Արդեն երկու օր է` որոնվում է Սյունիքի մարզի Թասիկ գյուղի բնակիչ 34-ամյա Մանվել Ղազարյանը: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ համայնքի ղեկավար Խաչիկ Հովհաննիսյանն ահազանգել է, որ սեպտեմբերի 8-ին Մ. Ղազարյանը նախիրը տարել է Թանահատ գյուղին հարակից արոտավայր, ինչից հետո նրան ոչ ոք չի տեսել:
Երկու օր որոնելուց հետո այսօր առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Armlur.am-ի հետ զրույցում Խաչիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ իր համագյուղացին սեպտեմբերի 8-ին` ժամը 15:00-ի սահմաններում, տան անդամներին ասել է, որ պետք է նախիրն արոտավայր տանի, ու անվերադարձ դուրս է եկել. «Այս պահին ոչինչ չենք կարող ենթադրել` որտեղ կարող է լինել, ուր կարող էր գնալ: Գյուղի ողջ բնակչությունն ԱԻՆ-ի աշխատողների հետ երրորդ օրն է փնտրում ենք, բայց դեռ հետքի վրա չենք հայտնվել»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` Մանվել Ղազարյանն ալկոհոլի նկատմամբ հակում չուներ, իսկ անհետացման օրն ընդհանրապես ալկոհոլ չէր օգտագործել. «4 անչափահաս երեխա ունի, անասնապահությամբ է զբաղվում: Սովորաբար կողքի գյուղ` Թանահատ է տանում նախիրը, այնտեղ արոտավայրերը հարմար են: Նախկինում երբեք նման բան չէր եղել, որ անհետանար կամ օրերով տուն չգար: Առողջական խնդիրներ էլ չունի, որ ասենք հոգեպես անառողջ էր կամ նման բան», եզրափակեց Թասիկի գյուղապետը: