Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնության մասին եզրակացությունը: Նշենք, որ Մարուքյանն առաջարկում էր փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում:
Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը պատգամավորը ներկայացրել էր Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարություններից հետո, որով վերջինս առաջարկում էր Հայաստանը միացնել Ռուսաստանին: Ինչպես հայտնի է` այս առաջարկը մեծ աղմուկ էր բարձրացրել և Մարուքյանը հանդես էր եկել նման նախաձեռնությամբ: Սակայն կառավարությունը մերժեց առաջարկը` որպես հիմնավորում նշելով, որ այս հարցի կարգավորումները բազմաթիվ են: