Շախմատիստ Սերժ Սարգսյանին, ի վերջո, հաջողվեց Հայաստանյան կուսակցությունների ներսում «կռիվ գցել»՝ թեժ աշնան խոստումներով հասարակության կերակրող ընդդիմադիրների համար «նոր զբաղմունք» ապահովելով: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով Սերժ Սարգսյանը ոչ միայն քաղաքական նոր օրակարգ սահմանեց, այլեւ կուսակցությունների ներսում ինքնամաքրման նոր փուլ սկսեց:
Ամենադաժան իրավիճակն, իհարկե, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունում է: Առանց այդ էլ պառակտված խորհրդարան այս խմբակցությունը (Նիկոլ Փաշինյանն առանձին կուսակցության է անդամագրվել՝ մերժելով ՀԱԿ-ին, Ստեփան Դեմիրճյանն իր կուսակցությունն ունի, Հրանտ Բագրատյանը՝ իր, նրանք ԱԺ-ում, ըստ էության, գործում են միանձնյա) կանգնած է փլուզման եզրին: ՀԱԿ-ի «գծից շեղվել է» նաեւ ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը: Եւ փոքր այդ խմբակցությունում, ըստ էության, 3 անդամ են մնացել՝ Գագիկ Ջհանգիրյանը, որն առանձնապես ակտիվ չէ, ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Լյուդմիլա Սարգսյանից պահանջում են վայր դնել պատգամավորական մանդատը այն բանի համար, որ նա ՀՀ նախագահի նստավայր է գնացել՝ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով փորձ է արվում ճնշում գործադրել պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի վրա:
Բարդ է իրավիճակը նաեւ դաշնակցության ներսում: Այստեղ Կառավարությանը ապագայում մաս կազմելու թեմայի շուրջ ծանր խոսակցություն է եղել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ դաշնակցության ղեկավարության միջեւ, ինչի հետեւանքով Մինասյանը ինքնակամ մեկուսացել է: Նա, որ ՀՅԴ-ի սահմանադրագետն էր, այժմ չի խոսում, չի շփվում՝ որպես իրեն ուղղված հարցերի հասցեատեր մատնանշելով Աղվան Վարդանյանին: Բացի այդ՝ ՀՅԴ-ի շարքերում մշտական դժգոհություն կա իշխանության հետ համագործակցության հեռանկարի շուրջ, բայց ղեկավարներն անտեսում են շարքերին ու անում իրենց համար ցանկալին:
Լուրջ խնդիրներ կան նաեւ ԲՀԿ-ում: Այս կուսակցությունը, որ մինչ փետրվար սահմանադրական փոփոխությունների չհրապարակված տեքստը ազգային դավաճանությանը հավասար մեղադրանքներով էր բնութագրում, այսօր կողմ է արտահայտվում: Եւ առանց այդ էլ պառակտված ու քայքայված քաղաքական այս միավորը հիմա էլ ճաքեր է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ջանքերով: Նրանք, բնականաբար, դեմ են սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ լինելով ԲՀԿ խմբակցության անդամ՝ չեն ընունել ու ողջունել ԲՀԿ ղեկավարի ու անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ (մանրամասները 2-րդ էջում են): Ու այստեղ բախումներն առջեւում են:
Խնդիրներ կան նաեւ «վերածնված» ՕԵԿ-ում: Մինչ Սերժ Սարգսյանի հետ կայացած «սահմանադրական ֆոտոսեսիան», այս կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարում էր, թե դեմ են նախագծին եւ Սերժ Սարգսյանի հետ չեն էլ հանդիպելու, որովհետեւ քննարկելու ոչինչ չունեն: Բայց հանդիպումը կայացավ լայն ժպիտի ֆոնին, որից հետո այս անգամ «Հայկական վերածնունդի» անունից նախագծին դեմ լինելու մասին հայտարարություն տարածվեց:
«Ժառանգություն»-ում եւս խաղաղ իրավիճակ չէ: Նախորդ անգամ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, երբ անարգանքի սյունին գամեցին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին, այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը վարչության նիստ էր արել սքայփի միջոցով եւ խորհուրդ տվել հրաժարվել Սարգսյանի հետ հանդիպումից՝ անգամ հրավեր ուղարկելու դեպքում: Եւ սա քաղաքական կառույցի համար ազդեցության լուրջ կորուստ էր, ինչը ժառանգականները քննարկում են ներսում՝ սխալ համարելով քաղաքական օրակարգից դուրս մնալու «Ժառանգության» փաստացի ձգտումները:
Հարազատ ընկերոջ, հավատարիմ կուսակցի կորցրեց նաեւ ներաստեղծ կամ ավելի ճիշտ՝ վերաձեւավորված ՀՀՇ-ն: Երբ Արարատ Զուրաբյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին, ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը, հիշեցնելով գարնանն ասած իր խոսքերը (որ եթե մի անգամ էլ Սերժ Սարգսյանի հետ հանդիպի ՀՀՇ ղեկավարությունը, ինքը կլքի ՀՀՇ-ն), դուրս եկավ կուսակցությունից:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում աշունն իսկապես թեժ է սկսվելու, բայց ոչ թե քաղաքական իմաստով, այլ նեղ կուսակցական: Բոլոր կուսակցությունների ներսում թեժ խմորումներ են, որոնք հունցել է Սերժ Սարգսյանը: Իսկ իշխանափոխությունը, հայ հասարակությանը գիշատիչ իշխանությունների փրկելու բոլոր կոչերը «ժամանակավորապես հետաձգվել» են. ժողովուրդը կսպասի:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐՑԱԽ ԿԳՆԱՆ
Վաղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշում է իր անկախության տոնը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանը պատրաստվում է պատվիրակություն գործուղել Արցախ՝ տոնական միջոցառումներին մասնկացելու համար: Երեկվա դրությամբ դեռեւս հստակեցված չէր, թե Հայաստանի ղեկավար կազմն ինչ մակարդակով է Արցախում ներկայացված լինելու: Նախնական պայմանավորվածություն կա, որ Արցախ մեկնող պատվիրակությունը կգլխավորի անձամբ Սերժ Սարգսյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է ԼՂՀ նախագահ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից պարզել, թե ովքեր են ներկա լինելու Արցախի անկախության տոնին: «Տոնական միջոցառումներն արդեն իսկ մեկնարկել են, լայնածավալ միջոցառումներ չեն լինելու, որովհետեւ հոբելյանական չէ, կլինի արդեն մյուս տարի, երբ կտոնենք 25-ամյակը, այս տարի եւս ունենք հետաքրքիր միջոցառումներ: Մեծ համերգ է լինելու, կլինի այցելություն Շուշի, մեր ավանդական միջոցառումները տեղ կունենան»,- ներկայացրեց Բաբայանը: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ հյուրեր կլինեն սփյուռքից, Հայաստանից, արտերկրից:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ «ԱՆԹԱԼԻԱՆ»
Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը ծրագրերի եւ սիրիահայության կարիքների համար: Նշվում էր նաեւ, որ հուլիսի 24-ին Գագիկ Ծառուկյանը Եգիպտոս ուղեւորվելու ճանապարհին կանգ է առել Լիբանանում, այցելել Անթիլիաս եւ հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում Անթիլիասի կաթողիկոսարանի փոխարեն անընդհատ ասել է «Անթալիա»: Ներկաները ձեռնպահ են մնացել Ծառուկյանին ուղղելուց՝ թերեւս չցանկանալով «նվիրատուին» անհարմար վիճակի մեջ դնել: Բայց այս մարդը ամիսներ առաջ Հայաստանի փրկիչ էր համարվում:
ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՍՏՈՒԳԻ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը երեկ աուդիտորական ընկերության ընտրության հայտարարություն է տարածել: Ըստ դրա՝ աուդիտը պետք է ներառի ՀԷՑ-ի՝ 2009-2014 թվականների գործունեությունը: Իհարկե, ՀԷՑ-ը նշել է, որ աուդիտի առաջադրանքները մշակվել են ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով: Սակայն հիմնական հարցի պատասխանը, թե ինչու է ՀԷՑ-ը հայտարարում աուդիտի մրցույթը եւ ոչ թե ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ո՛չ այս գերատեսչության տարածած հաղորդագրությունում կա, ո՛չ էլ վերը նշված հայտարարությունում: «Ժողովուրդ»-ը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից փորձեց այդ հարցի պատասխանը ստանալ: Սակայն ապարդյուն, նախարարությունից ուղարկեցին մրցույթի վերաբերյալ ոչինչ չասող հաղորդագրություն, որը ՀԷՑ-ի հայտարարության կրկնությունն էր:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ՄԱԿԱՐԴԱԿ
Կառավարության նիստում երեկ կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի՝ N 62 ավագ դպրոցը անվանակոչվելու է Թաթուլ Կրպեյանի անվան N 62 ավագ դպրոց:
Կրթության փոխնախարարը 2 անգամ սխալ է արտաբերել Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ազգանունը՝ Կրեպյան, կարելի է ենթադրել, որ կրթության փոխնախարարը տեղյակ չի եղել, թե ով է Կրպեյանը: Նշենք, որ դպրոցի անվանափոխությունը ազգային հերոսի 50-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումների շրջանակում է:
ՄԱՀԱՑԵԼ Է
Երեկ Երեւանում 83 տարեկան հասակում մահացել է հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը։ Հովնանյանը ծնվել է 1932 թվականին Իրաքի Քիրքուկ քաղաքում, կրթությունը ստացել է ԱՄՆ-ում՝ Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանում, որտեղ ստացել է ֆիզիկոսի բակալավրի աստիճան: 1959 թ. եղբայրների հետ հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան, 1969 թ.՝ սեփական անշարժ գույքի շինարարության («Hovhit») ընկերությունը։ 1998 թ. Երեւանում կառուցել է Վահագնի թաղամասը։ Ի դեպ, վերջին տարիներին գործարարը հրապարակավ քննադատում էր ՀՀ իշխանություններին` նշելով, որ օլիգարխներն ամբողջովին իրենց ձեռքն են վերցրել Հայաստանի տնտեսությունը, եւ եթե իրավիճակը չփոխվի, «սա մահ է տնտեսության համար»:
ԼՍՈՒՄՆԵՐԻ ՕՐԸ
«Չենք ընդունում սահմանադրական փոփոխությունները» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարում է, որ սեպտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հարցով լսումների օրը, բողոքի ակցիա կանցկացնի նախագահի նստավայրի դիմաց: «Բոյկոտում ենք սահմանադրական «բարեփոխումների» մասնագիտական հանձնաժողովը եւ նրա ներկայացրած հակապետական նախագիծը։ Սահմանադրության փոփոխությունը պետք է գրվի հայ ժողովրդի կողմից», – ասված է հայտարարությունում։ Նախաձեռնությունը նաեւ նշում է, որ Բաղրամյան 26-ի մոտից տեղափոխվելու են Ազատության հրապարակ՝ քննարկելու իրենց հետագա անելիքները։
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Տեղի է ունեցել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կրկնակի հիմնադիր համագումարը: Քանի որ ՀՀ արդարադատության նախարարությունը չէր գրանցել կուսակցությունը մայիսի 16-ի համագումարից հետո, իսկ օրենսդրությունը պահանջում է հրավիրել կրկնակի համագումար, կուսակցությունն իրականացրել է այն` իր պետական գրանցումը օրինական ճանապարհով պարտադրելու համար:
ԴԵՌ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է
Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանից փորձել են ճշտել, թե ինչպես է նախարարությունը վերաբերում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին եւ այնտեղ կառուցվելիք խաղատանը: «Եթե ուշադիր նայեք Կառավարության որոշման նախագիծն, այնտեղ հատուկ նշված է, որ որեւէ ֆունկցիա չի փոխվում, իսկ հուշարձանների պահպանության մասին օրենքով, որով մենք շարժվում ենք, յուրաքանչյուր փոփոխություն պետք է լինի համաձայնեցված: Համաձայն որոշման, որեւէ փոփոխություն այնտեղ չի կատարվի»,- հավաստիացրել է փոխնախարարը:
ԻՐԱԶԵԿԻՉ
Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնությունը իրազեկման ակցիա է անցկացրել` քաղաքացիներին տեղեկացնելու, որ այսօր՝ 16.00-ին, երիտասարդների համախմբում է լինելու Սիրահարների այգում՝ հոսանքի գնի բարձրացման դեմ: Երիտասարդները Ազատության հրապարակից երթով շարժվել են Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա: Նրանց ուղեկցել են մեծ թվով ոստիկաններ: