Սա ցույց է տալիս, որ տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն. Թևան Պողոսյանը` Ռուբիկ Հակոբյանի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ով նաև համանուն խորհրդարանական խմբակցության ղեկավարն էր, դուրս է եկել կուսակցությունից և վայր դրել խմբակցության ղեկավարի պաշտոնը:

Այս առնչությամբ կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարություն էր տարածել և նշել, որ մամուլից է տեղեկացել Հակոբյանի` կուսակցությունից հեռանալու մասին և հավելել, որ խմբակցության ղեկավար կլինի Զարուհի Փոստանջյանը: Այսօր խորհրդարանում վերջինս չցանկացավ այս հարցով որևէ մեկնաբանություն տալ` նշելով, թե ասելիք չունի, իսկ Ռուբիկ Հակոբյանն էլ խորհրդարան չի եկել:

Armlur.am-ը այս հարցով փորձեց մեկնաբանություն ստանալ համանուն խմբակցության անդամ Թևան Պողոսյանից: Նա ընդգծեց, որ այդ մասին իմացել է համացանցից` ինչպես բոլորը և չի խոսել Ռուբիկ Հակոբյանի հետ:

«Հուսով եմ, որ առաջիկայում կլինի «Ժառանգության» նիստ, ինձ որպես խմբակցության անդամի հուսով եմ կհրավիրեն, և ես կսպասեմ», – նշեց նա:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ խմբակցությունը որևէ խնդիր չունի հետագա աշխատանքի համար: Այն դիտարկմանը, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ֆոնին խմբակցություններում ներքին հակասություններ են նկատվում, Պողոսյանը նշեց. «Սա ցույց է տալիս, որ տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներ ունեն, և պետք է կարողանան իրենց կարծիքներն արտահայտել»:

Այն դիտարկմանը, որ խմբակցություններ ձևավորելուց առաջ չպետք է այս ամեն ինչը հաշվի առնել և միասնական լինել, նա հայտարարեց. «Ես համաձայն եմ, որ խմբակցությունը ձևավորվում է նախընտրական ծրագրերով: Ես վերցնում, նայում եմ մեր նախընտրական ծրագիրը, և այնտեղ շատ ու շատ բաներ եմ տեսնում, թե ինչպես պետք է լինեն սահմանադրական բարեփոխումները, մնացածը` դուք գնահատեք»:




Լրահոս