«76 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՊՐԵԼ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Անդրանիկ Զաքարյանը նշում է, որ թատրոնում վերանորոգման աշխատանքների հետ կապված դերասանների գործն առաջիկայում հեշտ չի լինի, բայց ամեն մեկն ապրելու իր տարբերակը գտել է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ կնոջ հետ տարիներ շարունակ նույն թատրոնում խաղալու հանգամանքին` խոստովանելով, որ չի սիրում նրա հետ ընդգրկվել սիրային տեսարաններում:

-Անդրանի՛կ, Սունդուկյանի անվան թատրոնում վերանորոգման աշխատանքների հետ կապված դերասանների զբաղվածության աստիճանը չի՞ նվազել, այդ ամիսների ընթացքում որտե՞ղ եք աշխատելու, դժվար չի լինի՞ գոյատեւելը:
-Թատրոնում մեր աշխատանքը չի դադարել, մենք խաղալու ենք ներկայացումներ Պարոնյանի թատրոնում, արդեն այս ամիս նախատեսված է ներկայացնել երկուսը: Բացի այդ` կլինեն հյուրախաղեր Հայաստանի տարբեր քաղաքներում` Վանաձոր, Գյումրի եւ այլն: Այսինքն` այնպես ենք արել, որ պարապուրդի մեջ չընկնենք: Եվ հետո, մենք հնարավորություն ունենք օգտվելու Սունդուկյանի փորձասենյակներից: Դերասանների համար, իհարկե, այս ընթացքում դժվար կլինի ապրել, բայց գոնե հետո վերանորոգված բեմում աշխատելն ավելի լավ է լինելու: Դերասանների մեծ մասը բիզնես ունի, աշխատում է բոլորովին այլ բնագավառում, կան այնպիսիք, որոնք անգամ գիշերային աշխատանք են անում, հեռուստատեսությունում են աշխատում եւ այլն. այսինքն` ամեն մեկն ապրելու իր տարբերակը գտել է: Ես էլ կողքից իմ կողմնակի աշխատանքն ունեմ: Առանց ամաչելու կասեմ, որ 76 հազար դրամով մեր ղեկավարներից որեւէ մեկն ապրել չէր կարող. մեր թատրոնի երիտասարդ սերնդի աշխատավարձն այդքան է կազմում:
-Մի ժամանակ Ձեզ տեսնում էինք սերիալներում, «Կյանքի կարուսել» հեռուստանախագծում, ինչո՞ւ այլեւս էկրաններին չեք երեւում:
-Եթե լավ առաջարկ ունենամ, կընդունեմ: Մեկ տարի առաջ հրավեր ունեցա` չհամաձայնեցի. երբ տեսնում ես, որ ոչ դերասաններին, չնայած մասնագետների եւ քաղաքացիների դժգոհությանը, նկարում են երկու-երեք տարի, իսկ դերասանին ասում են` արի մի օր նկարվի, տեսնենք` ինչ կլինի, համբերությունդ արդեն սպառվում է:
-Տարիներ շարունակ Ձեր կնոջ` Արաքսյա Մելիքյանի հետ խաղում եք նույն թատրոնում, երբեմն նաեւ` նույն ներկայացման մեջ: Ձեր միջեւ ստեղծագործական վեճեր ծագո՞ւմ են:
-Շատ-շատ են լինում նման վեճեր, հաճախ իրար չենք հավանում ամենատարբեր կերպարներում, իրար հետ անկեղծորեն զրուցում ենք, եւ այդ վեճը տուն չենք հասցնում: Եվ հետո, եթե թատրոնին վերաբերող մի հարցի շուրջ վիճենք, այնպես չէ, որ դրանից հետո կինս ինձ տանը մեկ բաժակ սուրճ չի տա (ծիծաղում է): Առհասարակ, եթե կնոջս ներկայացմանն առնչվող որեւէ բան եմ ուզում ասել, աշխատում եմ մինչեւ նրա բեմ դուրս գալն այդ մասին չխոսել, որպեսզի այն, ինչ նա նախօրոք կառուցել է, չփլվի: Դերասանը շատ ըմբոստ է, երբ նրան ասում են, թե ինչ-որ բան այն չէ, նա միանգամից սկսում է պաշտպանվել: Երկու-երեք ներկայացումից հետո նոր կարելի է ինչ-որ խորհուրդ տալ:
-Ընտանեկան հարցերն է՞լ եք այդպես դիվանագիտորեն լուծում:
-Չէ, ընտանիքում`չէ, իրականում այդքան դիվանագիտորեն չեմ մոտենում ամեն ինչի, ինչպես թվում է:
-Ձեր կնոջ հետ երբեմն սիրային տեսարաններում եք խաղում. այդպես ավելի հե՞շտ է, քանի որ ստիպված չեք ձեւացնելու, թե սիրահարված եք, թե՞ բեմում սեր խաղալն արդեն ուրիշ բան է:
-Չեմ սիրում կնոջս հետ սիրային տեսարաններում խաղալ. ավելի լավ է` նրա փոխարեն ուրիշ մեկը լինի: Մի անգամ կնոջս հարցրեցի, ասացի` պատճառն ինչ է, որ մենք չենք ուզում դա, կինս ասաց` երեւի մենք մեր սերը վաղուց ապրել ենք. այսինքն` ոչ թե էլ չենք սիրում իրար, այլ այդ թրթիռները, զգացումը նոր չէ մեզ համար: Օրինակ` հեռուստատեսությունում էլ ինձ անընդհատ առաջարկում էին կնոջս հետ նման տեսարաններում խաղալ, ու թե՛ ես, թե՛ ինքը դրանից նեղսրտում էինք:
-Իսկ Բեմում Արաքսյայի համա՞ր եք ավելի շատ հուզվում, թե՞ ինքներդ Ձեր:
-Երբեմն, երբ ես երկրորդական դեր եմ խաղում, ինքը` գլխավոր, մի ակնթարթ նայում եմ, տեսնեմ` ինչ վիճակի մեջ է, պահ է լինում, նույնիսկ հուզվում եմ` հասկանալով, որ նա տվյալ տեսարանում շատ լավ է խաղում:
-Որքան գիտենք` Ձեր տղան էլ է հասցրել «բեմում փոշոտվել»: Նրան Ձեր ուղով եք տանո՞ւմ:
-Տղաս արդեն մի քանի ներկայացման մեջ խաղացել է, ինքն ասում է, թե պարզապես օգնում է թատրոնին, բայց ես ու կինս վախեցած ենք` հանկարծ դերասանի ուղին չբռնի, կուզենանք` ավելի լուրջ մարդ դառնա (ծիծաղում է)…

 

 

 
«ԸՆԿԵՐՆԵՐՍ ԻՆՁ «ՏԵՌՈՐԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ»

Երգիչ Արթուր Ալեքը չի ուզում, որ իրեն հիշեն «X Factor», «Պրեմիերա» նախագծերից. նա ուզում է ապացուցել, որ ինքը վերջին տարիներին որպես երգիչ աճել է, եւ հարկավոր է իրեն ընկալել որպես անհատ:

«Այդ մրցույթներն ընդամենը առաջին քայլ անելու հնարավորություն են տալիս, ուստի դրանց միջոցով ճանաչում ստանալուց հետո գալիս է մի պահ, որ եթե ինքնուրույն չդրսեւորվես, այն, ինչ ունեցել ես նախկինում, կկորցնես: Հիմա հենց նոր երաժշտական նախագիծ է լինում, ընկերներս ինձ «տեռորի են ենթարկում», ասում են` գնա՛, մասնակցի՛ր: Իսկ ես պատճառաբանում եմ, որ այդ մրցույթներին մասնակցելուց հետո երկար ժամանակ դժվար է լինում ազատվել դրանց անվան պիտակից, որը դաջվածքի պես կպչում է երգչին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ Արթուրը` հավելելով, որ եթե նույնիսկ որեւէ երաժշտական մրցույթի մասնակցի, դա չի լինի Հայաստանում, այլ արտերկրում:
Արթուրը, ով գրում է երգեր փոփ, սոուլ, ֆանկ ժանրերում, տեղեկացրեց, որ արդեն երկու ձայնասկավառակի համար նյութ ունի, սակայն չունի համապատասխան ֆինանսական միջոցներ` դրանք թողարկելու համար:
Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ ունի իր բենդը, որի հետ միասին հանդես է գալիս երեւանյան ակումբներում: Սակայն այստեղ էլ ազատ ստեղծագործողի համար առկա են որոշակի խնդիրներ. «Թվում է, թե ակումբ եկող մարդիկ բաց են նորությունների համար, բայց այստեղ էլ դժվար է սեփական արվեստը «ներարկելը»: Ակումբներում էլ հանդիսատեսը ցանկանում է լսել շատ հայտնի երգերի cover տարբերակներ, ակումբներն ունեն իրենց կանոնները, երգիչն էլ պետք է ստիպված հաճոյանա հանդիսատեսին: Այնինչ՝ արտիստին պետք է ազատություն տալ, այլապես դժվար է այդ սահմանների մեջ աշխատելը: Եվ եթե ակումբներում նման խնդիր կա, պարզ է, որ լայն մասսաների հետ աշխատելիս դա ավելի ցայտուն է»,-մեկնաբանեց նա:
Երգիչը նաեւ տեղեկացրեց, որ արտերկրի արտիստներից մեկի հետ համագործակցության հնարավորություն է ունեցել, սակայն այս պահին այդ գործընթացի մասին որեւէ բան ասել չի կարող. նա այն կարծիքին է, որ հետագայում էլի կլինեն նման համագորածակցություններ: Արթուրը նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում իր երկրպագուների դատին կհանձնի նոր տեսահոլովակ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՄԵՐԳԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎԵԼ
«Բումբոքս», «Ումատուրման» եւ «Ռեինկարնացիա» խմբերի երեւանյան համատեղ համերգը չեղյալ է հայտարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Բումբոքս» խումբը:
«Ընկերներ, կազմակերպիչների ակնհայտ ոչ կոմպետենտ լինելու պատճառով, մենք ստիպված ենք չեղյալ հայտարարել Երեւանի մեր ելույթը: Հայցում ենք մեր ունկնդիրների ներողամտությունը. մենք մինչեւ վերջ պատրաստ էինք ելույթ ունենալ»:
Համերգի կազմակերպիչ One production-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ «Բումբոքսի», «Ումատուրմանի» եւ «Ռեինկարնացիայի» համատեղ համերգի տոմսերը հնարավոր կլինի վերադարձնել մեկ ամսից: Հայտարարությունում նշված է նաեւ, որ տոմսերի վերադարձի հստակ օրվա վերաբերյալ կազմակերպությունը տեղեկություն կտարածի նախապես։
Ինչ վերաբերում է «Բումբոքս» խմբի գրառմանը, կազմակերպիչները NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել են, որ իրենք խմբերին տվել են նրանց կանխավճարները, եւ չգիտեն, թե ինչու են նրանք նման բան գրել։

 

Ո՞Վ ԿԳՆԱ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»
Վերջին շրջանում մամուլում լուրեր են պտտվում այն մասին, թե հաջորդ տարվա «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայաստանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ սուպեր-սթար» նախագծից: Ըստ տարածված լուրերի` Իվետայի թեկնածությունն արդեն հաստատվել է Հ1-ում, ու շուտով կհայտարարվի այդ մասին: Լուրի իսկությունը ճշտելու համար BRAVO.am-ը զրուցել է մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, ով, սակայն, հայտնել է, որ այն չի համապատասխանում իրականությանը. «Դրանք բամբասանքներ են, սակայն ուրախալի է, որ մարդիկ հետաքրքրված են այդ թեմայով»,-ասել է նա:

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Աբովյանում հոկտեմբերի 5-11-ը կանցկացվի փառատոն` նվիրված Աբովյան քաղաքի տոնին: Միջոցառումը կազմակերպում են Հայաստանի թատերական գործիչների միությունը եւ Աբովյանի քաղաքապետարանը: Ինչպես տեղեկացնում են միությունից, փառատոնի շրջանակում կցուցադրվի 10 ներկայացում` Երեւանի եւ Աբովյանի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 5-ին, Աբովյանի թատրոնին կից հրապարակում` Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ: Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը մարզում: Ներկայացումների մուտքն անվճար է:




Լրահոս