ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԹԵՐԵԼ, ՍԱԿԱՅՆ ՀԻՄԱ ԷԼ ԿԱԹ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամռան ամիսներին կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները չէին կարողանում իրացնել իրենց անարատ կաթը, քանի որ մթերող կազմակերպությունները կա՛մ չափազանց ցածր գներով` 90, 100 դրամով էին գնում, կա՛մ էլ ընդհանրապես չէին ընդունում այն: Հոկտեմբերի 1-ից կաթի մթերման գները փոքր-ինչ բարձրացել են, բայց հիմա էլ անասունների կաթնատվությունը զգալիորեն պակասել է:

Հիշեցնենք, որ ամռան ամիսներին համաշխարհային շուկայում կաթի փոշու գնի էժանացում նկատվեց, որն էլ լուրջ խնդիրներ առաջացրեց տեղական թարմ կաթ արտադրողների համար: Արդյունքում էժանացավ մթերվող կաթի գինը, ինչի պատճառով էլ որոշ անասնապահներ ստիպված եղան անասնակեր գնելու համար անասունները մորթել: Ըստ մասնագետների՝ նման զանգվածային մորթի դեպքում առնվազն երեք-չորս տարի է պետք՝ անասնագլխաքանակը լրացնելու համար:
Բայց եթե մայիսից սկսած կաթի արտադրությամբ զբաղվող գյուղացիները բողոքում էին կաթի մթերման ցածր գներից, ապա այս օրերին նրանք արդեն այլ խնդրի առաջ են կանգնած: Բանն այն է, որ սեզոնային գործոնով պայմանավորված` զգալիորեն նվազել է կովերի կաթնատվությունը:
Օրինակ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներից մեկը՝ Մովսես Խամոյանը, մայիսից մինչեւ օգոստոս օրական հավաքում էր 300-400 լիտր կաթ, իսկ հիմա ընդամենը 80 լիտր: Եւ Խամոյանի օրինակով՝ շատերը ոչ միայն Արագածոտնի, այլեւ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում:
«Կաթը 130-140 դրամով են մթերում, այն էլ այն դեպքում, երբ ես եմ տեղափոխում գործարան: Իհարկե, եթե իրենք գան, տանից տանեն, ապա ավելի էժան կհաշվեն՝ 110-120 դրամ: Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ից 10 դրամով բարձրացրել են կաթի գինը, բայց մեր ունեցած կաթի քանակությունը շատ քիչ է: Ամռան ամիսներին էր պետք թանկ գնով կաթ մթերել, հենց այդ ժամանակ մենք եկամուտ կունենայինք ու այսպես պարտքեր չէինք կուտակի, անասուն չէինք մորթի: Բայց արի ու տես, որ հակառակ է ամեն ինչ. երբ պետք է, հենց այդ ժամանակ էլ մթերման գները միտումնավոր իջեցնում են»,- վրդովված նկատեց Խամոյանը:
Նկատենք, որ այս օրերին բոլոր անասնապահները զբաղված են ձմռան ամիսներին անասունների համար անասնակեր կուտակելով, իսկ մեկ հակ որակյալ անասնակերի արժեքը կազմում է 1200 դրամ: Որոշ անասնապահներ, չունենալով դրամական միջոցներ, ստիպված գնում են էժան՝ 900 դրամանոց անասնակեր, որը որակով ավելի ցածր է եւ բացասական ազդեցություն է ունենում կաթի ինչպես որակի, այնպես էլ քանակի վրա:
Անասնապահ Մովսես Խամոյանի պատմելով՝ ինքը ամռան ամիսների ընթացքում արդեն մորթել է 15 անասուն, որպեսզի դրանով ե՛ւ ընտանիք պահի, ե՛ւ անասունների համար անասնակեր գնի: «Եւ դեռ պետք է ձմռան ամիսների համար էլ 10 անասուն մորթեմ: Բացի այս, 26 գլուխ ոչխար ունեի, դրանք էլ վաճառեցի՝ անասնակեր գնելու համար: Ես չեմ կարողանում այդ 80 լիտր կաթով ընտանիք կերակրել, ուր մնաց թե անասունների համար անասնակեր գնեմ»,- զայրացած նկատեց Խամոյանը:
Նույն գյուղի մեկ այլ անասնապահ էլ դժգոհեց «թեփ» կոչվող անասնակերի թանկացումից: «Այս ամիսներին անասունների կաթնատվությունը նվազել է. կովերը ցամաքել են, իսկ թեփը, որով այս սեզոնին մենք կերակրում ենք անասուններին՝ կաթնատվությունը փոքր-ինչ բարձրացնելու համար, շատ թանկ է: Դա ավելացնում է կաթը: Նախորդ տարի մեծ քանակությամբ թեփ գնեցի, որից մի փոքր անասունների կաթնատվությունը բարձրացավ: Անցած տարի թեփի մեկ 50 կգ-անոց պարկի արժեքը կազմում էր 2300 դրամ, իսկ այս տարի այն թանկացավ ու դարձավ 3600-3700 դրամ: Հիմա դրանից էլ ենք կտրվել»,- ներկայացրեց անասնապահը:
Իսկ, ահա, Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի անասնապահ Քյարամ Ներսիսյանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր ունեցած անասունների ոչ միայն կաթնատվությունն է նվազել, այլ անասնագլխաքանակն էլ է պակասել: «Ի՞նչ անենք, այս տարի վատ վիճակում ենք: Իբր վերամշակող ընկերությունները սկսել են թանկ գնով՝ 130 դրամով մթերել կաթը, բայց հիմա էլ մենք կաթ չունենք: Պատկերացրեք՝ 30 կովը միասին տալիս է 50 լիտր կաթ: Մինչդեռ ամռան ամիսներին 200-300 լիտր կաթ եմ հավաքել, բայց այն ժամանակ էլ մթերման գներն էին ցածր, կամ էլ չէին վերցնում վերամշակող ընկերությունները,- նեղսրտեց Ներսիսյանը՝ այնուամենայնիվ, հավելելով,- իհարկե, սեզոնի հետ է կապված կաթնատվության նվազումը»:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ ձմռան ամիսների անասնակերը նա պարտքով է գնել. «4000 հակ անասնակեր՝ 900 դրամով: Պարտք եմ 3 մլն 600 հազար դրամ: Եւ այս պարտքը վերադարձնելու համար ես դեռ պետք է 9 անասուն մորթեմ: Ձեռքիս գումար չի ընկնում, որ գնամ, միանգամից լավորակ անասնակեր գնեմ ու բերեմ, իսկ պարտքով էլ միայն մի հոգի է տալիս: Ավելին՝ իմ գնած 900 դրամ արժեքով անասնակերը վատ որակի է, դրա համար էլ էժան է: Բայց միեւնույն ժամանակ նշեմ, որ անորակ անասնակերը վատ ազդեցություն է ունենում կաթի որակի եւ կաթնատվության վրա»: Ի դեպ, Կարմրաշենի գյուղապետ Արտաշես Մելիքյանը նույնպես զբաղվում է կաթի արտադրությամբ: Սակայն վերջինս, իր ղեկավարած գյուղի բնակիչների նման կաթի մթերման խնդիր երբեւէ չի ունեցել, որովհետեւ նրա ունեցած կաթը մթերում է իր որդուն պատկանող պանրի գործարանը:
Կաթի մթերման հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ, ով նշեց, որ թեեւ կաթի մթերման գինը բարձրացել է եւ դարձել 140 դրամ, այնուամենայնիվ, կան խնդիրներ, եւ դրանք վերահսկելի են. «Ցավոք, կան կազմակերպություններ, որոնք 120-130 դրամով են կաթ մթերում, հավանաբար հոկտեմբերի 15-ից հետո գինը կբարձրացնեն»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ հնարավո՞ր է կաթնատվության նվազման հետ պանրի շուկայում դեֆիցիտ առաջանա, Բաղիյանը պատասխանեց. «Առայժմ նման երեւույթներ չեն սպասվում: Մենք մթերող ընկերությունների պահեստներում ունենք կուտակված պանիր, որը ժամանակին պետք է արտահանվեր ՌԴ, սակայն ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով չիրականացավ: Այժմ այդ պանրի քանակությունը իրացվում է ներքին շուկայում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԵՂԵՐԻ ՆՈՐ ՇՈՒԿԱՅԻ ՌԻՍԿԵՐԸ
Իզմիրլյան բժշկական կենտրոնում երեկ տեղի է ունեցել հանդիպում, որը նվիրված է եղել դեղերի եւ բժշկական նշանակության պարագաների` ԵՏՄ-ում միասնական շուկայի անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը: Մասնակիցներին ողջունել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը: Վերջինս տնտեսվարողներին ներկայացրել է նոր հնարավորություններն ու մարտահրավերները, որոնք սպասվում են ԵՏՄ տարածքում 2016 թ. հունվարի 1-ից դեղերի եւ բժշկական արտադրանքի շրջանառության նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպան ժամանակ ընդգծվել է նաեւ, որ ընդհանուր շուկան բոլոր կողմերի համար բիզնես գործունեության նույն պայմաններն է ենթադրում: Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱՆ-ն, ՀՀ ԱՆ ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, դեղարտադրողների եւ ներմուծողների միության, ինչպես նաեւ՝ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:

 

ԴԱՆԴԱՂՈՐԵՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Նավթի համաշխարհային գները սկսել են դանդաղորեն աճել: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, վկայում են սակարկությունների տվյալները: Հոկտեմբերի 2-ին նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը WTI տեսակի նավթի համար աճել է 1%-ով ու կազմել 45,23 դոլար մեկ բարելի համար: Իսկ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,7%-ով` կազմելով մեկ բարելի համար 48,01 դոլար: Ըստ լրատվական գործակալության՝ նավթի գնի աճի հիմնական խթան են հանդիսանում ԱՄՆ-ում նավթի արտահանման ծավալների նվազման մասին տեղեկությունները:

 

ԲԱՑԻ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»-ԻՑ
«Ռուսական ռումբերն ընկնում են բոլորի վրա, բացի «Իսլամական պետություն»-ից». նման վերնագրով է միջազգային մամուլը նկարագրում Սիրիայում ավիահարվածների հետ կապված Մոսկվայի հանդեպ քննադատությունը՝ արված Վաշինգտոնի կողմից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Սպիտակ տունը կրկին դժգոհել է այն բանից, թե ինչ նպատակներ են հետապնդում Սիրիայում ռուսական ինքնաթիռները: «Մոսկվան չկանխամտածված հարվածներ է հասցնում»,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Նրա խոսքով՝ ռուսական ավիացիան տարբերություն չի տեսնում «Իսլամական պետության» զինյալների եւ ընդդիմության միջեւ: ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչ Սթիվ Ուորենն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից ոչնչացված եւ ոչ մի նշանակետ կապ չի ունեցել «Իսլամական պետության» հետ: Հիշեցնենք, որ ռուսական ավիացիան սկսեց ռմբակոծել Սիրիան այն բանից հետո, երբ նման խնդրանքով ՌԴ նախագահ Վ. Պուտինը համաձայնության եկավ Դաշնային Խորհրդի հետ: Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ ռազմական աջակցության մասին խնդրանք է ներկայացրել սիրիական պաշտոնական կառավարությունը:

 
ԱԼԻԵՎՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀԸ
Ադրբեջանի Շամախինի շրջանում ձերբակալվել է անկախ լրագրող Աբուզար Ջաֆարլին, ով նաեւ հանդիսանում է «Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական կազմակերպության անդամ: Լրագրողին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 178 հոդվածով (ավազակություն): Աբուզարի հանդեպ հարուցվել է քրեական գործ, որում այսօրվա դրությամբ արդեն 8 դրվագ կա:

 

ՄՐՑՈՒՆԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման համար իր ազդեցությունն ունի նաեւ կրթության ոլորտը: Այն ներկայացված է 4 ենթաինդեքսով, որոնցից յուրաքանչյուրով էլ, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է առաջընթաց՝ համապատասխանաբար 1, 3, 4 եւ 9 կետերով: Տարրական կրթության որակի ենթաինդեքսը աճել է 7 կետով: Կրթության քանակական ցուցանիշներում հաշվի են առնվում միջնակարգ դպրոցի եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների համախառն ընդգրկվածության ցուցանիշները, որոնցով Հայաստանը զբաղեցնում է համապատասխանաբար 49-րդ եւ 59-րդ տեղերը, ինչը կրթության ոլորտի լավագույն ցուցանիշներից է: Բարձրագույն կրթության որակի գնահատականով մենք առաջ ենք գնացել 2 դիրքով, իսկ մաթեմատիկայի եւ բնագիտական կրթության որակի աճով՝ 22 դիրքով: Վերջին՝ «Վերապատրաստումը աշխատատեղերում» ենթաինդեքսն արտացոլում է վերապատրաստման հնարավորությունները եւ կազմակերպությունների՝ անձնակազմի վերապատրաստման մակարդակը: Երկու ցուցանիշներով էլ գրանցվել է առաջընթաց՝ 16 եւ 2 կետերով:

 

ՔՐԴԵՐԻՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ
Թուրքիայի հարավ-արեւլքում շարունակվում է, այսպես կոչված, հակաահաբեկչական օպերացիան: Սիլվան քաղաքում զինյալները ոչնչացրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 17 զինյալի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` քաղաքում պարետային ժամ է հայտարարվել: Հավելենք, որ նախօրեին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր Սիլվանում PKK կողմից ժանդարմերիայի երկու սերժանտների սպանության մասին:




Լրահոս