Մի քանի օրից Տավուշի մարզկենտրոն Իջեւանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ, որոնք լարված ընթացք են խոստանում: Ինչպես հայտնի է` թեկնածուների մեջ են Իջեւանի նախկին եւ գործող քաղաքապետերը` Վարուժան Ներսիսյանն ու Վարդան Ղալումյանը:
«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ՀՀԿ-ական նշված թեկնածուների լարված հարաբերություններին: Գործող քաղաքապետ Վ. Ղալումյանն ասում է, որ եթե Վ. Ներսիսյանը չհանի թեկնածությունը, սեպտեմբերի 13-ին խայտառակ պարտություն է կրելու: Իսկ Վ. Ներսիսյանն էլ հակադարձում է, թե անցած 4 տարում Իջեւանի խնդիրները չեն լուծվել, այդ պատճառով էլ իջեւանցիներն իրեն հորդորել են դնել թեկնածությունը:
Եվ, ահա, երեկ հայտնի է դարձել, որ Վարուժան Ներսիսյանը դիմել է ոստիկանության տեղական մարմիններին՝ իրեն վարկաբեկող տեսանյութերի հեղինակներին հայտնաբերելու եւ պատժելու պահանջով: «Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերը մոնտաժված տարբերակներով տեսանյութեր են տարածում, որոնք վերաբերում են Վարուժան Ներսիսյանին:
Armlur.am-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն հայտնել է, որ իրեն տեղեկություններ են հասել, թե այս ամենը գործող քաղաքապետի ձեռքի գործն է: Նա դժվարացել է այլ հարցերի պատասխանել` նշելով միայն, որ կսպասի իրավապահների աշխատանքների արդյունքներին: Իսկ եթե նրանց չհաջողվի որեւէ բան պարզել, Վարուժան Ներսիսյանը կդիմի ավելի բարձր ատյանների:
Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ապա նա կտրականապես հերքում է իր առնչությունը նշված վարկաբեկող տեսանյութերին: Նա Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն եւս տեղեկություններ են հասել այդ տեսանյութերի մասին, սակայն վստահեցրել է, որ ինքը նման բան երբեք չէր անի. «Դա արվում է ինձ վարկաբեկելու համար: Ես նման բան երբեք չէի անի»,- հավաստիացրել է Ղալումյանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌՈՒԲԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, անդրադառնալով ԵՏՄ երկրների տարածքում ռուբլին որպես դրամական միավոր դարձնելու մասին հայտարարություններին, երեկ ասել է, որ դա մեծ վերլուծություն պահանջող խնդիր է եւ տեխնիկապես բարդ, բայց, ըստ նրա՝ գաղափարախոսությունը ճիշտ է. «Միանգամայն ընդունելի է անցումը ռուբլու, որովհետեւ միջնորդավորված վալյուտայով աշխատելը նշանակում է ռիսկի տակ դնել տնտեսությունը: Ես չեմ տեսնում այն ռեսուրսները, որ Ռուսաստանն այժմ կարող է դնել սեղանի վրա եւ կարողանա իր արժույթը, համեմատած դոլարի կամ եվրոյի, ուժեղացնել: Այդ պարագայում ձեռնտու են դառնում ներմուծումները, եւ ռուբլին վճարային միջոց սարքելը ավելի ձեռնտու կլինի»:
ՊԱՀԱՆՋ
Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող՝ հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անձանց (այսուհետ՝ ԵՏՄ-ի կազմակերպությունների) ռեեստրում ընդգրկվելու համար տնտեսավարող սուբյեկտն առձեռն, փոստային առաքման, ֆաքսի, էլեկտրոնային փոստի, պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով ռեեստր վարող մարմնին (ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն) պետք է փոխանցի դիմում՝ հետեւյալ բովանդակությամբ՝
– սննդի շղթայի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը,
– գործունեության (գործառնության) տեսակը,
– գործունեության իրականացման վայրը,
– հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
– պետական գրանցման վկայականի սերիան եւ համարը:
ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում կազմակերպությունը կարող է ընդգրկվել լիազոր մարմնի ներկայացմամբ կամ կազմակերպության համատեղ ստուգման արդյունքում: Լիազոր մարմինը կազմակերպությանը ներառում է ռեեստրում, եթե նրա արտադրական գործընթացի կազմակերպումը եւ անասնաբուժական հսկման ենթակա ապրանքները (ցանկը տեսհղմամբ) համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի եւ անասնաբուժական, ինչպես նաեւ սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ծառայության պաշտոնական կայքում՝ snund.am հասցեով: