ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզում մասնակցել է ջրարբիացման համակարգի բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում մասնակցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC) ծրագրի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:

Ներկայումս Գուսանագյուղ համայնքի արետավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 995 հեկտար, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` 863 գլուխ: Ծրագրով համայնքում իրականացվել են ջրարբիացման աշխատանքներ և տրամադրվել գյուղտեխնիկա: Ծրագրի ավարտից հետո համայնքի 995 հա ջրարբիացված արոտները կարող են տարեկան ապահովել հավելյալ շուրջ 410 տ կաթի ստացում, իսկ ձեռք բերված գյուղտեխնիկան թույլ կտա 40%-ով (շուրջ 600 տ) բարձրացնել մսուրային շրջանի համար համայնքում կուտակվող անասնակերի ապահովվածությունը:

«Գուսանագյուղը հանրապետությունում 91-րդ, իսկ մարզում 18-րդ համայնքն է, որտեղ իրականացվում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը, որի հիմնական նպատակն է անասնապահության զարգացումը լեռնային այն համայնքներում, որտեղ այն ապրուստի հիմնական միջոցն է: Այս ծրագրով վերջին հինգ տարիների ընթացքում մենք կարողացել ենք բավականաչափ խնդիրներ լուծել, լեռնային 1 մլն. 50 հազար հեկտար արոտավայրերից արդեն ջրարբիացվել է մոտ 200 հազար հեկտարը, և մինչև 2019 թվականը այս ցուցանիշը պետք է հասցնել մինչև 400 հազար հեկտարի», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ փետրվար ամսից սկսել է գործել CARMAC երկրորդ ծրագիրը, որն ամբողջապես ներառելու է գյուղատնտեսության, հատկապես անասնապահության ոլորտի բոլոր արժեշղթաները: Երկրորդ ծրագրի նպատակն է անասնագլխաքանակի ավելացումից և մթերատվության բարձրացումից բացի լուծել նաև ապրանքի շուկայահանման, որակի կարգավորման, փոքր արտադրամասերի ստեղծման խնդիրներ, ինչը կնպաստի վերամշակման ճյուղի զարգացմանը:

Նախարար Սերգո Կարապետյանի խոսքով` այս ծրագրի արդյունքում վերջին տարիներին անասնապահության ոլորտում հաջողվել է գրանցել շոշափելի արդյունքներ: Մասնավորապես, միայն ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ավելացել է 3,6, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը` 7,2 տոկոսով:

Անդրադառնալով կաթի մթերման գներին, նախարարը նշել է, որ այս տարի պարենային կարևորագույն ապրանքների գների իջեցումն ունի համաշխարհային միտում, սակայն հանրապետությունում կաթի գինն արդեն սկսել է բարձրանալ և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում այն կկարգավորվի:

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին իր խոսքում նշեց, որ տպավորված է նշված թվերով, և հույս ունի, որ դրանք կնպաստեն համայնքի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը: Ընդգծելով, որ գուղատնտեսությունն ու գյուղը Հայաստանի տնտեսության սիրտն են, ՀԲ պաշտոնյան հավելել է, որ իրենց լավագույն ծրագրերը հենց գյուղական համայնքներում իրականացվածներն են:

Ընդհանուր առմամբ այս համայնքում ծրագրի շրջանակում 150 մլն դրամի ներդրում է կատարվել, որի կեսն ուղղվել է ջրարբիացման համակարգերի կառուցմանը, իսկ մնացած միջոցներով գյուղտեխնիկա է ձեռք բերվել, այդ թվում` 2 միավոր անիվավոր տրակտոր և 5 միավոր այլ տեխնիկա:

CARMAC ծրագրի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն է:

 




Լրահոս