«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ նրա տուն այցելած, գործով միակ եւ կարեւորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը: Այդ օրը տեղի ունեցածի մասին նա բացառիկ մանրամասներ է պատմել «Հրապարակին»:
– Աննա, Դուք Մուշեղին ինչքա՞ն ժամանակ եք ճանաչել, ի՞նչ հարաբերություններ ունեիք նրա հետ, դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ գնացիք Անիի տուն:
– Ես նրան ճանաչել եմ գրեթե 5 տարի, մենք նույն վայրում ենք սովորել, նա կորավ մի որոշ ժամանակով եւ մի տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան: Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ ես կխաղամ մեծ բեմերում: Որոշ ժամանակ անց ուզում էի դուրս գալ իր թատրոնից, սկսեց ինձ սպառնալ եւ շանտաժի ենթարկել, եւ ես իր մոտ առանց վարձատրության աշխատում էի:
Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էր իր առջեւ եւ խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում է անձի երկվությամբ։ Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, եւ սպառնալով՝ ստիպում էր իրեն լսել, բերանս էլ՝ փակ պահել: Դեպքից առաջ նա ինձ հետապնդում էր, զանգում էր մայրիկիս, խնդրում էր ընկերներին, որ զանգեին ինձ, քանի որ ես իր զանգերին չէի պատասխանում: Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, եւ նա ինձ բռնացրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է իր հետ գնամ: Ես կտրականապես հրաժարվեցի, նա ասաց, որ հակառակ դեպքում կգա մեր տուն եւ նույնը ընտանիքիս հետ կանի, եւ այդպես տարավ իր հետ: Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին։ Սարսափած նստել էի բակում, ընթացքում նա ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ նա արդեն դուրս է գալու:
Ես բարձրացա եւ քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, նա ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց ու ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ լսեցի ձայներ, գլուխս թեքեցի դեպի այդ ձայնը եւ տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով իրեն ձայներ հանելիս, վազեց իր կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա եւ ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի: Իսկ նա իմ ետեւից նետվեց, բռնեց եւ սկսեց քաշքշել։ Անգամ խոսել անզոր էի, ինձ թվում էր, որ կխելագարվեմ: Նա ինձ ասաց, որ եթե բերանս բացեմ, ինձ ու ընտանիքիս անդամներին էլ նույն օրը կգցի, իսկ ես տեսա, թե նա ինչի է ընդունակ:
– Իսկ ինչո՞ւ էր ցանկանում Անիին սպանել, ի՞նչ խնդիր ուներ նրա հետ: Դուք Անիին ճանաչե՞լ եք, երբեւէ նրա տանը եղե՞լ եք:
– Գումար էր պարտք Անիին՝ մոտ 1 մլն․ դրամ, հետո մտածում էր, որ գուցե գումար ունենար տանը: Հոգնել էր նրանից, իրենք սիրեկաններ են եղել, բայց ինքն Անիին չէր սիրում, միայն գումարի համար էր հետը: Նա ահավոր խելագար ֆանտազիաներ ուներ, դեպքից մոտ 3 շաբաթ առաջ ասաց․ պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ, որ սիրուհիներիցս մեկին սպանեի, ու գործը չբացահայտվեր: Նախկինում երբեք Անիի տանը չեմ եղել, միայն այդ 5 վայրկյաններն էին, որ տեսա այդ ամեն ինչը: Ես խելագարվում եմ, թշնամուս անգամ չեմ ցանկանա, որ ապրի այդ ամենը: Ես մի տարի իր հետապնդումներով եմ ապրել:
– Իսկ ինչո՞ւ այդ ընթացքում չէիք դիմել իրավապահներին: Ի՞նչ էր անում Մուշեղն այդ գումարները՝ խաղամո՞լ էր:
– Նա շատ պարտքեր ուներ, չէր խաղում, բայց խմում էր: Իսկ ի՞նչ պետք է անեին իրավապահ մարմինները, միայն ես գիտեի, թե նա ինչ գազան է, եւ ինձ վերացնելն իր համար վայրկյանների հարց էր:
– Իսկ փորձե՞լ եք կանխել ողբերգությունը, համոզել նրան: Ի՞նչ վերցրեց նա Անիի տնից:
– Այո, փորձել եմ, բայց ասում էր՝ սա քո գործը չի, մի խառնվի, շատ փոքր ես: Ինքն ինձ ասաց, որ մոտ 10 հազար դրամի չափով գումար է գտել, բայց ես չհավատացի: Երեւի ոսկեղեն էլ վերցրած կլինի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: