Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է Miss Planet գեղեցկության մրցույթին, որտեղ մեր երկիրը ներկայացնելու է 17-ամյա Դայանա Դավթյանը: Հեղինակավոր մրցույթը կանցկացվի Թբիլիսիում, սեպտեմբերի 6-13-ը: Այս տարի Miss Planet-ին մասնակցում են 30 երկրի ներկայացուցիչներ: Դայանան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ մշտապես երազել է մասնակցել գեղեցկության մրցույթների: Նա պատմել է գեղեցկության մասին իր պատկերացումներից, եւ թե ինչ խորհուրդներ է իրեն տվել հորաքույրը` գեղեցկուհի Գոհար Հարությունյանը:
-Դայանա՛, բացի արտաքին հմայքը` Ձեզ համար աղջկա, կնոջ մեջ ո՞ր հատկանիշներն են կարեւոր:
-Ես առաջնային գնահատում եմ մարդու հոգին, բարությունը, ընտանիքին նախապատվություն տալու հանգամանքը եւ այն որակը, որի առկայության դեպքում մարդը, բարձունքի հասնելով, երբեւէ չի գոռոզանում:
-Կա՞ մեկը, ով Ձեզ համար գեղեցկության խորհրդանիշ է:
-Ինձ համար գեղեցկության չափանիշ է ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը, սակայն, ամեն դեպքում, ես չունեմ գեղեցկության վերաբերյալ կոնկրետ նախանշած չափանիշներ. պետք չէ մոռանալ նաեւ, որ գեղեցկությունը մարդու ներսից է բխում:
-Մասնագիտության ընտրության հարցում արդեն կողմնորոշվե՞լ եք:
-Հիմա սովորում եմ 12-րդ դասարանում, արդեն որոշել եմ ճարտարապետ կամ դիզայներ դառնալ, այդ ուղղությամբ աշխատում եմ: Ունեմ նաեւ նախասիրություններ, այդ թվում` քանդակելը: Ի դեպ, տեղեկացնեմ, որ Miss Planet-2015-ի շրջանակներում անցկացվելու է նաեւ «Միսս տաղանդ» մրցույթը, որի ընթացքում քանդակելու եմ: Քանդակը մայրության, գեղեցկության եւ սիրո թեմայով է լինելու: Ներկայացնելու եմ հրեշտակի թեւերով մի կնոջ` երեխան գրկին. դա խորհրդանշում է այն, որ բոլոր կանայք եւ մայրերը հրեշտակներ են:
-Դուք ժյուրիին ներկայանալու եք ոչ միայն լողազգեստով, կոկտելային եւ երեկոյան զգեստներով, այլեւ արցախյան տարազով: Եվ սա այն դեպքում, երբ մրցույթին լինելու է մասնակից նաեւ Ադրբեջանից: Այս հանգամանքը, թերեւս, աղմուկի առիթ կտա…
-Կարծում եմ` շատ ճիշտ է ավանդական զգեստով ներկայանալը. չէ՞ որ դա մեր պատմությունն է խորհրդանշում: Անկեղծ ասած, որքան էլ զարմանալի է, ես սոցցանցերի միջոցով Ադրբեջանի մասնակցի հետ ընկերացել եմ, եւ, որքանով հասցրել եմ նրան ճանաչել (թեեւ դա կարող է խաբուսիկ լինել), վերջինս ընկերասեր, բարի անձնավորություն է, նա կիսով չափ ադրբեջանցի է, ով ապրում է Վրաստանում: Ի դեպ, Ադրբեջանի մասնակիցն ինքն էր ինձ ընկերության առաջարկ արել:
-Արդեն մեկ տարի է` Ձեր քայլերն եք անում մոդելային բիզնեսում, երբեւէ կպատկերացնեի՞ք, որ կմասնակցեք Miss Planet-2015-ին կամ նմանատիպ այլ մրցույթի:
-Այս մեկ տարվա ընթացքում ես ոչ մեկի հետ հատուկ պայմանագիր չեմ կնքել, պարզապես իմ հաճույքի համար մասնակցել եմ ցուցադրությունների, 7 ամիս ուսանել եմ «Ատեքս» նորաձեւության կենտրոնում, որից հետո ցուցադրությունների եւ հեռուստահաղորդաշարերի մասնակցելու հրավերներ եմ ստացել: Իսկ, առհասարակ, միշտ պատկերացրել եմ ինձ գեղեցկության մրցույթներում ու երազել եմ մասնակցել դրանց: Բայց երբեք մտքովս չէր անցնի, որ երազանքս կիրականանա:
