«Ոչ»-ն առանցքային կետ դարձնել ու փորձել դրանով ինչ-որ բան փոխել այս երկրում, անհնարին է. Արարատ Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանի կարծիքով հանուն «Ոչ»-ի հանրային պայքար չի կարող ձևավորվել: Armlur.am-ի հետ զրույցում վերջինս տեսակետ հայտնեց, որ հասարակությանը պետք է ազատ թողնել իր ընտրության մեջ և բռնություն չկատարել նրա մտքի վրա: ՀՀՇ ղեկավարն անդրադարձավ նաև ՀՀՇ խմբակցության արդեն նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի` կուսակցությունից հեռանալուն:

– Պարոն Զուրաբյան, Սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալելու համար  «Ոչ»-ի ճակատ է ձևավորվել: Ըստ Ձեզ, այդ ուժերին կհաջողվի՞ հանրային պայքար ծավալել և ի վերջո հասնել գործընթացի կասեցմանը: 

– Հանրային պայքար չի կարող լինել հանուն «Ոչ»-ի: Հանրային պայքար կարող է լինել այն պատճառով, որ հասարակությունը դժգոհ է իշխանություններից և ցանկացած բողոքի ակցիայի պատրաստ է մասնակցել, միայն թե արտահայտի իր դժգոհությունը: Բոլորս ենք դժգոհ իշխանությունից: «Ոչ»-ի շուրջ և «Ոչ»-ն առանցքային կետ դարձնել ու փորձել դրանով ինչ-որ բան փոխել այս երկրում, անհնարին է:

– Եթե Դուք «Ոչ»-ի ճամբարում չեք, այդ դեպում որտե՞ղ եք: Ամբողջությամբ կո՞ղմ եք նախագծին:

-Պարտադիր չէ Հայաստանը բաժանել, մի գիծ քաշել, ասել` այստեղ «այո»-ի կողմնակիցներն են, այստեղ «ոչ»-ի: Այն մարդիկ, ովքեր զբաղված են «այո»-ի քարոզչությամբ, թող «այո»-ի քարոզչությունն իրականացնեն, եթե «ոչ»-ի՝ «ոչ»-ի քարոզչությունն իրականացնեն: Բայց, կարծում եմ՝այստեղ քարոզչության խնդիր չկա: Հանրությանը պետք է ներկայացնել այս ամբողջ երևույթը՝ ինչ մենք ունենք, ինչ ենք ուզում փոխել: Կողմ խոսողները պետք է իրենց արգոմենտները բերեն, դեմ խոսողները՝ իրենցը և հանրությունը գնա, ընտրի: Չի կարելի հանրության մտքի վրա մշտապես բռնություն կատարել՝ ինչ որ ճակատներ ձևավորելով կամ իշխանության լծակներ օգտագործելով ինչ որ բան անցկացնելու համար: Գտնում եմ, որ հասարակությանը պետք է ազատ թողնել իր ընտրության մեջ:

– Պարոն Զուրաբյան, ի՞նչ իրավիճակ է տիրում ձեր կուսակցությունում: Կարապետ Ռուբինյանի հեռանալը ոչ համերաշխության մասի՞ն է վկայում:

-Եթե մի մարդ, մեկ անձ հեռանում է կուսակցությունից խոսո՞ւմ է ոչ համերաշխության մասին: Չեմ կարծում, որ պետք է նման գնահատական տալ: Ցավում եմ, որ Կարապետ Ռուբինյանը հեռացել է: Կցանկանայի, որ Կարապետ Ռուբինյանը լիներ մեր կողքին: Ինքն էլ եղել է պառլամենտական կառավարման համակարգի կողմնակից: Միայն մի բան ՝ ատելությունն այս իշխանությունների նկատմամբ նրան թույլ չի տալիս հնարավոր համարել որևէ ձևով ինչ որ պրոցեսի մաս լինել, որում կարող են մասնակից լինել նաև իշխանությունները: Բայց էլի եմ ասում, նույն սկզբունքով մենք պետք է շաքարավազ չօգտագործենք, որովհետև Սամվել Ալեքսանյանն է ներկրում կամ ուրիշ ինչ-որ բան չանել: Ես գտնում եմ, որ դա նորմալ չէ:

Արփինե Թովմասյան




Լրահոս