«ԻՄ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑԱՎ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը, ով Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Պատանի հանդիսատեսի պետական թատրոններում կերտել է բազմաթիվ դերեր, հեռուստադիտողներին էլ հայտնի է սերիալներից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հազվադեպ է այցելում հարազատ Գյումրու թատրոն. պատճառն այնտեղի հետ կապված հիշողություններն են: Նա խոսել է ստեղծագործական կյանքի նորությունների, մայրաքաղաքում միայն թատրոնում աշխատելու դժվարությունների եւ այլ թեմաների շուրջ:

-Պարո՛ն Հակոբյան, հեռուստադիտողներից շատերը կարոտով են հիշում հատկապես «Վերվարածները» սերիալում Ձեր կերտած կերպարը: Ինչո՞ւ վերջին շրջանում չեք նկարահանվում սերիալներում, չեք երեւում էկրաններին, տպավորություն է, թե գործազուրկ եք:
-(Ծիծաղում է): Ես գործազուրկ եմ, եթե խոսքը վերաբերում է հեռուստաֆիլմերին կամ գեղարվեստական ֆիլմերին: Բայց թատրոնի իմ աշխատանքը ոչ ոք չի կարող իմ ձեռքից խլել: Թեեւ նշեմ, որ իմ մասնակցությունն ունեմ նոր գեղարվեստական ֆիլմում, որի մասին մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Ավելի վաղ էլ նկարահանվել եմ «Ճամբարում» մանկապատանեկան, «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմերում: Ցավոք, դերասանների կենսագրության զգալի հատվածը մեծ մասամբ կախված է ռեժիսորներից. պետք է հրավիրեն, որ գնաս ֆիլմերում, սերիալներում խաղալու: Այնպես չէ, որ իրենք կանչում են, ես չեմ գնում: Բայց մի խնդիր էլ կա. եթե ունենամ հրավեր, սակայն նկարահանման հրապարակում տեսնեմ դրսից բերված, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, չեմ նկարահանվի, որքան էլ դրա կարիքն ունենամ: Աչքիս պոչով հետեւում եմ այսօրվա դերասանների գործունեությանը, տաղանդավորների, ջահելների էլ եմ նկատում, ոչ պրոֆեսիոնալների էլ ու այս վերջին հանգամանքից ահավոր նեղսրտում եմ: Պարտադիր չէ` նրանք թատերական ինստիտուտն ավարտած լինեն. ավարտածներ կան, որ ոչ պրոֆեսիոնալներին ոչնչով չեն զիջում: Ես խոսում եմ Աստծո կողմից տրված շնորհքի մասին:
-Գիտենք, որ հազվադեպ եք այցելում Ձեր հարազատ Գյումրու՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, ինչո՞ւ:
-Չեմ կարողանում, այնտեղի հետ կապված լիքը հիշողություններ ունեմ, չեմ ուզում ամեն անգամ ինձ քայքայել: Բայց խոսքս վատ հիշողությունների մասին չէ… Այնտեղ եմ մեծացել, սովորել եմ թատրոնին կից գեղարվեստական ստուդիայում, աշխատել եմ այդ թատրոնում, իսկ հիմա աշխատում եմ Երեւանում, ուստի չեմ կարողանում Գյումրիում խաղալ, հազվադեպ եմ մտնում այնտեղի թատրոն, բայց Գյումրի հաճախ եմ գնում:
-Հիմա միայն թատրոնում աշխատելով` դժվար չէ՞ մայրաքաղաքում վարձով ապրելը, հատկապես, երբ ուսանող զավակներ ունեք:
-Թատրոնի ընձեռած հնարավորություններն, իհարկե, այդ առումով քիչ են, սակայն այստեղ էլ քո ամբողջ ներաշխարհն է զարթոնք ապրում. բեմը քոնն է, դու ես դրա տերն ու տիրակալը: Բայց ֆինանսական առումով, իհարկե, թատրոնում դժվար է, հատկապես երբ կողքից այլ աշխատանք չունես, իսկ ես բիզնես չունեմ: Բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում. հանդիսատեսին քո գործունեությունն է հետաքրքրում: Այս իրավիճակի համար ումի՞ց վիրավորվեմ, կարո՞ղ եք մեկին մատնանշել:
-Նրանից, ով թատրոնի դերասանի համար սահմանել է նման ցածր աշխատավարձ:
-Լավ… Ով այդ գումարը սահմանում է, պետք է դա տաս իրեն, ասես` 3 ժամ ապրիր, 3 ժամ, ոչ թե մեկ ամիս. հաստատ չի կարողանա:
-Ձեր զավակները մասնագիտական ի՞նչ ուղի են ընտրել: Ձեր ճանապարհով գնացող կա՞:
-Աղջիկս խելքը գլխին մարդ է, իմ ճանապարհը չընտրեց, մասնագիտությամբ հոգեբան է, բայց որդիս, կարելի է ասել, ընտրեց իմ ուղին, ռեժիսուրա է սովորում: Ես չէի ուզում, բայց ինքը պնդեց: Աստված տա` հետագայում ապրելն ու գոյատեւելը ավելի հեշտ լինի, քան հիմա: Իսկ իմ ժամանակն անցավ… Այն դերերը, որոնք ես դեռ կուզենայի խաղալ, տարիքիս պատճառով այլեւս չեմ կարողանա խաղալ, դրա համար մի քիչ ցավ եմ ապրում, բայց հետո խնդում եմ…
-Հիմա որ գնում եք հայրենի Գյումրի, կա՞ մի բան, որի համար Ձեր սիրտը ցավում է:
-Այդ քաղաքի վրա մեծ տխրություն կա` 88-ի երկրաշարժից հետո մնացած. դա իր նստվածքը տվել է. այսօր շատ դժվար է Գյումրիում ապրելը: Շատ կուզենայի, որ ոչ միայն մայրաքաղաքին ուշադրություն դարձվեր, այլեւ մյուս բոլոր քաղաքներին` հավասարաչափ:

 

 

 

 
«ԵԹԵ «ՀԱՅՖԻԼՄ»-Ը ՎԵՐԱԴԱՐՁՎԻ, ԿԻՆՈՆ ԿԻՆՈ ԴԵՌ ՉԻ ԴԱՌՆԱ»

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ Կառավարությունը սկսել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան հետ պահանջելու գործընթաց: «Հայկական ժամանակ» թերթը գրեց` իր տեղեկություններով` պատճառն այն է, որ սեփականատերերը չեն կատարել պայմանագրային պարտավորությունները: Ջերարդ Գաֆեսճյանը եւ Բագրատ Սարգսյանը չեն կատարել խոստացված միլիոնավոր դոլարների ներդրումները, չեն կառուցել նկարահանման տաղավարներ, կինոստուդիան չի վերազինվել ժամանակակից եւ հզոր տեխնիկայով, բավարար քանակով ու անհրաժեշտ որակով չի թվայնացվել հայկական կինոժառանգությունը: Իսկ այժմ արդեն լրացել է այդ ամենի համար սահմանված վերջնաժամկետը:

Կառավարությունը հետ կպահանջի կինոստուդիան, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն եթե նույնիսկ պատկերացնենք, որ դա կիրականանա, ապա դեռ հարց է, թե որը կլինի Կառավարության հաջորդ քայլը, արդյո՞ք կինոստուդիան կրկին կսեփականաշնորհվի եւ, ամենակարեւորը, ինչպես կդասավորվի «Հայֆիլմ»-ի ճակատագիրը հաջորդ հնարավոր սեփականատերերի օրոք:
Կինոռեժիսոր Հակոբ Իսկուդարյանը, ով ժամանակին աշխատել է «Հայֆիլմ»-ում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց` վաղուց ժամանակն է, որ Կառավարությունը հետ պահանջի կինոստուդիան: «Բացի այն, որ ներդրումներ չեն կատարվել, կինոստուդիայի եղածն էլ քար ու քանդ է արվել. հիմա այնտեղ ստուդիա էլ չի մնացել: «Հայֆիլմ»-ն ընդհանրապես ջնջեցին, անունը մեջտեղից հանեցին: Կարծում եմ` Կառավարությունից ի սկզբանե գիտեին, թե սեփականատերերն ինչ էին ուզում անել, շատ լավ էլ գիտեին` ում հետ գործ ունեն»,-ասաց նա:
Կինոռեժիսորի խոսքով` եթե Կառավարությունն իսկապես «Հայֆիլմ»-ը հետ պահանջի, ճիշտ կլինի, որ այն ժամանակավորապես չսեփականաշնորհվի ոչ ոքի կողմից. «Կինոստուդիան պետք է պատկանի պետությանը, մինչեւ կգտնվի մեկը, ով իսկապես շահագրգռված կլինի հայ կինոյի զարգացման գործով ու նա էլ կսեփականաշնորհի ստուդիան»,-նկատեց նա:
Հ. Իսկուդարյանի համոզմամբ` եթե «Հայֆիլմ»-ը վերադարձվի ՀՀ Կառավարությանը, այսինքն` վերադարձվի դրա շենքը կամ անունը, դա դեռ չի նշանակում, թե կինոն կինո կդառնա. «Եթե հետագայում «Հայֆիլմ»-ում ֆիլմեր չնկարահանվեն, ո՞ւմ է դա պետք: Ամենակարեւորն այն է, որ պետության ֆինանսավորմամբ նոր ֆիլմեր նկարահանվեն, այդ աշխատանքներում ընդգրկվեն մարդիկ, որոնք դեռ կարող են որակյալ արտադրանք տալ, այլապես չի բացառվում, որ հետագայում դրա հնարավորությունն այլեւս չլինի»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
«ԿԱՐԻՆԵ»-Ն` ԼՈՆԴՈՆՈՒՄ
Լոնդոնյան առաջատար «Արկոլա» թատրոնում մեկնարկել է «Գրիմբոռն 2015» ամենամյա փառատոնը, որի շրջանակներում բրիտանացի հանդիսատեսին է ներկայացվել հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»¬ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը՝ «Կարինեի» ադապտացված տարբերակը բեմադրվել է ֆրանսահայ ռեժիսոր Ջերալդ Փափազյանի մեկնաբանությամբ:
«Ես ցանականում եմ, որ աշխարհին լսելի լինի Չուխաջյանի երաժշտությունը: Նրա անունը գրեթե մոռացության է մատնվել, եւ նա անծանոթ է արեւմտան մշակույթի կրողներին: Սակայն լսելով՝ մարդիկ հավանում են նրա ստեղծագործությունները եւ զարմանում, որ մինչ այդ ոչ ոք չէր լսել դրանք»,-նշել էր Փափազյանը: Լիբրետոյի հեղինակն է Թագվոր Նալյանը։ Փառատոնի շրջանակներում ցուցադրութունը նվիրված է օպերետի ստեղծման 140-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

ԲԱԺԱՆՎԵԼ ԵՆ
Այս տարվա գարնանը Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրված դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ամուսնալուծվել է: Բաժանության լուրը BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է արդեն նրա նախկին ամուսինը` Վան Հակոբյանը:
Նաիրա Մովսիսյանն իր հերթին նշել է, թե այլեւս չի ցանկանում հանրայնացնել անձնական կյանքը. «Ովքեր բարձրաձայնել են, թող նրանք էլ մեկնաբանություն տան»:
Դերասանուհին նաեւ հայտնել է, որ այսուհետեւ լրատվամիջոցների հետ նախընտրում է խոսել միայն իր ստեղծագործական նորությունների մասին:

 

ՉԱՐԱԳՈՐԾԻ ԴԵՐՈՒՄ
Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունն «Վայրենացածը» դրամատիկական ֆիլմում նկարահանվելու պարտավորագիր է ստորագրել: Այդ մասին հաղորդել է Hollywood Reporter հանդեսը: Սթոունը չարագործի դեր է խաղալու: Կինոնկարի ռեժիսորը ֆրանսիացի վարպետ Ալեքս Ռինարիվելոն է: Ֆիլմը պատվիրվել է վերջերս ստեղծված ESX Entertainment կինոընկերության կողմից, որը հայտարարել է, թե ուշադրությունը կենտրոնացնում է «ոգեշնչող կենսական պատմությունների վրա»: Նկարահանումները կսկսվեն հաջորդ շաբաթ, Նապա դաշտավայրում (Կալիֆոռնիայի նահանգ):




Լրահոս