ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), որի ընտանիքին է պատկանում «ՄԱՊ» գործարանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ըստ իրեն՝ ՀՀ Կառավարության համար եւս դժվար էր որոշում կայացնել, որ խոշոր բիզնեսների վրա էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է:
-Պարո՛ն Պետրոսյան, օգոստոսի 13-ին ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագների հարցում չի օգնի խոշոր բիզնեսին: Ի՞նչ է սպասվում խոշոր բիզնեսմեններին, հաշվարկե՞լ եք՝ որքա՞ն եք տուժելու:
-Իհարկե, վատ ազդեցություն է ունենալու, որին գումարվում է նաեւ ռուսական ռուբլու արժեզրկումը. երկուսը իրար հետ շատ վատ է ազդելու մեր գործունեության վրա: Դա շատ բարձր է լինելու, եթե հաշվենք ամբողջ արտադրության վրա, ես հիմա չեմ կարող թվերով ասել, բայց հստակ է, որ լուրջ ազդեցություն կլինի: Չի կարող, եթե անգամ մեկ դրամ էլ թանկանա էլեկտրաէներգիան, ու դա ազդեցություն չունենա գործարարի վրա, տենց բան չկա, եթե էներգակիրը թանկանում է, հարկերը թանկանում է, ապա դա ազդում է նաեւ ապրանքի վրա: Ինքնարժեք է, չէ՞, ձեւավորվում, դա նստելու է ինքնարժեքի վրա: Իհարկե, այդ թանկացումը լինելու է նաեւ ինչ-որ մի ապրանքի վրա, արտադրության վրա: Չի կարող գործարարն ինքը այդ տույժը կրել, քանի որ այդ դեպքում ինքը չի կարողանալու աշխատել: Եթե գլուխդ ցավում է, դու երկու ձեւ ունես այն բուժելու համար՝ առաջինը՝ կարող ես ցավազրկող խմել, ցավն անցնի, բայց հիվանդությունը մնա, իսկ երկրորդն էլ՝ պետք է իմանաս, թե ինչից է գլուխդ ցավում, որպեսզի բուժես: Հիմա մենք խոսում ենք ցավազրկիչից, բայց ինչքան կարող ես խմել, որպեսզի ցավ չզգաս, ու հարց է, թե դրան դիմանալը օգուտ է, թե վնաս:
-Կառավարությունը տեղյակ է, թե ինչ կարգավիճակում են գտնվում հայաստանյան բիզնեսները, այդ դեպքում ինչո՞ւ չի ցանկանում «բուժել» ոլորտը՝ օր օրի ավելի «վնասելով» այն:
-Կառավարությունը հնարավորություն չունի, թե չէ, ես հավատացած եմ, որ եթե Կառավարությունը հնարավորություն ունենար, այս թանկացումը չէր անի: Դուք մի մտածեք, որ Կառավարության համար շատ հեշտ է նման որոշում ընդունելը ու ինչ-որ մի բանը թանկացնելը: Բայց Կառավարությունը հնարավորություն չունի, դրա համար էլ նման որոշում է կայացվել:
-Բայց սա առիթ է դառնում, որ հայ գործարարները կա՛մ սնանկանան, կա՛մ իրենց բիզնեսները տեղափոխեն արտերկիր, սա չի նշանակո՞ւմ, որ այս վիճակի պատճառը ՀՀ Կառավարության ձախողված գործունեությունն է:
-Հիմա իրավիճակը շատ բարդ է ու հստակ ասել, որ այս ամենի մեղավորը ինչ-որ մեկն է, սխալ է: Ես ասում եմ, որ այսօրվա չարիքը ռուսական ռուբլու տատանումներն են, արժեզրկումն է: Սա երեւի միակ տարբերակն է, որտեղ ո՛չ կառավարությունը, ո՛չ գործարարները, ո՛չ մեկը մեղք չունի սրա համար, որովհետեւ մենք քանի տարի է՝ կապված ենք ռուսական շուկայի հետ, եթե այսօր ՌԴ-ի վիճակը այդ ձեւ է, ապա դա ուղղակի ազդում է մեր երկրի էկոնոմիկայի վրա ու մարդկանց ապրելակերպի վրա: Իսկ մենք ով ենք, որ ինչ-որ բան անենք, որ նրանց ռուբլին ուժեղանա: Այսինքն՝ այս ամենը միմյանց հետ փոխկապակցված են, մենք նայում ենք մի փոքր կետի վրա, բայց սա մի գլոբալ խնդիր է, ու այն կա ամբողջ աշխարհում: Ու ինձ թվում է, որ Կառավարությունը մտածում է ինչ-որ ձեւով գործարարին աջակցելու մասին՝ Կառավարության վրա էլ երկնքից թող չի թափվում, որ ինքն էլ գործարարին օգնի: Եթե գործարարները քիչ են աշխատում, ապա քիչ հարկ են մուծում, եթե քիչ հարկ են մուծում, ապա բյուջեն քիչ փող է լցվում, եթե քիչ փող է լցվում, Կառավարության հնարավորություններն են սահմանափակվում, այսինքն՝ այս ամենը փոխկապակցված է միմյանց հետ: Ես ասել եմ, որ մեր երկրի համար շատ վատ է, երբ որ ամբողջ վարկատուների վարկային ռեսուրսների 80 տոկոսն արտարժույթ է: Մենք պետք է կարողանաք այդ արտարժույթի քանակը քչացնենք, պետք է մարդկանց վարկերը լինի դրամով, իսկ երբ որ դրամով է լինում, կորուստը քիչ է լինում: Դա էլ այսօրվա Կառավարության մեղքը չի, դա եղել է տարիներ առաջ, ու այժմ այն խորացել է. մարդը չի կարող 30 տարում հիվանդություն ձեռք բերել ու մեկ օրում լավանալ, դա մեր երկրի ցավն է:
-Սյսինքն՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի՞ է արձանագրել, որ աշնանը կտրուկ թանկացումներ են լինելու բոլոր ոլորտներում:
-Թանկացումներ լինելու են, բայց ես հիմա որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել, բայց, իհարկե, եթե էներգակիրը թանկանում է, ապա ապրանքները կթանկանան, եթե գազը թանկանա, ապրանքները կթանկանան, եթե դրսի տրանսֆերները կրճատվում են, ապա ապրանքը կթանկանա միանշանակ: Եթե մարդիկ չեն կարող արտահանում անել, ապա ինչպես կարող են իրենց գոյությունը պահել, թեկուզ քիչ, բայց պետք է այդ թանկացումն անեն, որպեսզի իերնց աշխատողների աշխատավարձերը վճարեն, չէ՞: Գլոբալ բարեփոխումներ են պետք, իսկապես նեղվելու բան է, եթե դուք նեղվում եք, ինչո՞ւ չպետք է նեղվի նաեւ գործարարը, մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, բայց առանց շահույթի: Սրանք խնդիրներ են, որոնց մասին մենք պետք է միասին մտածենք, ելքը միասին գտնենք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