-«Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999» Գոհար Հարությունյանի եղբոր դուստրն եք, հենց նրա խորհրդով էլ որոշել եք զբաղվել մոդելինգով: Հետաքրքիր է` կոնկրետ այս մրցույթի հետ կապված նա Ձեզ խորհուրդներ տվե՞լ է:
-Անկեղծ ասած, Գոհարը չգիտեր, որ ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին, քասթինգի արդյունքների համաձայն՝ ինձ ընտրեցին շատ անսպասելի կերպով: Եվ առաջին մարդկանցից մեկը, որին ես զանգահարեցի` այդ մասին հայտնելու համար, Գոհարն էր: Նա ասաց, որ ես անպայման պետք է մասնակցեմ մրցույթին: Այս օրերում շատ դժվար է համաշխարհային մտավոր սեփականության ապրանքային նշանների (WIPO) բազայում գրանցված մրցույթ գտնել. ֆեյք-մրցույթներն այնքան շատ են, որ արդեն սկսել են բացասաբար ազդել Հայաստանի վարկանիշի վրա: Իսկ այն հիմնական խորհուրդը, որ տվել է ինձ Գոհարը` ժպտերես եւ անկաշկանդ լինելն է:
-Դայանա՛, հետաքրքիր է` դասարանցիները Ձեզ երկրպագում, ոգեւորո՞ւմ են:
-Իհարկե, նրանք շատ են ուրախանում իմ հաջողություններով, ինձ ուժ են տալիս, սատարում են, իսկ ինձ համար շատ կարեւոր է, որ այս պահին հարազատ մարդիկ լինեն իմ կողքին եւ թեւ ու թիկունք տան ինձ:
«ԱՓՍՈՍ ԵՆ ՆԿԱՐՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄՈՒԹ ՊԱՀՈՑՆԵՐՈՒՄ ԵՆ…»
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահը սեպտեմբերի 5-ին իր այցելուներին կներկայացնի այս տարվա` թվով 7-րդ ցուցահանդեսը` «Հայկական բնապատկերները Սարգիս եւ Զարուհի Մուրադյանների աշխատանքներում» խորագրով: «Սարգիս Մուրադյանի կտավներում ակնհայտորեն երեւում է նրա սերը Հայաստանի բնության հանդեպ, որն այնքան տարատեսակ է եւ վառ: Բնության հանդեպ այդ սերը փոխանցվել է նաեւ ինձ: Այն տարածված է մեր կտավներում, որոնց այցելուները կարող են ծանոթանալ մեկ ամսից՝ ամիսուկեսն ընկած ժամանակահատվածում, ցուցահանդեսը, հավանաբար, բաց կլինի մինչեւ հոկտեմբեր»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն, նկարչի դուստր Զարուհի Մուրադյանը:
Նա մեզ հետ զրույցում, խոսելով Սարգիս Մուրադյանի մյուս աշխատանքների մասին, տեղեկացրեց, որ Ազգային պատկերասրահում պահվում է նրա նկարներից 15-16-ը, սակայն դրանցից ցուցադրվում է ընդամենը մեկը. «Շատ կցանկանայի, որ մյուս նկարները եւս պատկերասրահում ցուցադրվեին, շատ ափսոս են այն նկարները, որոնք մութ պահոցներում են, օրինակ` «Զարթոնք»-ը, «Խաղաղ երկնքի տակ»-ը եւ այլն: Սրանք արդեն դասական դարձած գործեր են, եւ կարծում եմ` հայրս արժանի է, որ իր գործերի համար պատկերասրահում մեկ պատ տրամադրեն: Այդ կտավները «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի պատերի համար մեծ են, այլապես այստեղ կցուցադրվեին»,-մեկնաբանեց նկարչուհին:
Զ. Մուրադյանի խոսքով՝ իրենց պատկերասրահը, լինելով ոչ առեւտրային կազմակերպություն, ստեղծագործական կենտրոն, մեծապես պետական աջակցության կարիք ունի: Ինչ վերաբերում է հովանավորների աջակցությանը, ապա այս պարագայում պատկերն առավել քան տխուր է. «Մենք երեք բանկերի գրավոր դիմել ենք, առաջարկել, որ մեզ հովանավոր կանգնեն, դրանցից երկուսը մերժեցին, իսկ մեկն, առհասարակ, չարձագանքեց: Ես էլ ինչ-որ դռներ ծեծելու սովորություն չունեմ: Բայց հասկանալի է, որ նմանատիպ ցուցահանդեսները որոշակի գումար են պահանջում, իսկ, օրինակ, այս վերջին ցուցահանդեսը ես իմ ուժերով եմ կազմակերպել»,-նշեց պատկերասրահի տնօրենը:
Նա նաեւ ասաց, որ շատ է ուզում երիտասարդ նկարիչների մրցույթ անցկացնել, սակայն չի կարողանում դա իրականացնել` կրկին ֆինանսական խնդիրների պատճառով. «Մտադիր էի երեք ցուցահանդես կազմակերպել Երեւանի Գեղարվեստի ակադեմիայում, Գյումրիում եւ Ստեփանակերտում, պետք է ժյուրին ընտրեր լավագույն 30 աշխատանքները, որոնք կցուցադրվեին մեր պատկերասրահում: Դա երիտասարդների համար լավ գործեր ստեղծելու մոտիվացիա կլիներ, բացի այդ` նրանք մրցանակներ, ցուցադրվելու հնարավորություն կստանային: Նույնիսկ ծրագիր էինք գրել, նախահաշիվ էինք կազմել, ուղարկել մի քանի կազմակերպության, սակայն ոչ մի արձագանք չստացանք»,-եզրափակեց Զ. Մուրադյանը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում: Քսան տարվա պատմություն ունեցող թատրոնը ՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ` Երեւանում կցուցադրի երկու ներկայացում: «Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն նշել է, որ «Արմենիադա» բեմադրությունն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում: «Թատրոնն այս ներկայացումը ապրիլին ցուցադրել է Մոսկվայում: Սեպտեմբերի 22-ին կներկայացնենք Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում: Թատրոնն առաջին անգամ չէ Հայաստանում: Սա արդեն երկրորդ այցն է. առաջին անգամ այստեղ էինք 2009 թվականին` Սերգեյ Փարաջանովի հոբելյանի կապակցությամբ»,-նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Ի ՀԻՇԱՏԱԿ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ
Բոգոտայի հոգեւոր երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, որն ացկացվում է «Խաղաղություն» կարգախոսի ներքո, կներկայացվեն հոգեւոր ազգային եւ դասական երաժշտության ստեղծագործություններ Իսպանիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից, Իսրայելից, Գերմանիայից, Սիրիայից, Հայաստանից, Իտալիայից, Կոլումբիայից, Սիրիայից, Թուրքիայից, Արգենտինայից եւ Էկվադորից:
Ինչպես տեղեկացնում է El Nuevo Siglo-ն` փառատոնի չորս շաբաթվա ընթացքում տեղի կունենա 45 համերգ եւ մենահամերգ Բոգոտայի տարբեր դահլիճներում, թատրոններում, եկեղեցիներում, տաճարներում, քոլեջներում, համալսարաններում, հիվանդանոցներում:
Համերգով հանդես կգա Բոգոտայի Երիտասարդական ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը, որը կկատարի հայազգի կոմպոզիտորներ Ջեֆ Մանուկյանի եւ Ալան Հովհաննեսի ստեղծագործությունները` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակը:
ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել Spotify-ում։ 21-ամյա երգիչը հինգ օր առաջ թողարկել է իր նոր «What Do You Mean» երգը, որն այս ծառայությունում հնչել է 21 միլիոն անգամ։ Բիբերը գերազանցել է One Direction-ին. վերջինիս «Drag Me Down» սինգլը թողարկման առաջին շաբաթում հնչել է 20 միլիոն անգամ։
Նշենք, որ Ջասթինի նոր երգը հանգստյան օրերին կարող է նաեւ գլխավորել բրիտանական վարկանիշային աղյուսակը, ինչպես նաեւ ընդգրկվել ամերիկյան Billboard Hot 100-ի լավագույն հնգյակում։ Իսկ Բիբերի նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերի 13-ին։