Մեկնարկեց բուժքույրական Առաջին ասիական տարածաշրջանային համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահական համակարգում բուժքույրերի կարևոր դերն արժևորելու, մասնագիտական տարբեր խնդիրները քննարկելու և համատեղ ծրագրեր մշակելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած շուրջ 50 մասնագետներին միավորել է Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական համաժողովը, որին կհաջորդի Հայաստանի երրորդ միջազգային բուժքույրական համագումարը:

«21-րդ դարում խիստ կարևորվում է բուժքույրական աշխատանքը, հաշվի առնելով, որ բժշկագիտությունը և մասնավորապես բժշկությունը ձգտում են դեպի չափագրում, թվայնացում, պրոտոկոլային մոտեցումներ: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այն մեծ գթասրտությունը, որն առկա է այս մասնագիտության մեջ չի կարող փոխարինվել ոչ մի տեսակի պրոտոկոլներով»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա գնահատմամբ` փաստ է, որ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել մարդասիրական առաքելություն:

«Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում և այս գործունեության մեջ ևս առաջնահերթությունը տրվում է որակին»,- ընդծեց Արմեն Մուրադյանը:
Նա առանձնակի կարևորեց բուժքույրերի դերը հանրային առողջապահական, կանխարգելման ծրագրերի իրականացման գործում:
Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց համաժողովի կազմակերպիչների` մեր երկրում բուժքույրական գործի զարգացմանն ուղղված երկարամյա աշխատանքը` մաղթելով բոլոր մասնակիցներին մարդկային ջերմություն և քաջառողջություն:
«Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ալինա Քուշկյանը նշեց, որ համաժողովը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին բարձրացնել պատրաստվածությունը, ծանոթանալու միջազգային փորձին:

«Համաժողովը առաջին հերթին կարևորվում է նաև բնակչության առողջության պահպանման բարելավման տեսանկյունից»,- շեշտեց նա:
Առաջին ասիական տարածաշրջանային բուժքույրական համաժողովին մասնակցում են Միջազգային բուժքույրական միության նախագահ Սիգմա Տետա Տաուն, դոկտոր Հեստեր Կլոպերը, նույն միության գործադիր տնօրեն Պատրիցիա Թոմպսոնը, տարածաշրջանային համակարգող Կլաուդիա Լայը:
Համաժողովի շրջանակում անրդրադարձ կկատարվի բուժքույրերի նաև գիտական և մանկավարժական գործունեությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցերի:




Լրահոս