Չեմ կարծում, որ նման բան կաներ. Արմեն Մկրտչյանը՝ ակտիվիստի՝ կողոպուտի մեջ կասկածվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր կողոպուտի կասկածանքով ոստիկանության Կենտրոնի բաժին է տարվել Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի և «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության ակցիաների ակտիվիստ Մխիթար Մխիթարյանը:

Թեմայի շուրջ Armlur.am-ի հետ զրույցում «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը հայտնեց, որ ճանաչում է Մխիթար Մխիթարյանին: Մեր զրուցակցի խոսքով, ինքը դժվարանում է պատկերացնել, որ Մխիթար Մխիթարյանը կարող էր նման բան անել. «Նորմալ մարդու տպավորություն էր թողել: Չեմ կարծում, որ նման բան կաներ»:

Armlur.am-ը զրուցեց նաև «Ոտքի՛, Հայաստան» շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանի հետ, ով նախ ասաց, որ չի ճանաչում Մխիթար Մխիթարյանին, ապա՝ ավելի ուշ, նշեց, որ ճանաչում է նրան, ակցիաների ժամանակ մեկ-երկու անգամ տեսել է: Ի դեպ, Դավիթ Սանասարյանը հերքեց, որ Մխիթար Մխիթարյանը շարժման անդամ է, թեպետ Armlur.am-ը նշել էր, որ Մխիթարյանը «Ոտքի՛, Հայաստան»-ի ակտիվիստներից է. «Նա երկու օր եկել-գնացել է: Բացմանն է մասնակցել: Բայց դա չի նշանակում, որ շարժման անդամ է»,- հավելեց Դ. Սանասարյանը:




Լրահոս