«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Փարիզում ընթացող ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսել է վերջին շաբաթներին Հայաստանի եւ ԼՂՀ սահմանում տիրող լարված իրավիճակի մասին: Պատգամավորը հայտարարել է, որ ինչպես խոստացել էր ադրբեջանական կողմը, արդեն սկսել է ծանր զինատեսակներով հրետակոծել հայկական գյուղերը՝ պատճառելով ահռելի վնասներ տեղի բնակիչներին:
Ն. Զոհրաբյանը շեշտել է, որ հետագա բոլոր զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա՝ հանձնաժողովի անդամներին կոչ անելով լրջորեն վերաբերվել ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքին, որից տուժում են խաղաղ բնակիչները: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանձնաժողովը լրջությամբ լսել է իր հայտարարությունը ու, ըստ պատգամավորի, նրանց համար եւս հասկանալի է, թե ինչ է կատարվում, եւ Ադրբեջանն ինչպիսի լարված իրավիճակ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի սահմանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: