ՀԱԿ-Ը ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՄԱՆ ՆՎԵՐ ՉԻ ԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունների նպատակը սահմանադրական փոփոխությունների նախագիծն առանց աղմուկի կյանքի կոչելն էր, սակայն իրենք դա թույլ չեն տվել: Լեւոն Զուրաբյանն այն տեսակետին է, որ իրենք կարողացել են ժողովրդին ներկայացնել, թե ում եւ ինչու են պետք սահմանադրական փոփոխությունները, ինչի արդյունքում էլ հանրաքվեի օրը հասարակությունը «ոչ» է ասելու:

-Պարո՛ն Զուրաբյան, ՀՀ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ընդդիմությունը խախտեց իր խոստումը` նոր Սահմանադրության նախագիծը բոյկոտելու ու բովանդակային քննարկումներին չմասնակցելու մասին: Նրանք մատնանշում են, որ Դուք ոչ միայն խորհրդարանում մասնակցեցիք քննարկումներին, այլեւ հանդես եկաք բովանդակային քննադատությամբ` ներկայացնելով նախագծում առկա թերությունները: Ինչո՞ւ խոստացված բոյկոտը չեղավ:
-Իշխանությունների երազանքը հենց դա է, որպեսզի մենք ժողովրդի առջեւ չբացահայտենք իրենց մշակած ծրագիրը, իրենք հենց սկզբից դրա մասին են երազել, դրա համար էլ հենց սկզբից դիմադրել են հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով այդ քննարկումները հեռարձակելուն: Հետո ստիպված եղան համաձայնել, քանի որ իսկապես շատ վատ բան էր ստացվում: Իրենք ծանր կորուստ են տարել, որովհետեւ ուղիղ եթերն ապահովվեց, ու ժողովուրդը տեսավ այն բացահայտումները, որոնք արեցինք, պարզ դարձավ, թե սա ինչ ծրագիր է եւ որ ուղղված է Ս. Սարգսյանի վերարտադրմանը: Այսօր ամբողջ ժողովուրդը դա է խոսում: Իրենք կերազեին, որ ընդհանրապես չմասնակցեինք քննարկումներին, ընդհանրապես չխոսեինք այդ մասին, իսկ իրենք էլ հանգիստ կարողանային այս ծրագիրն անցկացնել առանց աղմուկի, առանց առճակատման ու առանց որեւէ ցնցումների:
-Նշվում է, որ ընդդիմությունը կարող էր իր «ոչ»-ը քարոզել «դրսում»՝ առանց նախագծի բովանդակային քննարկումներին մասնակցելու: Այնուամենայնիվ, արդյո՞ք չեք խախտել բովանդակային քննարկման մեջ չմտնելու Ձեր՝ ի սկզբանե հայտարարած սկզբունքային դիրքորոշումը:
-Թող իրենք չորոշեն մեր ռազմավարությունը, իրենք են որոշելո՞ւ, թե մենք մեր որ լծակներն ենք օգտագործելու, որ ֆորումներում ենք հանդես գալու, իհարկե, իրենք կուզեին, որ հրաժարվեինք ուղիղ եթերի հեռարձակումից, որ չմասնակցեինք ԱԺ-ի քննարկումներին, որովհետեւ խորհրդարանական քննարկումները միշտ էլ գտնվել են հանրության ուշադրության կենտրոնում: Հիմա եթե հոժարակամ հրաժարվեինք մասնակցել այդ քննարկումներին, դա չէր լինի՞ մեծ նվեր իշխանություններին, իրենք էլ դրա մասին էին երազում, այդ հիմար գաղափարն էլ, ասում են, թե ինչու չեն բոյկոտում, թող գնան, բոյկոտեն, թող գնան, փողոցում կռիվ անեն: Իհարկե, դուք կերազեիք, որ գնայինք ու մենակ փողոցում կռիվ անեինք, բայց մենք ձեզ նման նվեր չենք տա: Կօգտագործենք բոլոր լծակները, բոլոր ամբիոններն ու հնարավորությունները՝ ժողովրդին մոբիլիզացնելու նպատակով, լինի դա փողով հանրահավաք, լիագումար նիստ, թե քարոզարշավ: Ես կարծում եմ, որ արդեն շատ բան հասցրել ենք անել, արդեն ժողովուրդը համատարած խոսում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ, դա միայն պետք է Սերժին իր վերարտադրման համար, մենք ունենք ժամանակ՝ դա ամրապնդելու:
-ԱԺ քառօրյայում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Մարալիկի ընտրություններում որպես կաշառք ՀԷՑ-ի կտրոններ են բաժանվել, սակայն ՀԱԿ-ը չի կարողանում ապացուցել դա: Արդյո՞ք այս հայտարարությամբ Կոնգրեսը չի հայտնվել վատ դրության մեջ:
-Ես չեմ նկատել, որ Կոնգրեսը վատ վիճակում է հայտնվել, մանրամասների համար ճիշտ կլինի դիմեք Արամ Մանուկյանին, նա ավելի լավ է տիրապետում:
-Նախօրեին ադրբեջանական զինուժը գնդակոծել է հայկական սահմանամերձ գյուղերը, ինչի հետեւանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Փաստորեն, ադրբեջանական ագրեսիան չեն կարողանում «զսպել» ո՛չ ՀՀ իշխանությունները եւ ո՛չ էլ միջազգային կառույցները: Ինչո՞ւ է ուշանում ոչ միայն միջազգային կառույցների, այլեւ մեր անվտանգության երաշխավորը համարվող պետության` Ռուսաստանի արձագանքը. ընդգծեմ, որ խոսքը արդեն Հայաստանի սահմանների նկատմամբ իրականացվող պերմանենտ ագրեսիայի մասին է, որը պաշտպանելու պարտավորությունը ՌԴ-ն ստանձնել է համապատասխան պայմանագրով:
-Մեր պետությունն ընդհանրապես ուշացած պետություն է, մարտահրավերներին ճշգրիտ պատասխան չի տալիս, ու դա նոր երեւույթ չէ, դա տարիների իրողություն է: Այսօրվա ՀՀ իշխանավորները ղեկավարվում են ոչ թե պետական մտածողությամբ, այլ սեփական հարստությունները կուտակելու մարմաջով: Նրանք պետական մեքենայի, պետական իշխանության լծակներն օգտագործում են՝ իրենց իշխանությունները պահպանելու, հարստությունները կուտակելու համար: Իսկ անվտանգության, տնտեսության զարգացման նպատակներն իրենց համար որեւէ առաջնայնություն չունեն. երկրորդ, երրորդ, չորրորդ տեղում են: Եթե մեր պետությունը ադեկվատ չէ, շատ դժվար է մեղադրել ՀԱՊԿ-ին, ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ին, ուշացած կամ սխալ ռեակցիաների մեջ: Եթե պետությունդ սխալ է վարվում, ինչ իրավունք ունենք մենք գնահատել որեւէ միջազգային կառույցի ռեակցիան:
-Եթե ՀՀ իշխանությունները վատն են, նշանակում է, որ չպետք է համապատասխան ձեւով արձագանքեն նաեւ միջազգային կառույցնե՞րը: Նույն ՀԱՊԿ-ն ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է, սակայն երբեք ադեկվատ ձեւով չի արձագանքում, Ռուսաստանի մասին էլ արդեն նշեցի:
-Այս իշխանությունը չի կարողացել ստեղծել ամրության մի պաշար, որը Ադրբեջանին հեռու կպահեր ագրեսիա կիրառելու որեւէ մտքից: Այդ ագրեսիան առաջին հերթին հետեւանք է Հայաստանի թուլացման: Իսկ կոնկրետ այս իրավիճակում պետք է հստակ տեսնել, թե որն է ադեկվատ պատասխանը, պետք է տեսնել, թե ինչ զինատեսակներ են կիրառվել, միգուցե ավելի կոշտ ռեակցիա տալ մեր կողմից: Շատ բան կարելի է անել ընդհուպ մինչեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում այս հարցը բարձրացնելը, նաեւ ԵԱՀԿ-ում, կան բազմաթիվ ատյաններ, որտեղ այս հարցը կարելի է բարձրացնել, բայց այս իշխանությունները դրա հնարավորությունները չունեն, որովհետեւ այդ կառույցներում չունեն վստահելիություն:

 

 

 

 
ԲՀԿ-Ն ԴԻՏՈՐԴ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՀՀԿ-Ն ԷԼ` ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ հայրենի խորհրդարանում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փոխանակվեցին «մեղադրանքներով», որոնց առանցքում, բնականաբար, սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր: ՀԱԿ-ը մեղադրեց ՀՀԿ-ին այն հայտարարության համար, թե խմբակցությունը քայքայման եզրին է, ԲՀԿ-ն հորդորեց ագրեսիվ չվերաբերել նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ իրենց այո-ին, ՀՅԴ-ն էլ կոչ արեց դավաճան չհամարել այն ուժերին, ովքեր Բաղրամյան 26 են գնացել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե իր համար անհասկանալի է` ԲՀԿ-ն այն ժամանակ ինչին էր դեմ եւ ինչին էր ոչ ասում. «Մենք բոլորի հետ ենք աշխատում, որովհետեւ պետք է կարողանանք մատուցել մարդկանց, որ ճիշտ ըմբռնեն այն իրավիճակը, որը կա: Եթե հիշում եք՝ 5-6 ամիս առաջ լրիվ այլ պատկեր էր: Քաղաքական ուժերը հայտարարում էին, որ չեն մասնակցում, բայց իրենք կարդացին ու տեսան, թե ինչ է առաջարկվում, եւ հասկացան, որ մենք անում ենք ընդդիմադիրների գործը: Այն մարդիկ, որոնք ոչ են ասում, անձնավորված են ասում, դա քաղաքական չէ: Իրենք ոչ են ասում, որովհետեւ մենք այո ենք ասում»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ մարդիկ մտածում են, թե սահմանադրական փոփոխություններից հետո նոր խորհրդարանում մեծամասնությունը դարձյալ ՀՀԿ-ն է լինելու, մի բան, որն, ըստ ՀՅԴ-ական պատգամավորի, տեղի չի ունենալու:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ, արձագանքելով ՀԱԿ-ի քայքայման մասին Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ասաց. «Եթե հաշվենք, թե 2007-ից քանի անգամ է Շարմազանովը մեզ թաղել, հնարավոր չէ: Երկնքում ինչքան աստղ կա, երեւի այդքան Շարմազանովը մեզ թաղել է: Ամեն մեր քննադատությունից հետո ասել է՝ Կոնգրեսը չկա»: Զուրաբյանը հավաստիացրեց, որ Շարմազանովի այդ հայտարարությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ նշեց, որ այո-ի քարոզարշավի ժամանակ իրենք դիտորդի դերում չեն լինելու:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԸՆՏՐՈՂԱԲԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում բազմաթիվ դժգոհություններ է ստանում՝ Էջմիածնի բնակչությունից քաղաքի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կոպիտ եւ անտարբեր վերաբերմունքի մասին: Մասնավորապես, երեկ ահազանգած քաղաքացին պատմեց, որ ինքն ուղեգրով մոտեցել է պոլիկլինիկայի ռենտգենի բաժին, իրեն անվճար սպասարկել են, սակայն պատասխանի համար կանչել են հաջորդ օրը: Իսկ մյուս հիվանդներին պատասխանը տվել են 10-20 րոպեների ընթացքում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանի հետ, որն ասաց. «Օր է լինում, որ տվյալ բաժանմունքի մոտ մեծ հերթեր են գոյանում, գուցե տեսնում են, որ պատասխանները չեն հասցնում, դրա համար էլ հաջորդ օրն են տրամադրում: Թե չէ նման խնդիր չունենք, առաջին օրն ենք տալիս պատասխանը»:

 

ՏԻԳՐԱՆԸ ՉԻ ԳՏՆՎԵԼ
Ինչպես հայտնի էր՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարել էր, որ իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նույն օրը ՀՀ ոստիկանություն է ներկայացել Տիգրան անունով մի երիտասարդ եւ ասել, որ նախկինում աշխատել է ՀՖՖ նախագահի թիկնազորում: Սակայն երբ առերեսում է կազմակերպվել Սմբատ Հակոբյանի հետ, վերջինս չի ճանաչել այս Տիգրանին: Եւ հիմա, մեր տեղեկություններով, ոստիկանները շարունակում են փնտրել «իսկական» Տիգրանին: Հիշեցնենք, որ ազատամարտիկին ծեծելու գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց տուժողը ճանաչել է:

 

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները վերջին շրջանում չեն մասնակցում ԱԺ ճեպազրույցներին: Բանն այն է, որ մի քանի անգամ ՕԵԿ-ականների մասնակցությամբ ճեպազրույցներն անցել են առանց լրագրողների կամ էլ մեկ-երկու լրագրողները լսել, լսել ու հեռացել են՝ առանց որեւէ հարց տալու եւ ասուլիսի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորելու: Հավանաբար հենց այս մերժվածությունն է եղել պատճառը, որ ՕԵԿ-ականները որոշել են նվաստացումներից խուսափելու համար ընդհանրապես չմասնակցել ճեպազրույցներին: Երեկվա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ականները լուր էին ուղարկել, որ իրենք չեն գալու: Դե, իհարկե, էլ գան, որ ինչ անեն:

 

ՉՈՐՍ ԶՈՀ
Երեկ՝ երեկոյան, հերթական գույժն ստացվեց սահմանից: Ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան նաեւ վիրավորներ:




Լրահոս