Կուրթանում երիտասարդի սպանության վրեժը փորձել է լուծել հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ օգոստոսի 28-ին Լոռու մարզի Կուրթան գյուղում 16-ամյա երիտասարդի սպանության մեջ մեղադրվողի տունը նախօրեին ամբողջությամբ հրկիզվել է: Պարզվում է` տեղի ունեցածի մեջ կասկածվում է սպանվածի` Վարդան Գևորգյանի հայրը` Վահան Գևորգյանը: Վերջինս, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ձերբակալված է:

Հիշեցնենք, որ սպանության մեջ մեղադրվում է տուժածի ազգականը` 22-ամյա Սեյրան Գևորգյանը: Վերջինիս հարազատները, ըստ գյուղում շրջանառվող լուրերի, դեպքից հետո անհետացել են. ոչ ոք չգիտի` որտեղ կարող են նրանք լինել, ինչով են զբաղվում:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ Սեյրան Գևորգյանի ընտանիքին պատկանող անասնագոմն էր հրկիզվել: Այդ ժամանակ Armlur.am-ի հետ զրույցում Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանը, ով ևս սպանվածի ազգականն է, հայտնել էր, որ Վարդանի անժամանակ մահը ողջ գյուղի համար է մեծ դժբախտություն, ուստի չի բացառվում, որ գյուղում յուրաքանչյուրն իր պարտքը համարի նրա մահվան վրեժը լուծելու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ի երեկոյան հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային մասի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Վարդան Գևորգյանը, ով մինչ բուժօգնություն ցույց տալը մահացել է: Հայտնի է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հարուցված քրեական գործի շրջանակներում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով 2015թ. օգոստոսի 28-ին ձերբակալվել է Կուրթան գյուղի բնակիչ 22-ամյա Սեյրան Գևորգյանը: Նա խոստովանել է, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գևորգյանին: Ս.Գևորգյանին պատկանող «Օպել Աստրա 2.0Ի» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս