Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում ամռան համերն ու գույները միախառնվել էին. արդեն 5-րդ անգամ Երևանում անցկացվեց «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը:
Ուրախ երաժշտություն, հեքիաթի հերոսներ, խաղեր ու մրցույթներ: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր ընդամենը 50 դրամ: Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ Կաթ» ընկերությունը:
Ամռան հրաժեշտի զովացուցիչ տոնը բոլորին հասանելի դարձնելու նպատակով նախաձեռնությանը միացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր:
Պաղպաղակի օրը նշել են նաև այգու կենդանիները. Անդրկովկասյան գորշ արջերն, օրինակ, սովորական սննդակարգից բացի՝ մրգերով պատրաստված սառցե խորանարդիկներ են վայելել:
«Ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացվող այս ուրախ տոնն արդեն դարձել է ավանդական: Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու կենդանաբանական այգու բարեկարգմանը` միաժամանակ լրացնելով պաղպաղակի այն բացը, որը չեք հասցրել վայելել ամռան ընթացքում», – նշեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
«Պաղպաղակի օր»-ը մանկական գունավոր ու համեղ ցանկությունները մեկտեղելու հրաշալի առիթ էր: Փոքրիկ այցելուներին այգու մշտական բնակիչներից բացի դիմավորեցին նաև հեքիաթի հերոսներն ու խաղավարները: Իսկ պատանիները նաև օրվա գլխավոր մրցանակի` հեծանիվի համար մրցելու հնարավորություն ստացան: Կենդանիների մասին վիկտորինայի 25 մասնակիցներից հաղթեց 12-ամյա Նարեկ Հովակիմյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: