«X-Factor» նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանին հնարավորություն էր ընձեռնվել երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ «Sony Music» ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Վրեժը դեռեւս 2012-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում: Արդեն 4 տարի է անցել Վրեժի հաղթանակից, սակայն հանրությունը դեռեւս չի լսել այդ ձայնագարությունները, չի կայացել տեսահոլովակի պրեմիերան:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց Վրեժ Կիրակոսյանից, ով տեղեկացրեց, որ երկու սինգլն էլ ձայնագրվել են, սակայն դեռ չեն թողարկվել, դրանք միասին կթողարկվեն մինչեւ տարեվերջ:
Մենք հարցրինք` ինչ կպատասխանի Վրեժը բոլոր այն երկրպագուներին, որոնք նշում են, թե «Շանթ» հեռուստաընկերությունն իր խոսքի տերը չեղավ եւ խոստացված տեսահոլովակն այդպես էլ չթողարկեց. «Այս պարագայում խնդիրը «Շանթ» հեռուստաընկերության կամ «Իքս ֆակտորի» հետ չէ կապված, պարզապես այս գործընթացով զբաղվող Sony Music-ի մոսկովյան մասնաճյուղում կազմակերպչական որոշ հարցեր առաջ եկան, որոշ ծրագրեր փոխվեցին, աշխատակազմ փոխվեց, ուստի գործընթացը ձգձգվեց: Այն դժվարությունները, որոնք ծագեցին, ինձնից չէին կախված: Խոստանում եմ մինչեւ տարեվերջ ներկայացնել տեսահոլովակը հանրությանը»,-ասաց նա:
Երգիչը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում պասիվացրել է իր գործունեությունը երգարվեստում. «Արվեստի մարդը պետք է զբաղվի միայն իր գործով, այլ աշխատանք չպետք է անի, բայց բոլորս էլ գիտենք, որ ապրուստի, կեցության խնդիր կա մեր առջեւ դրված: Այսօր, օրինակ, տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարների հետ է կապված: Այդքան գումար վաստակելու համար հարկավոր է երգել ակումբում կամ ռեստորանում, ինչն իմ սկզբունքներին պարզապես դեմ է: Դե, ես էլ հարուստ հայրիկ չունեմ, չկան պրոդյուսերներ, որոնք պատրաստ կլինեն որոշակի գումարներ ներդնել, հուսով եմ` երբեւէ կունենամ հովանավորչություն, կգտնվի մի պրոդյուսեր, ով կուզենա իմ արվեստի համար գումար ծախսել, որը, վստահ եմ, անպայման հետ կվերադառնա»,-մեկնաբանեց նա:
Վրեժը, խոսելով առաջիկա ծրագրերից, տեղեկացրեց, որ պատրաստվում է սեպտեմբերին համերգով հանդես գալ Իրանում, որտեղ կատարելու է Կոմիտաս, ներկայացնելու է նաեւ համաշխարհային մեծության դասականների: Իսկ հոկտեմբերին էլ նա մեկնելու է ՌԴ, որտեղ համերգներ է ունենալու 7 քաղաքներում:
Աննա Բաբաջանյան