Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կյանքի են կոչվում մի շարք ծրագրեր, Armlur.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից:
2015 թվականի հունվար–օգոստոս ամիսներին քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական ծրագրերում:
Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել 1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
Հիմնականում արտահերթ հիմունքներով Երևանի մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է 452 սիրիահայ աշակերտ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա նախօրյակին երևանաբնակ սիրիահայ 167 աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։
Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են նաև մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ: