Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Խելացի քաղաք ձևաչափը Երևանում» աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ՄԱԶԾ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) կողմից իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր:
Ներկայացնելով Երևան քաղաքում ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ քաղաքապետարանի աշխատակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ ծրագրի նպատակը Երևան քաղաքում ռիսկերի կառավարմանն ու քաղաքի կայուն զարգացմանն ուղղված նորարական մոտեցումների մշակումն ու այդ ուղղությամբ առաջարկների ներկայացումն է:
ՄԱԶԾ փորձագետ Արա Նազինյանն իր խոսքում նշել է, որ «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ կազմվել են մի քանի տասնյակ ձևաչափեր և առաջարկներ, տարբեր կառույցներ և կազմակերպություններ յուրահատուկ մոտեցումներ են առաջարկում քաղաքների և համայնքների «խելացի» զարգացման համար: Երևան քաղաքն ունի իր առանձնահատկությունները, «Խելացի քաղաք» -ի տեսլականը, քաղաքում ընթացող զարգացման գործառույթները, իրականացվող ծրագրեր և ներուժ: