Էներգետիկ ոլորտում ճչացող չարաշահումների բացահայտումները փողոց դուրս բերեցին հազարավոր մարդկանց։ Բաղրամյան պողոտան շրջափակած երիտասարդության մի մասը թեպետ փորձում էր բողոքի ակցիան պահել առաջ քաշած սոցիալական պահանջների շրջանակում, սակայն այդ օրերին կրկին վեր հառնվեց իշխանափոխության ուրվականը։
Այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ Բաղրամյան պողոտայից հետո սկսեց ձևավորվել նոր քաղաքացիական շարժում՝ հանուն մեր երկրում արմատական բարեփոխումների։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում․
– իշխանությունը մաքրվի հանցագործներից,
– թալանածը վերադարձվի ժողովրդին,
– երկրում հաստատվի արդարադատություն,
– Հայաստանի Հանրապետությունում բացառվի քաղբանտարկյալ, հասկացությունը և քաղաքական հետապնդումներն ընդհանրապես,
– լուծարվեն անօրինական և սահմանադրության դեմ գործող կուսակցությունները,
– երաշխավորվեն ազատ, արդար ու ազնիվ ընտրությունները,
– ազատ ձեռներեցության իրավունքը լինի անձեռնամխելի,
– ներդրվի արդար հարկային համակարգ,
– հանրայնացվեն ռազմավարական նշանակության խոշոր սեփականությունը,
– աշխատանքի դիմաց վարձատրությունը լինի արդար,
– պաշտպանվի աշխատանք ստանալու և մասնագիտական առաջընթաց ունենալու իրավունքը,
– բարձրացվի սոցիալական ապահովությունը,
– արդիականացվի բանակը, ոստիկանությունը և ազգային անվտանգությունը,
– ուժային կառույցների ծառայողների համար ստեղծվեն ծառայության արժանապատիվ պայմաններ,
– Մեծ հայրենական, Արցախյան պատերազմների և սահմանում մարտական գործողությունների բոլոր մասնակիցներն ունենան արժանապատիվ սոցիալական ապահովում:
Մենք համոզված ենք, որ այս բարեփոխումներին հասնելու համար անհրաժեշտ է ՀՀԿ-ին հեռացնել գործադիր և օրենսդիր իշխանույթյուններից։
Մեր կարծիքով, այդ ծրագիրը կարելի է իրականացնել 3 քայլով․
կառավարության փոփոխություն,
արտահերթ նախագահական ընտրություններ,
արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Մենք տեսնում ենք, որ այս օրհասական պահին ժողովուրդը գտնում է, որ ձեր միջև առկա տարաձայնությունները անհրաժեշտ է դնել մի կողմ և միավորվել ՀՀ եռագույնի ներքո։
Եթե դուք կիսում եք ժողովրդի կարծիքը և համարում եք, որ իշխանափոխության պահը հասունացել է, ապա մենք պատրաստ ենք օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հավաքում առաջ քաշել կառավարության հրաժարականի պահանջը։ Այդ դեպքում մենք մնալու ենք հրապարակում մինչև հանրային արձագանքը ստեղծի հնարավորություն՝ շրջափակել Հանրապետության հրապարակը ամբողջությամբ։
Մենք համոզված ենք, որ ժողովրդի վստահության կառավարության իշխանության գալը միակ ճանապարհն է այսօր՝ դուրս բերել երկիրը քաղաքական և տնտեսական ճգնաժամից եւ կասեցնել ՀՀԿ-ի կողմից նախաձեռնված սահմանադրական կարգի հակաժողովրդավարական փոփոխությունը։