Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս ամառ հասցրել է հանգստանալ Հայաստանում` Աղվերանում, Վրաստանի քաղաքներում, Ռուսաստանում` Սոչիում, եւ այլ վայրերում. նա փորձում է գործնական կյանքը համատեղել հանգստի հետ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Սիլվայի հայրը` Հակոբ Հակոբյանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է: Նա պատասխանեց նաեւ Սիլվայի երկրպագուներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Խոսելով երգչուհու ստեղծագործական կյանքի նորություններից` պրոդյուսերը նշեց, որ նա առաջիկայում համերգներով մեկնելու է Ռուսաստան, Հունաստան, իսկ աշնանն արդեն եվրոպական մի շարք երկրներ: Հ. Հակոբյանի խոսքով` Սիլվան 15-20 նոր երգ ունի եւ ռուսաստանյան համերգից հետո կմտածի նոր տեսահոլովակ նկարահանելու մասին: Ինչ վերաբերում է երեւանյան մենահամերգին, պրոդյուսերը նկատեց, որ այն այս տարի հազիվ թե կայանա. «Թեպետ պետք է ասեմ նաեւ, որ մենահամերգով հանդես գալու գաղափարն արդեն «եռում է». հավանաբար հաջորդ տարի կզբաղվենք դրա իրականացմամբ»:
Այն հարցին, թե ինչ ոճային փոփոխություններ ակնկալենք Ս. Հակոբյանից, նրա պրոդյուսերը պատասխանեց, որ Սիլվան մտածում է ռոք երգիչներից մեկի հետ այդ ժանրում դուետ ձայնագրելու, ջազային մոտիվներով երգի վրա աշխատելու, շանսոն երգելու մասին:
Մեր այն դիտարկմանը, որ դեռ տարիներ առաջ Հ. Հակոբյանը վստահեցնում էր, թե իրենք անում են ամեն ինչ, որ Սիլվան մուտք գործի միջազգային բեմ եւ «նվաճի աշխարհը», այնինչ՝ ժամանակի ընթացքում, կարծես, այդ արդյունքը չգրանցվեց, ավելին` ոմանց կարծիքով` Սիլվայի ստեղծագործական կյանքում լճացման շրջան է, պրոդյուսերը պատասխանեց. «Ամեն ինչի համար համապատասխան տարիք գոյություն ունի. տարիքն իրենն ասում է, իսկ Սիլվան այդքան էլ փոքր չէ: Բացի այդ` տվյալ հարցում մեծ խոչընդոտ հանդիսացավ նաեւ իմ` օտար լեզուների չտիրապետելու հանգամանքը: Բայց չի բացառվում, որ նա օրերից մի օր կթողարկի մի երգ, որն ամբողջ աշխարհը կսիրի: Մենք չենք կարծում, թե լճացել ենք. մենք մեր գործն ենք անում»:
Մենք նաեւ հարցրինք` գուցե ժամանակն է, որ Սիլվայի պրոդյուսերությամբ պրոֆեսիոնալ բարձր որակներով մեկ այլ մասնագետ զբաղվի. «Ինձնից լավ ոչ ոք չի կարող այդ գործով զբաղվել: Ու այնպես չէ, որ բոլորը լավն են, ես վատը, լավագույններից մեկն էլ ես եմ»,-վստահեցրեց երգչուհու հայրը:
Երկրպագուների մեկ այլ` երգչուհու անձնական կյանքում հնարավոր փոփոխություններին առնչվող հարցին անդրադառնալով` Հ. Հակոբյանը նշեց, որ այս տարի կարգավիճակի փոփոխություն չի սպասվում. «Կարեւորը` ընկեր ունի, մնացածը մեր որոշելիքն է. երբ իրենք երկուսով պատրաստ կլինեն լուրջ քայլերի, այդ ժամանակ էլ կգրանցվի կարգավիճակի փոփոխություն»-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան