Ինչու կամ ով լռեցրեց Արծվիկ Մինասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը վերջին տարիներին դարձել է իր հայրենի կուսակցության այցեքարտերից մեկը: Ցանկացած հարցի վերաբերյալ, երբ լրագրողներին անհրաժեշտ էր լինում ճշտել դաշնակցության կարծիքը, դիմում էին հենց Արծվիկ Մինասյանին: Վերջինս ոչ միայն չէր մերժում, այլ նաեւ կարողանում էր հստակ եւ կապակցված ներկայացնել իրենց տեսակետը: Դաշնակցության ներկայիս խմբակցության մյուս անդամները սովորաբար խուսափում են լրագրողների հարցերից՝ այդ նպատակով տարբեր պատրվակներ հնարելով:

Սակայն արդեն մոտ երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը եւս լրագրողների համար դարձել է «անհասանելի»: Նա փաստացի հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել եւ լրագրողներին ուղղորդում է դեպի իր կուսակից չխոսկան ընկերները: Պարզվում է՝ Մինասյանի այս վերափոխումը լուրջ պատճառներ ունի եւ կապված է իշխանություններ-դաշնակցություն փոխհարաբերություններով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու ամիս առաջ Արծվիկ Մինասյանը հարցազրույց է տվել իշխանական ինտերնետային լրատվամիջոցներից մեկին, որի ընթացքում քննադատել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարությանը: Նա իր խոսքում ՀՀ Կառավարությանն հորդորել է, որ եթե չեն կարողանում տնտեսությունում ստեղծված վիճակը բարելավել, դրական արդյունք չեն արձանագրում, ապա պետք է մտածեն Կառավարության կազմի փոփոխության մասին: Մի խոսքով, այդ հարցազրույցում ոչ մի արտառոց միտք չի հնչել, դրա միակ «սկանդալը» եղել է այն, որ հեղինակը իշխանությունների եւ հատկապես ներկա Կառավարության հետ «շոկոլադնի» հարաբերությունների մեջ գտնվող Դաշնակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է:

Այդ հարցազրույցն, իհարկե, շատ արագ համացանցից հեռացվել է, սակայն դրա արդյունքում «ռազբորկաների» մի հսկայական շարք է սկսվել: ՀՀԿ-ականներից շատերը Արծվիկ Մինասյանի մոտ են գնացել՝ պարզելու, թե արդյոք Մինասյանը ՀՅԴ-ի պատվերով է նման ձեւով քննադատել Կառավարությանը: Մի կողմից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է հաշիվ պահանջել Դաշնակցությունից, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս Արծվիկ Մինասյանի հետ Կառավարության քննադատության թեմայով զրույց է ունեցել՝ հասկանալու, թե ինչու է նման բան մտածում Մինասյանը:

Անգամ ՀՀԿ ԳՄ ամառային նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս հարցը բարձրացրել է ՀՀԿ-ականների մոտ ու նշել, որ ՀՅԴ-ն օգնելու փոխարեն սկսել է քննադատել: ՀՀԿ-ի վերնախավն էլ սկսել է Դաշնակցությանը ատամներ ցույց տալ: Հանրապետականների հիմնական առարկությունը կարելի է հետեւյալ կերպ բնորոշել՝ «դուք մեզ հավերժ սեր էք խոստանում, իսկ Արծվիկը Կառավարության հրաժարականն է պահանջում»: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ ղեկավարությունը Դաշնակցությանը մեղադրել է երկակի խաղ խաղալու մեջ:

Արդյունքում, բանն այնտեղ է հասել, որ ՀՅԴ ղեկավարությունն իր կուսակցից հաշիվ է պահանջել` հարցազրույցում հնչեցրած կարծիքների համար: Ներկուսակցական «ռազբորկաները» ավարտվել են նրանով, որ Արծվիկ Մինասյանը որոշել է այլեւս ոչ մի մեկնաբանությամբ հանդես չգալ եւ ընդհանրապես անցնել ընդհատակ: Իհարկե, հետագայում, երբ արդեն մեկուկես ամիս անց ակնհայտ է դարձել, որ ՀՅԴ-ի խմբակցության «խոսափողը» լռել է, անմիջապես լուրեր տարածվեցին, թե իբր Արծվիկ Մինասյանն իր կուսակիցներից նեղացել է, քանի որ նրան տեղեկացրել են, որ ինքը գործադիրում պաշտոն չի ստանա, երբ Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ վերնախավը, որպեսզի ստիպված չլինի իր կուսակիցներին եւ լրագրողներին պարզաբանել, թե այդ ինչ է պատահել Արծվիկ Մինասյանի հետ, որոշել է վարկաբեկել Արծվիկ Մինասյանին:

Ընդ որում, այս քայլը շատ հստակ հաշվարկ է ունեցել. բնական է՝ Մինասյանն ինքը երբեք չի բարձրաձայնի եւ չի ասի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, եթե անգամ լրագրողները մեկնաբանության համար նրան դիմեն, քանի որ Դաշնակցությունում այդպես է ընդունված` ներսի կեղտոտ սպիտակեղենը երբեք դուրս չեն հանում, նույնիսկ եթե դրա հոտը ներսում եղածներին խեղդամահ է անում:

Սակայն դաշնակցականների հաշվարկները չեն ներառել հանրապետականների վարքը: Նրանք հաշվի չեն առել, որ օրերից մի օր ՀՀԿ-ականներն իրենք տեղի ունեցածի մասին կսկսեն աջ ու ձախ պատմել, գլուխ գովել, իհարկե, «հույժ գաղտնի» եւ «չհրապարակելու» պիտակներով: Ի վերջո, տեղի ունեցածի ողջ իմաստը եղել է այն, որ ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ՀՅԴ-ի ղեկավարությանը ստիպել է, որ նրանք հավատարմության երդում տան: Իսկ նման իրադարձությունները չեն կարող երկար գաղտնի մնալ:

Պարզապես ափսոս էր Արծվիկ Մինասյանը. նրան հաստատ չարժեր զոհաբերել անգամ նման խաղի մեջ:

Հ. Գ. Չի բացառվում, որ բացի ներկուսակցական խանդի դրսեւորումներից (Արծվիկ Մինասյանը հաճախ էր ՀՀ նախագահի նստավայր գնում՝ Սահմանադրության նախագծի առնչությամբ քննարկումներին)՝ այս ամենը կազմակերպել կամ ուղղորդել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որին նույն ժամանակահատվածում Արծվիկ Մինասյանը քննադատել է ԱԺ ամբիոնից՝ թերի նախագծեր խորհրդարան ուղարկելու համար: Հարցականները կատարվածում սպասվածից շատ են, որոնց կփորձենք պատասխանել առաջիկայում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս