ, ինչպես նա կարող էր առանց կոմբինատի տնօրինության թույլտվության կեղծ փաստաթղթերով դիզվառելիք դուրս գրել:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը դիմեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Վազգեն Սաղաթելյանին, որը պատասխանեց. «Ձանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշված գործով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը սահմանված կարգով տրամադրել է վարույթն իրականացնող մարմնին՝ գործի նախաքննության շրջանակներում պարզելու հափշտակված գույքի չափը, արժեքը, հափշտակություն կատարած անձանց եւ վերջիններիս մեղավորությունը: Նշված գործով ԶՊՄԿ-ն ճանաչվել է տուժող եւ սահմանված կարգով կատարում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները: Հարկ ենք գտնում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տուժողն իրավունք ունի ծանոթանալ գործի բոլոր նյութերին միմիայն նախաքննության ավարտից հետո: Ուստի քանի դեռ ընթանում է նախաքննությունը, ԶՊՄԿ-ն չի տիրապետում գործի մանրամասներին (այդ թվում գործով հարցաքննվածների ցուցմունքներին)»:
Հավելենք, որ այս գործի շրջանակներում աշխատանքից ազատվել էր Կապանի ոստիկանապետի տեղակալ Հովհաննիսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս դիզվառելիքի գողության դեպքով անցնող վկաների նկատմամբ ճնշում է գործադրել` ստիպելով նրանց, որ այս գործով կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատու Կարեն Ենդիգարյանի անունը չտան, այլ հայտնեն նրա աշխատակիցներից ոմն Գոռի անունը: Սակայն վկաներն առերեսման ժամանակ խոստովանել են իրենց նկատմամբ իրականացված ճնշումների մասին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱԹՈՌՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Աղվերանում գտնվող, գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը նախօրեին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել:
«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադեւոսյանն է, մյուսը՝ գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը: Նրանց միջեւ նախ վիճաբանություն է սկսվել, որից հետո կրքերը բորբոքվել են, ու դիմել են բռունցքների օգնությանը:Հյուրանոցում, ականատեսների խոսքով, տուրուդմփոցը սկսվել է հենց այն պահից, երբ Արսեն Բաղդասարյանը իր ընտանիքի հետ ընդունարանում փորձել է կարգավորել հյուրանոցում տեղավորվելու փաստաթղթային հարցերը: Ուղեգրի շուրջ վեճ է ծագել, գոռգոռացել են, ապա Բաղդասարյանը աթոռով հարվածել է հյուրանոցի տնօրենին:

 

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ
Վերջին օրերին գրանցված խմբակային թունավորման դեպքերը հուշում են, որ սննդի անվտանգությունը պատշաճ չի վերահսկվում»,- համոզված է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա՝ զանգվածային թունավորման մի քանի դեպքերի պատճառները բազմաթիվ են, մասնավորապես հանրապետությունում նորմայից մի փոքր բարձր գրանցված ջերմաստիճանը, ինչպես նաեւ՝ վերահսկող մարմինների անպատասխանատվությունը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում գործող ամառային ճամբարից թունավորման ախտանիշով Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել 20-ից ավել երեխաներ: Օգոստոսի 1-ին էլ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում 29 մարդ էր թունավորվել:

 

ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾՈՎ
Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը կքննի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով մեղադրվում է դասալքության ու զենքի հափշտակության մեջ, RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամլո քարտուղար Ալյոնա Կատկալոն:
Կատկալոյի տեղեկություններով՝ «Սպանություն» հոդվածով գործը առանձին վարույթ է փոխանցվել:
Գործի քննության ժամկետի մասին տեղեկություններ չկան:




Լրահոս