ՌՈՒՍ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ ԻՆՉՈ՞Ւ Է ԽԱՌՆՎՈՒՄ ՀՀ ԳՈՐԾԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը նախօրեին հանդես է եկել մի սենսացիոն հայտարարությամբ, որի պատճառով արձակուրդում գտնվող ողջ քաղաքական էլիտան «իրար է խառնվել»: Նիկողոսյանը որոշել է ՌԴ-ին «լավություն» անել ու հայտարարել է, թե իր կարծիքով Հայաստանը պետք է ընդգրկվի ՌԴ կազմում: Նկատենք, որ հայ հասարակությունը դեռ չէր հասցրել «մարսել» Նիկողոսյանի վերջին խայտառակությունը՝ կապված այլասերված ձեւով բռնաբարության փորձի հետ, որի մասին տեղեկատվությունը հեղեղել էր ռուսական մամուլը, հիմա էլ «Պուտին» ակումբների հիմնադիրը որոշել է իր «կաշին» փրկելու համար հանդես գալ նոր, խայտառակ ձեռնարկով` ՀՀ-ն Ռուսաստանի կազմում տեսնելու մասին հայտարարությամբ:

«Ռուսաստանը պետք է ձեւավորի կայսրություն, որովհետեւ Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է, եւ նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, եւ որեւէ անհատ չէ, որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետեւում չի, եւ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի: Այդ դեպքում Հայաստանի սահմանները փաստորեն կդառնան ատոմային գերտերության սահմաններ»,-հայտարարել է Նիկողոսյանը: Երեկ ողջ օրվա ընթացքում,քաղաքական դաշտը «քարկոծում» էր Ա. Նիկողոսյանին՝ հայտարարելով, որ վերջինս իրավունք չունի ՀՀ քաղաքացի կոչվելու, քանի որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ նման անպատասխանատու հայտարարությամբ նախ եւ առաջ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը:
Թե ով է Անդրանիկ Նիկողոսյանը, հանրության զգալի մասը շատ լավ գիտի. նրա «փառապանծ» գործունեությանն օրերս անդրադառնալու առիթ էր ունեցել նաեւ «Ժողովուրդը», երբ այս պարոնը «արցունքն աչքերին» հայտարարել էր, թե պետք է պայքարի ՀՀ-ից արտագաղթի դեմ: Սակայն հասկանալու համար նրա` վերջին շրջանի վերաակտիվացման շարժառիթը, թերեւս, արժի հանրությանը հիշեցնել Նիկողոսյանի հետ կապվող վերջին խայտառակ դրվագը: Այսպես՝ դեռեւս հուլիս 9-ին «ԼԸ ծՈՓՌՏվՈսՖվօպ ՌվՑպՐպրօ»-ն տեղակացրել էր, որ Ա. Նիկողոսյանն իր վարորդի հետ դաժան ծեծի է ենթարկել ու փորձել բռնաբարել իր ծանոթուհուն. «Այժմ Ռուսաստանի Գագարինի շրջանի ոստիկանությունում տուժածի հայտարարության հիման վրա ստուգումներ են անցկացվում դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեղադրանքով»: Մեր տեղեկություններով՝ առայժմ այդ գործը «սառեցված» վիճակում է, եւ, ըստ ամենայնի, նման հայտարարությունների նպատակը հենց այդ գործի «ապասառեցումը» թույլ չտալն է:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե Ա. Նիկողոսյանի հայտարարության հետ կապված ինչ դիրքորոշում ունեն քաղաքական գործիչները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ
-Տիկի՛ն Սեդրակյան, Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդգրկվի ՌԴ կազմում, քանի որ դա ամենաճիշտ ուղին է ՀՀ-ի համար: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը:
-Ես կարծում եմ, որ նման հայտարարություններն այլեւս պետք չէ անգամ քննարկել, ես հասկանում եմ, որ կան որոշակի մարդիկ, որոնք պատրաստ են մինիմալ վճարի համար դավաճանել երկրի երկարատեւ ինքնիշխան պայքարը, մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենում, բայց ես կարծում եմ, որ մենք չպետք է նման բաները քննարկենք: Ռուսական պրոպագանդան, քաղաքականությունն ամեն ինչ անում է, որպեսզի ՀՀ-ն չմնա ինքնիշխան երկիր, բայց Հայաստանի դժվարությունները, պայքարը, հերոսական բանակը, Արցախյան պատերազմը, մեր երկարատեւ տառապանքները երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ կոշտ հակադարձել նման հայտարարություններին, կա՛մ անտեսել նման հայտարարությունները, իսկ ես կողմ եմ անտեսմանը: Երբ որ իրողությանը տալիս ես ավելի մեծ ուշադրություն, քան այդ իրողությունն արժանի է, ապա այդ իրողությունն արդեն թվում է իրական:
-Բայց արդյո՞ք սա զուտ Ա. Նիկողոսյանի տեսակետն է, թե՞ դա ՌԴ-ի ցանկությունն է, որը հնչում է Նիկողոսյանի «շուրթերով»:
-Ես ասում եմ՝ ՌԴ-ն կարող է ունենալ ամենատարբեր տեսակետներ, բազմաթիվ ցանկություններ ու կատարել բազմաթիվ քայլեր: Բայց արդյո՞ք մենք պետք է հետեւենք ՌԴ-ի օրինակին, իհարկե, ո՛չ, դրա համար եմ ասում՝ շատ հաճախ հարեւանի գործողությունների հանդեպ պետք է ունենալ արհամարհական վերաբերմունք: Ես կարծում եմ, որ Նիկողոսյանի եւ նրան ղեկավարող մարմինների ցանկությունները քիչ են՝ ՀՀ-ն ինքնիշխան ուղուց շեղելու համար:

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ
-Պարո՛ն Սաֆարյան, Ա. Նիկողոսյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պետք է ընդգրկվի ՌԴ կազմում: Ինչպես եք վերաբերվում նման դիրքորոշմանը:
-Եթե երիտասարդն արդեն միացել է ՌԴ-ին, ինքն արդեն իր ճակատագիրն ու բախտը կապել է ՌԴ-ի հետ, ինքն իրեն զգում է ռուս, ռուսական կայսրության մաս, ապրում է այնտեղ, վայելում է այն բոլոր բարիքները ինչը տեսնում է, ապա ընդհանրապես իր ինչ գործն է խառնվել ՀՀ գործերին ու մի հատ էլ ՀՀ ապագայի մասին նման տեսակետ ասել: Ինքն ակնհայտորեն չի գիտակցում, որ խախտում է ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է՝ ՀՀ-ն անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է:
-Տեսակետ կա, որ Նիկողոսյանը սա անում է իր «կաշին» փրկելու համար, քանի որ ՌԴ-ում հնարավոր է՝ նրան դատեն բռնաբարության հոդվածով:
-Ընդհանուր առմամբ ՌԴ ծառայությունների կողմից կամպրամանտների օգտագործումը նոր երեւույթ չէ, ես դա չեմ կարող բացառել, որովհետեւ նա իսկապես տհաճ պատմության մեջ էր ընկել, ու նրան սպառնում էր ազատազրկում, իսկ եթե դա տեղի չի ունեցել, նշանակում է՝ իսկապես գործարք է տեղի ունեցել:

 

 

 

 
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵ՞Լ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒՑ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «վրա նախարար չի գալիս». դա հստակ դարձավ արդեն 2014թ. ապրիլին, երբ այդ պաշտոնում նշանակեցին Երվանդ Զախարյանին: Սույն նախարարի աշխատաոճից կարելի է կարծել, որ նրան «զոռով» են նշանակել:

