Հայաստանը պետք է դիմանա ռուսական քմահաճույքներին, իսկ թե ինչքան կկարողանա, դժվար է պատկերացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է հրաժարվել միության ներսում ռազմավարական ապրանքների առեւտուրը դոլարով կատարելուց ու անցնել ռուբլով վճարումների:

Նա իր խոսքում մասնավորապես նշել է՝ «ԵՏՄ-ում անհրաժեշտ է ազգային արժույթներով փոխադարձ վճարումների ինտենսիվացմանն ու դոլարացման նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Նաեւ արդիական է համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու հարցերով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կարեւոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առեւտուրը՝ առանց դոլարին կապվածության, ռուբլիով կատարելու գաղափարը»:

Նշանակում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկն ի կատար ածվելուց հետո Հայաստանում դոլարը շրջանառությունից դուրս է գալու եւ նախապատվությունը տրվելու է ռուբլուն: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է ցորենի արտադրությամբ զբաղվող «Մանանա գրեյ» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի եւ պահածոների արտադրությամբ զբաղվող «ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր Ալիկ Պետրոսյանի հետ` պարզելու համար, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա աշխատանքները դոլարի շրջանառությունից դուրս գալուց հետո:

Սակայն զարմանալիորեն պարզվեց, որ նրանց մտահոգություններն այնքան էլ մեծ չեն: Գուրգեն Նիկողոսյանի կարծիքով դոլարի՝ շրջանառությունից դուրս գալու դեպքում փոխարինող գործիքներ կգտնվեն. «Կաշխատենք փոխարինող գործիքներով»,- նշեց նա: Վերջինիս խոսքով, եթե վարչապետը նման հայտարարություն է արել` «ուրեմն մի բան կա, էլի, ուրեմն մտածել են՝ ինչ պետք է արվի»:

«ՄԱՊ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկն իրագործվելուց հետո առեւտրաշրջանառությունը հեշտանալու է, եւ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու մեր երկրի տնտեսության զարգացման համար:

«ԵՏՄ անդամ երկրների մեջ, եթե դոլարը վերանա, դա շատ մեծ առավելություն կլինի մեր տնտեսության համար, որովհետեւ մենք այսօր կորցնում ենք ռուսական շուկան հենց այդ պատճառով»,-եզրափակեց «ՄԱՊ»-ի սեփականատերը:
Ստացվում է, որ Հայաստանում հատկապես գործարար խավը ճիշտ է համարում ՀՀ իշխանության ցանկացած ներկայացուցչի կողմից արված ցանկացած հայտարարություն, անգամ եթե այն վնասի իրենց հետագա գործունեությանը: Հետաքրքիր է՝ եթե առաջիկայում որոշում կայացվի նաեւ հայկական դրամից հրաժարվելու մասին (ինչը այս պայմաններում ամենեւին պետք չէ բացառել) հայ գործարարները նույնպիսի խանդավառությամբ կողջունեն նաեւ ա՞յդ հայտարարությունը:

Համաձայնեք՝ ամենեւին գեղեցիկ իրավիճակ չէ: էլ չենք ասում վտանգավորության մասին. Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու օրվանից Հայաստանում տնտեսությունը պարզապես գահավիժում է, սակայն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ այդ թեման անգամ չի էլ արծարծվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքաշրջանառության ծավալների նվազումը, ճիշտ է, մտահոգիչ է, բայց առայժմ իրավիճակը շտկելու առումով պատասխան չունի:

Այսինքն՝ Հայաստանը պետք է դիմանա ռուսական քմահաճույքներին, իսկ թե ինչքա՞ն կկարողանա դիմակայել, դժվար է պատկերացնել: Ըստ ամենայնի, Ռուսաստանի Դաշնության գործող իշխանությունը քայքայիչ քաղաքականությամբ փորձում է Հայաստանին «ծնկի բերել», որպեսզի մենք ազգովի խնդրենք ՌԴ-ին՝ միավորվելու եւ բարեկեցիկ ապրելու համար, եթե, իհարկե, մինչ այդ Ռուսաստանի ներկայիս իշխանությունը կարողանա գոյատեւել:

Արփինե Թովմասյան




Լրահոս