Իր գործունեության ավելի քան մեկ տարվա ընթացքում Զախարյանի մասնագիտական էնտուզիազմի իսպառ բացակայությունը դրսեւորվում է ինչպես ՀՀ Կառավարության նիստերի ընթացքում, այնպես էլ լրագրողների հետ շփումներում, երբ վերջինս մեր գրեթե բոլոր հարցերին պատասխանում է «մյուս անգամ Ձեր հարցերին կպատասխանեմ», կամ էլ, եթե տրամադրությունը տեղն է՝ «Ձեր հարցերն ուղղեք գրավոր» արտահայտությամբ: Ակնհայտ է, որ Ե. Զախարյանն արդեն այն տարիքում է, որ անգամ «հավես» չի էլ անում խոսելու:
Երվանդ Զախարյանի անգործությունն ավելի ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ «Նաիրիտ»-ի աշխատակիցներն ամիսներ շարունակ պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը, իսկ Ե. Զախարյանն ամեն օր նրանց խաբում էր վաղը կամ մյուս օրը վճարելու խոստմամբ: Արդյունքում «Նաիրիտ»-ի աշխատակիցներն այլեւս կտրականապես հրաժարվում էին հանդիպել նախարարի հետ՝ նշելով, որ նա իրենց անվերջ «խաբում» է: Ամիսներ շարունակ խաբելուց հետո, ի վերջո, նաիրիտցիներին վճարեցին իրենց հասանելիք գումարները, ինչից հետո նախարարն իր առաքելությունը համարեց ավարտված:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե այս օրերին ինչով է զբաղված ՀՀ-ի ամենախնդրառատ նախարարություններից մեկի ղեկավարը: ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Ե. Զախարյանի վերջին «գործը» հուլիսի 28-ին ԻԻՀ արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպումն է եղել: Իսկ դրան հետեւած օրերին նախարարի գործունեության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն կայքում չկա: Ստացվում է` 10 օրից ավել է, ինչ նախարարը ոչինչ չի՞ արել: Եթե անգամ Զախարյանն արձակուրդում է, ապա ինչո՞ւ են դա թաքցնում հանրությունից, որեւէ պաշտոնական տեղեկություն չկա դրա մասին:
Ի դեպ, նախարարն անգամ մամլո խոսնակ չունի, ու դա նրան երեւի չի էլ անհանգստանցում, քանի որ նրա համար շատ ավելի հարմար է, երբ լրատվամիջոցներն իր ղեկավարած գերատեսչությանը չեն անդրադառնում. «շառից փորձանքից հեռու» ապրում է:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԲԱՆԱԿՑՈ՞ՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվական բաժինը տնօրինելու է «Ա1+»-ը, քանի որ առաջարկություն է ստացել 20 րոպե լրատվության փոխարեն լրատվություն ներկայացնել 24 ժամ՝ թերեւս ժամը մեկ պարբերականությամբ: Ըստ տեղեկությունների՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը բանակցություններ է «վարում» լրատվական կայքի հետ, բայց դեռ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցեց «Ա1+» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մեսրոպ Մովսիսյանի հետ, որը հայտարարեց, որ իրականում նման բան չկա: «Չէ, անհիմն տեղեկություններ են դրանք»,- ասաց Մեսրոպ Մովսիսյանը: Մինչդեռ «Արմնյուզում» սպասում են «Ա1+»-ի վերադարձին:

 

ՀՈՒԼԻՍԻ ԳՆԱՃԸ
Հայաստանում գնաճը շարունակում է նախատեսվածից ավել մնալ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5 տոկոս: Օրինակ՝ պարենային ապրանքների գնաճն այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, կազմել է 5.5 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 6.9 տոկոս, տնային գործածության ապրանքներինը՝ 10.5 տոկոս, մշակույթի ապրանքները եւ ծառայությունները՝ 9.9 տոկոս: Ի դեպ, հացամթերքի ոլորտում նույնպես գնաճ է արձանագրվել. այն այս տարվա հուլիսին կազմել է 7.7 տոկոս, հրուշակեղենի ոլորտում՝ 15.5 տոկոս:

 

ԻԲՐ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական վարչությունից երեկ «Ժողովուրդ»-ը մի գրություն է ստացել, որը վկայում է այս կառույցում տիրող անտերության մասին: ՀՀ քննչական կոմիտեում իմացել են, որ մեր օրաթերթում ինչ-որ նյութ է հրապարակվել դատական դեպարտամենտում շարունակվող չարաշահումների մասին, բայց քանի որ թերթ չեն գնում, չունեն, ուստի «խնդրում» են մեկ օրինակ իրենց տրամադրել: Բացի այդ՝ «խնդրում» են իրենց տրամադրել նաեւ այն նյութերը, որոնք վկայում են հրապարակված չարաշահումների մասին: Այստեղ ծիծաղելի մի հարց է առաջանում. եթե ՔԿ-ն թերթի մեկ օրինակ չի կարողանում գտնել, ինչպես է պատրաստվում հանցագործներին հայտնաբերել:
Եթե լրագրողները պետք է նյութեր տրամադրեն, ապա քննիչների անելիքը էլ ո՞րն է: Միգուցե հանցագործների՞ն էլ մենք բռնենք եւ ձեռնաշղթաներով հանձնենք կոմիտեին: Ի դեպ, ՔԿ-ն գրությամբ ոչ միայն մեր լրագրողի անձնական տվյալներն է խնդրել, այլեւ փորձել է «Ժողովուրդ»-ի թղթակցին կանչել «բացատրություն տալու»: Տեղեկացնենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նման քննչական գործողություն նախատեսված չէ: Մարդուն կարելի է հրավիրել ցուցմունք տալու կոնկրետ կարգավիճակով` վկա, կասկածյալ կամ մեղադրյալ: Կարծում ենք՝ լավ կլինի, եթե կոմիտեն իր բուն գործով զբաղվի. սեթեւեթելու, գործ սարքելու ժամանակներն անցել են:




Լրահոս